2015 թվականից սկսած ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ցորենի եւ ալյուրի ներկրման ծավալները զգալի ավելացել են: Ընդ որում, ոչ միայն ծավալներն են ավելացել, այլեւ ներկրողների թիվը: Բայց սրան զուգահեռ` հենց 2015 թվականից Հայաստանում զգալի նվազել են ցորենի տեղական արտադրության ծավալները:
Երեկ, ի վերջո, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց երկու ամիսների ընթացքում կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել էր ուսումնասիրել հացահատիկի եւ ալյուրի շուկաներում գնագոյացումը եւ խնդիրների առկայության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Այսպես` ըստ ՏՄՊՊՀ-ի` ցորենի եւ ալյուրի շուկաներում վերջին տարիներին ավելացել է նոր տնտեսվարողների թիվը, ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը: Հանձնաժողովի ներկայացրած տվյալներով` 2017 թվականին մեր երկրում ցորենի ներմուծման, տեղական արտադրության եւ իրացման ծավալները կազմել են 468 հազար տոննա: Հինգ անգամ ավելացել է ցորենի եւ ալյուրի շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների թիվը:
Այսպես` եթե 2012 թվականին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսվարող, ապա 2017 թվականին նրանց թիվը հասել է 85-ի: Ինչ վերաբերում է ալյուրի ներմուծողների թվի փոփոխությանը, ապա 2012 թվականին ալյուրի ներմուծումներ իրականացրել են 23 տնտեսվարողներ, իսկ անցած տարի այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասել է 133-ի:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012 թվականից ի վեր Հայաստանում նկատվել է ալյուրի գնի նվազման ընդհանուր միտում: Եթե 2012 թվականի վերջին եւ 2013 -ի սկզբին ՀՀ-ում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմել է շուրջ 268 դրամ, ապա 2017 թվականի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը ունեցել է 204 դրամ արժեք:
Ըստ ՏՄՊՊՀ-ի` ներկրողների թվի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ եւ ռուսական ռուբլու արժեզրկմամբ: Ալյուրի դեպքում եւս ներմուծողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին: Ինչն էլ, ըստ էության, իր բացասական ազդեցությունը ունեցավ տեղական ցորենի արտադրության ծավալների վրա: Քանի որ հենց այդ ժամանակահատվածից սկսած Հայաստանում սկսեցին նվազել նաեւ ցորենի արտադրության ծավալները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015 թվականին մեր հանրապետությունում արտադրվել է 362 հազար 700 տոննա ցորեն, 2016 թվականին` 350 հազար 400 տոննա: Իսկ ահա անցած տարի արտադրվել է 176 հազար 400 տոննա ցորեն: Այսինքն` մեկ տարվա ընթացքում ցորենի արտադրության ծավալները 174 հազար տոննայով պակասել են: Ինչի արդյունքում ավելացել են ներկրման ծավալները:
Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների` անցած տարի զգալի քանակությամբ ցորենի ներկրման պատճառը տեղական բերքի պակասն է: Գյուղացիների մեծ մասը հողատարածքների անջրդի լինելու եւ իրացման բացակայության պատճառով ցորեն չի մշակում: Ու հիմա խնդիրը փորձ է արվում լուծել այսպես. ներկրված ցորենի առյուծի բաժինը Հայաստան է բերվում ՌԴ-ից: Ու քանի որ ներկրվածն ավելի էժան է, տեղական գյուղատնտեսական արտադրանքի համար անառողջ մրցակցային պայմաններ են ստեղծվում եւ ներքին շուկայում այն անմրցունակ դարձնում: Արդյունքում գյուղացին հրաժարվում է հող մշակել, ցորեն ցանել, որովհետեւ այն այլեւս ոչ եկամտաբեր է: Բայց իրականում Հայաստանն ունակ է դառնալ ինքնաբավ երկիր եւ մեծ հնարավորություն ունի ռուսական ցորենը տեղականով փոխարինել, քանի որ ո՛չ հողատարածքների խնդիր ունի եւ ո՛չ էլ մարդկանց` ֆերմերների ցանկությունը: Բացի այս` անցած տարի Ռուսաստանի Դաշնությունում ցորենի աննախադեպ բարձր բերք են հավաքել: Ինչի արդյունքում ռուսական շուկայում առաջացել էր ցորենի իրացման խնդիր, որից եւ էժանացել էր գինը: Իսկ մեզ մոտ անջրդի տարածքներում ցորենի ինքնարժեքը կազմում է մինչեւ 85 դրամ: Նշանակում է, որ ձեռնտու չէ մշակելը, որովհետեւ դրսից ավելի էժան են ներկրում, քան մեզ մոտ աճեցրածն է:
Փոխարենը կառավարությունը ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնցից միայն օգտվում են ներկրողները: Մինչդեռ բազմաթիվ են այն գյուղացիները, որոնք չեն կարողանում իրացնել տանը տոննաներով պահեստավորած ցորենն ու գարին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՈՐԾԵՐԸ ԽԱՌՆ ԵՆ
«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պահանջելով «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձել: Փետրվարի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ եւ այդ գործով դատական նիստ նշանակել 2018 թվականի մայիսի 8-ին: «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն 2003 թվականին Իջեւան քաղաքում եւ հարակից տարածքում հեռուստահաղորդումներ է հեռարձակում: Այն անալոգային ձեւաչափով է հեռարձակում կատարում: Իջեւան քաղաքի բնակիչները թվային ձեւաչափով հեռուստածրագրեր են դիտում:
Այդ պատճառով «Իջեւան ստուդիա»-ն ներկայումս հեռուստատեսային շատ փոքր լսարան ունի: Խնդիրներ ունի նաեւ այդ հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը: Մարտի 7-ին ոստիկանության Իջեւանի բաժնում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Իջեւանի հեռուստաընկերության տնօրենը մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը` հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով») եւ 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»):
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՊՐԱՆՔ
Եվրամիության կողմից սպիններները ներառվել են վտանգավոր համարվող ապրանքների ցանկում: Սպառողների համար վտանգ ներկայացնող ապրանքների մասին արագ արձագանքման եվրոպական համակարգի կողմից ներկայացված զեկույցում նշվում է, որ սպիններները իրենցից վտանգ են ներկայացնում երեխաների համար, հատկապես լուսային սպիններները, քանի որ դրա մասերը հեշտ են միմյանցից առանձնացվում, ու երեխայի կողմից դրանց կուլ տալը տարատեսակ ներքին վնասվածքներ ու այրվածքներ կարող է առաջացնել:
Սպինները գովազդվում է որպես ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու միջոց, ովքեր զգում են անհանգստություն, օրինակ` ուշադրության պակաս, աուտիզմի, տագնապային խանգարումներ եւ այլ նյարդային էներգիայի խթան հանդիսացող հիվանդությունների դեպքում: