«ՉԿԱ ԿԱՆՈՆ, ՉԿԱ ՀԱՎԱՏԱՄՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:

-Պարո՛ն Պողոսյան, դերասան դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:
-Ծնվում են, որ դառնան:
-Համաշխարհային հռչակ վայելող դերասան, որի հետ հաճույքով կխաղայիք:
-Ժամանակին Միացյալ Նահանգներում հանդիպել եմ Ալ Պաչինոյի հետ եւ նույնիսկ նրա առաջ ներկայացումից մի հատված եմ ցույց տվել: Բարեբախտաբար, շատ դերասաններ կան, որոնց հետ կցանկանայի խաղալ: Վերջին դերակատարումներից ինձ դուր է եկել Գարի Օլդմանի մարմնավորումը Չերչիլին, հատկապես, երբ իմացա, թե նա ինչ փորձությունների միջով է անցել՝ կերպարանափոխվելով թե՛ հոգեպես, թե՛ տեխնիկապես եւ գրիմով (նրա դիմահարդարումը տեւել է 4-5 ժամ): Դա, իրոք, սխրանք է, եւ ինձ թվում է՝ նա հիանալի կատարեց Չերչիլի դերը:
-Գրական գործ, որը Ձեզ տպավորել է:
-Լեւ Տոլստոյ, «Հայր Սերգի»:
-Թեւավոր խոսք կամ ասացվածք, որի հետ համաձայն չեք:
-«Ոչինչ հավերժ չէ լուսնի տակ»: Ես համամիտ չեմ. ամեն ինչն էլ հավերժ է: Ոչինչ ուղղակի չի ստեղծվում ու ավարտվում: Ամեն ինչ իր շարունակությունն ունի: Ամեն ինչ փոխակերպվում է, բայց չի ավարտվում:
-Ձեզ համար որպես ընկեր կընտրեք ինտելեկտուալի՞ն, թե՞ անկեղծին:
-Ինտելեկտն ինձ համար մարդուն բնորոշելու չափանիշ չէ, թեեւ հաճելի է, երբ մարդ ինտելեկտ ունի: Նա կարող է որոշ բաներ չիմանա, գրքեր չկարդա, բայց այնպիսի արարքներ գործի, որ հարյուր ինտելեկտուալ չանեն դրանք: Այնպես որ, նախապատվությունը կտամ անկեղծությանը:
-Կինը երբեք իրեն չպետք է թույլ տա…
-Մտնել տղամարդու ֆունկցիաների մեջ:
-Հայրեր եւ որդիներ հարաբերություններում ո՞ւմ դերն է ավելի դժվար:
-Փոքր հասակում ավելի հեշտ է որդի լինելը, երբ մեծանում ես, հասկանում ես, որ պարտավորություններ ունես, զավակ լինելն ավելի դժվարանում է: Իսկ հայր լինելը բավական լուրջ առաքելություն է: Ես հայրերին նվիրել եմ ֆիլմերի իմ եռապատումը: Ծնող հասկացությունը շատ մեծ դեր է խաղացել իմ կյանքում: Իսկ զավակներիցս (երկու դուստր ունեմ) շատ գոհ եմ ոչ այն բանի համար, որ իմ արյունն է հոսում նրանց երակներում, այլ որովհետեւ նրանք նախ եւ առաջ շատ լավ մարդիկ են:
-Այս պահի Ձեր հոգեվիճակն ի՞նչ գույն ունի:
-Կանաչակապտավուն, ավելի ճիշտ՝ լազուր:
-Ներկայացում, որից տպավորված եք:
-Վահան Բադալյանի ներկայացումներից մի քանիսը:
-Ռեժիսոր, որը չի դադարում Ձեզ զարմացնել:
-Եթե խոսքը վերաբերում է Հայաստանին, կրկին կտամ Վահան Բադալյանի անունը, իսկ, առհասարակ, նրանք շատ են, օրինակ՝ Ջուզեպե Տորնատորե: Եվ հետո՝ զարմացնելը մի բան է, հիացնելը՝ մեկ այլ: Ինձ զարմացնել պետք չէ, պետք է հիացնել: Կարող ես ապահովել բարձր պրոֆեսիոնալիզմ, բայց հոգեկան բավարարվածության չհասցնել:
-Դերասանի կենսակերպում կա՞ մի բան, որի հետ այդպես էլ չհամակերպվեցիք:
-Այո, ամեն օր անծանոթ մարդկանց առաջ դուրս գալն ու անկեղծանալը: Ես վաղուց հրաժարվել եմ թատրոնից, բայց ոչ միայն դրա համար: Ես չեմ կարող նշված օրը դուրս գալ բեմ: Ուզում եմ դուրս գալ բեմ այն ժամանակ, երբ ինքս եմ ուզում: Այդ է պատճառը, որ ոչ մի թատրոնում չեմ գործում, կյանքի եմ կոչում իմ անձնական նախագծերը: Դա ինձ համար ոչ թե աշխատանք է, այլ ապրելակերպ եւ համոզմունք: Ես անում եմ բաներ, որոնք ինձ՝ որպես մարդու, հուզում են, ոչ թե որպես դերասանի, որին պետք է պարտադրել խաղալ այս կամ այն դերը:
-Մեկը, որից միշտ սովորում եք:
-Ես ամեն անգամ համոզվում եմ, որ վերեւում կա Աստված, նրանից եմ սովորում:
-Ձեր եւ Աստծո հարաբերությունները՝ մեկ բառով:
-Ներանձնային:
-Արվեստին առնչվող խնդիր, որ տեսնում եք Հայաստանում:
-Այսօր Հայաստանում արվեստի ոլորտում չկա կանոն, չկա հավատամք, դիրք, որը թույլ է տալիս այսինչ բանն անել, այնինչ բանը՝ ոչ: Շատերը չեն գիտակցում՝ ինչ բան է պրոֆեսիան, չեն կարողանում կանոնակարգել դա, շահի ետեւից ընկնելու պատճառով իրենց թույլ են տալիս այլեւայլություններ:
-Այս պահին ո՞րն է էկրանի հետ կապված Ձեր ամենամեծ նպատակը:
-Վերջացրել եմ աշխատանքները մի ֆիլմի շրջանակում, որտեղ հանդես եմ եկել ե՛ւ որպես դերասան, ե՛ւ սցենարիստ ու պրոդյուսերներից մեկը: Այն կոչվում է «Լորիկ»: Կարծում եմ՝ ֆիլմն ամենաուշը աշնանը կներկայացնեմ հանդիսատեսին: Հիմա «Լորիկն» ուզում է փառատոնային կյանքով ապրել, իսկ մենք չենք խանգարում նրան:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ՄԻՆԱՍԻ ՀԱՄԱՐ ՄՇՏԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՉԿԱ

Մարտի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի դասախոսություն՝ նվիրված հայ կերպարվեստի նշանավոր դեմքերից մեկին՝ Մինաս Ավետիսյանին: Դասախոսության շրջանակում փորձ է արվելու համակողմանիորեն բացահայտել մարդ-նկարիչ-լեգենդ ամբողջությունը՝ իր միջավայրի եւ ժամանակի կոնտեքստում: Իհարկե, Մինասին արժեւորելու բոլոր դրսեւորումները գովելի են, սակայն անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ մեծ նկարչին նվիրված դասախոսություն անցկացնող Ազգային պատկերասրահը արդեն տեւական ժամանակ է՝ իր հարկի ներքո Մինաս մշտապես չի ցուցադրում. պատկերասրահի երկրորդ հարկից Մինասի եւ, ընդհանրապես, այդ ժամանակաշրջանի հայ մյուս անվանի գեղանկարիչների` Հակոբ Հակոբյանի, Աշոտ Հովհաննիսյանի եւ այլոց կտավները հանվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ պատկերասրահի՝ 300 քմ տարածքը բավականացնում է ժամանակավոր ցուցադրությունների համար. «Երկրորդ հարկում ներկայացվել է Այվազովսկու ցուցահանդեսը, հիմա պատրաստվում ենք ներկայացնել Մինասինը: Նկարչի 90-ամյակին նվիրված խոշոր ցուցահանդես ենք պատրաստում, հետո 20-րդ դարի արվեստն է վերադառնալու, ներկայացուցիչներից մեկն էլ Մինասն է լինելու»-ասաց նա:
Պատկերասրահի հանրային կապերի բաժնի վարիչ Անուշ Նիկողոսյանն էլ պարզաբանեց. «Մինասի նկարները երկրորդ հարկից ոչ թե հանվել են, այլ սրահները ժամանակավորապես տրվել էին ուրիշ ցուցադրության, իսկ այդ նկարները պահվում են պատկերասրահի ֆոնդապահոցում: Պատրաստվում ենք մայիս ամսին այդ նկարների ցուցադրության: Կոնկրետ ամսաթիվ չեմ կարող ասել»: Հարցին՝ դա կլինի մշտական, թե ժամանակավոր ցուցադրություն, Ա. Նիկողոսյանը պատասխանեց. «Դա ժամանակը ցույց կտա: Մենք անընդհատ փորձում ենք թարմացնել հավաքածուն, դրսից այլ ցուցահանդեսներ բերել: Մայիսի ցուցահանդեսը հաստատ երկար կմնա պատկերասրահում, քանի որ այն սպասված է եւ մեծ աշխատանքների արդյունք է»:
Մեր հարցին, թե Մինասի կտավներն արդյո՞ք արժանի չեն մշտական ցուցադրության. «Իհարկե, արժանի են: Քանի որ հիմա պատկերասրահում հսկայածավալ աշխատանքներ են տարվում, սրահներ են վերանորոգվում, այն էլ՝ բացառապես պատկերասրահի ջանքերով, ուստի այդ աշխատանքները, ինչու՞ չէ, կմնան մշտական ցուցադրությունում, ինչպես մյուս հեղինակների գործերը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Հ.Գ. Որքան էլ Ազգային պատկերասրահի ներկայացուցիչները պնդեն, թե ասել` Մինասի նկարները հանվել են, սխալ կլինի, այնուամենայնիվ, նրա նկարները մշտական չեն ցուցադրվում: Վերոնշյալ դասախոսության մասին տեղեկատվության մեջ նշվում է. «Մինասը հայ արվեստի այն հազվագյուտ կերպարներից մեկն է, ով դեռ իր ողջության օրոք ճանաչված եւ սիրված էր հանրության կողմից, իսկ սերունդների համար լեգենդ դարձավ»: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ ճիշտ կլիներ, եթե Ազգային պատկերասրահը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ցուցադրության դներ Մինասի եւ այդ ժամանակաշրջանի անվանի գեղանկարիչներից գոնե մի քանի կտավ, այլ ոչ թե պահեր դրանք ֆոնդերում` այցելուների աչքից հեռու:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

50 ՄԼՆ ԵՎՐՈ
«Ռեալ»-ը պատրաստ է այս ամառ վաճառել թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային: Մադրիդցիները ցանկանում են ֆրանսիացու վաճառքից 50 մլն եվրո ստանալ: Նրանք ցանկանում են Բենզեմային ընդգրկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերային գործարքում:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Բենզեման Իսպանիայի առաջնությունում անցկացրած 22 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ
«Աթլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը չի ընդունել իր ակումբի` նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ առաջարկը: 26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի ամառը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն իր համար արդեն բնակարան է փնտրում Բարսելոնայում, իսկ կատալոնական ակումբը մտադիր է վաճառել մի քանի խաղացողի, որպեսզի միջոցներ հավաքի Գրիզմանին ձեռք բերելու համար:
Հարձակվողի` գործող պայմանագրով սահմանված հրաժարագինը 100 մլն եվրո է կազմում: Հիշեցնենք` ֆրանսիացի ֆուտբոլիստը 2014 թվականից է հանդես գալիս «Աթլետիկո»-ում, իսկ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման, դարձել է 21 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

ԿՀԵՌԱՑՆԵՆ ՊԱՇՏՈՆԻՑ
Նյույորքյան աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնի ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել 74-ամյա դիրիժոր Ջեյմս Լիվայնին, որը զբաղեցնում էր թատրոնի պատվավոր երաժշտական տնօրենի պաշտոնը:
Այս քայլը թատրոնի ղեկավարությունը մեկնաբանել է, որ Լիվայնը սեռական ոտնձգություններ է կատարել անպաշտպան արտիստների նկատմամբ նրանց կարիերայի վաղ փուլերում: Դրանից հետո թատրոնի ղեկավարությունը եզրահանգման է եկել, որ անընդունելի եւ անհնար է, որպեսզի պարոն Լիվայնը շարունակի աշխատել «Մետրոպոլիտեն-օպերայում»:
Հիշեցնենք, որ Ջեյմս Լիվայնը Միացյալ Նահանգների ամենահայտնի եւ վաստակավոր դիրիժորներից մեկն է: Նա Գրեմմի մրցանակի համար ներկայացվել է 37 անգամ` արդյունքում ստանալով 10 մրցանակ: Լիվայնը ստանձնել է «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնի երաժշտական տնօրենի պաշտոնը 1976 թվականից, սակայն 2 տարի առաջ լքել էր այն պարկինսոնի հիվանդության պատճառով: Այնուհետեւ օպերայի ղեկավարությունը նշանակել էր նրան, այսպես կոչված, պատվավոր երաժշտական տնօրենի պաշտոնում, եւ նա շարունակում էր երբեմն ղեկավարել նվագախումբը:




Լրահոս