Վիգեն Սարգսյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորման զորամասեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման զորամասերում:
Այցի շրջանակում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ինչպես նաև բարձրաստիճան այլ զինվորականների և հրամանատարական կազմի ուղեկցությամբ ծանոթացել է զորամասերի սոցիալ-կենցաղային պայմաններին, մի շարք շենք-շինությունների վերանորոգման, սպայական հանրակացարանների և ռազմական նշանակության այլ օբյեկտների կառուցման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Զորամասերում կայացած խորհրդակցությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետևողական և շարունակական բարձրացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին:
Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև զորամասերի սպայակազմի հետ, խոսել զինված ուժերում արդեն սկիզբ առած, ինչպես նաև առաջիկայում ծրագրվող կառուցվածքային լուրջ բարեփոխումների մասին, անդրադարձել բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղություններին, «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Դիտակետ» ծրագրերին և դրանց ակնկալվող արդյունքներին: Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ հետևողական քայլեր են ձեռնարկվում ռազմակրթական ոլորտում սպայական մասնագիտության նկատմամբ գրավչության աճն ապահովելու, և զինված ուժերն առավել բանիմաց ու հմուտ սպաներով համալրելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման և ընդհանրապես՝ նրանց սոցիալական պաշտպանության հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ տեսանելի ապագայում կյանքի կկոչվի չափազանց կարևոր նախաձեռնություն, ըստ որի՝ զիծառայողներին հիփոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորության կընձեռվի:
Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ մեկնարկած բարեփոխումների գլխավոր նպատակը մեկն է. առավել բարձր նշաձողի հասցնել զինված ուժերի պատրաստության և մարտունակության աստիճանը, որակական նոր լուծումներ գտնել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների լուծման հարցերում։




Լրահոս