«Ժողովուրդ» օրաթերթը գրոմ է. «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ում ղեկավարած կառույցն իր որոշումներով այս տարիներին լեգիտիմացրել է Հայաստանում ընտրակեղծիքներով անցկացված համապետական ընտրությունները, երեկ անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, ընդ որում, սրտառուչ կերպով:
«Զգում էի` իրավիճակն այդպիսին էր, ավտոմատները պատրաստ էին, կամուֆլյաժները հագած` մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետեւանքներ: Քննարկումների սկզբունքն այս էր` մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, վերջում երբ տեսա՝ կոնֆլիկտը չենք հաղթահարում, ես բավականին զայրացա, կյանքում ինձնից որեւէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին. ասացի՝ առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե դուք գնում եք էդ ճանապարհով»,- մարտի 1-ի օրվա մասին պատմել է նա:
Միայն թե այսօր սրտաճմլիկ խոսքեր է ասում մի անձնավորություն, որը ժամանակին ոչ միայն ճանաչել է 2008թ. այլանդակ ընտրակեղծիքներով անցկացված ընտրությունների արդյունքները (ընդ որում, համառ պնդումներ կան, որ ե՛ւ ինքը, ե՛ւ ՍԴ մյուս անդամներն այդ քայլին գնացել են Բաղրամյան 26-ի ճնշման տակ), այլեւ մասնակից է եղել հակասահմանադրական գործընթացի: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածին, ըստ որի` «Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը»։
Նախագահի ընտրություն նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից, մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ ՍԴ վճիռը։ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` 2008թ. մարտի 2-ից Երեւանում հայտարարվեց արտակարգ դրություն, որի պայմաններում չէին կարող անցկացվել նաեւ ՍԴ նիստերը: Բայց չնայած այդ հանգամանքին` ՍԴ-ն այդ օրերին ոչ միայն «աշխատեց», այլեւ կայացրեց որոշումը՝ ճանաչելով սարսափելի ընտրակեղծիքներով ուղեկցված այդ ընտրությունները»:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում