2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը: Այդ կապակցությամբ հարուցված քրեական գործն արդեն երեք տարի է` քննվում է հատուկ քննչական ծառայությունում, սակայն մինչ օրս «խոշոր ձկներից» որեւէ մեկը չի կանչվել պատասխանատվության:
2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությունը եւս խոչընդոտվել էր, սակայն այս գործով եւս սայլը տեղից չի շարժվում, եւ հիմնական պատասխանատուները ապահով ման են գալիս:
Վերջին իրադարձությունը եղավ փետրվարի 13-ին, երբ Երեւանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետարանի պաշտոնյաները` տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ, ամենակոպիտ կերպով խոչընդոտել էին լրագրողների մասնագիտական գործունեությունը, սակայն այդ փաստով մինչ օրս այս դեպքի վերաբերյալ քրեական գործ հարուցված չէ:
Եվ ահա այս պայմաններում մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել էր դատախազության ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ, ուստի պետք է օրենսդրական փոփոխություններ իրականացվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
-Պարո՛ն Թաթոյան, ՀՀ գլխավոր դատախազը եւ ՀՀ արդարադատության նախարարը լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ, եւ օրենսդրական փոփոխություններ են իրականացնում: Ըստ Ձեզ` որպես մարդու իրավունքների պաշտպան` այս օրենսդրական փոփոխությունները ի՞նչ երաշխիք կտան լրագրողներին:
-Օրենքում, ճիշտ է, կան թերություններ, եւ դա պետք է փոխել, եւ այդ նախագծի հետ համաձայն եմ, բայց գիտեք, քրեական պատասխանատվության հարցերի լուծման առումով, կարծում եմ, որ այսօր էլ բավարար հիմքեր կան: Այն պրակտիկան, որ մենք անընդհատ նշում, ենք, որ լրագրողների հանդեպ բռնությունները, ոտնձգությունները պետք է գնահատականների արժանանան, այն կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության, այնպես չէ, որ այդ նախագծի պատճառով գիտեք` մենք չենք կարողանում պատասխանատվության ենթարկել: Այլ հարց է, որ նախագծի փոփոխությունը հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ աշխատել: Բայց դա չի նշանակում, որ ենթադրենք` առանց դրա մենք չէինք հասնելու դրան:
-Արդյունքում չենք հասնում. 2015 թվական, «էլեկտրիկ Երեւան», լրագրողները ծեծի են ենթարկվում, 2016 թվական, հուլիսյան իրադարձություններ, եւ ահա փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում կրկին լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքը: Մինչ օրս կատարված դեպքերով հիմնական դերակատարներին չեն կանչել պատասխանատվության, ո՞ւմ է պետք օրենսդրական փոփոխությունը, եթե կոնկրետ գործերով որեւէ բան չի արվել:
-Այս տարվա մեր զեկույցում մենք կանդրադառնանք դրանց եւ քննադատական բաժիններ կնվիրենք: Բայց ցանկանում եմ մեկ բան ասել, չգիտեմ` տեղյակ եք, թե ոչ, մենք հրապարակել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի եւ այդ առումով պետական մարմնի պարտականության վերաբերյա : Գիտեք, ընկալումների առումով պետք է մոտեցումներ փոխվեն, չի կարելի լրագրողին դիտել որպես հակադարձ կողմում գործող անձ, լրագրողին պետք է միշտ պետական ցանկացած պաշտոնատար անձ վերաբերվի որպես ազնվության եւ բարեխղճության կանխավարկածով:
-Դուք խոսում եք մի երեւույթի մասին, որով լրագրողները որեւէ տեղաշարժ չեն տեսնում, կոնկրետ ասեք` Երեւանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել էր, ի՞նչ եք արել Դուք կոնկրետ:
-Քրեական հետապնդման հարց ենք անմիջապես բարձրացրել:
-Միջադեպի մեկ ամիսը լրացավ, արդյունք չունեք, քրեական գործ մինչ օրս հարուցված չէ:
-Մենք առաջինն եք այդ հարցը բարձրացրել, թե՛ կանանց նկատմամբ բռնության հարցը, թե՛ լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դեպքով, որովհետեւ, ճիշտ է, փոքր էր ինֆորմացիան, բայց ամեն դեպքում կար ինֆորմացիա:
-Կրկնում եմ` մեկ ամիս է անցել, Դուք բարձրացրել եք հարցը, բայց ո՞վ է Ձեզ լսել:
-Մեկ ամսում քրեական պատասխանատվության հարց չի լուծվում, սա օբյեկտիվորեն, բայց Դուք նշեցիք 2016 թվականի հուլիսյան իրադարձություններից սկսած, այդտեղ ունենք խնդիր, եւ արդյունավետությունը, կարծում եմ, ցածր է:
-Ի՞նչ եք անում Դուք` կոնկրետ այդ դեպքերով արդյունավետությունը բարձրացնելու համար:
-Այն քայլերը, որ ձեռնարկում ենք, պարբերաբար հրապարակում ենք, վերահսկողություն ենք իրականացնում մեր իրավասության սահմաններում քրեական հետապնդման մարմինների նկատմամբ` գնահատականներ տալով, որ չի ձեռնարկվում արդյունավետ միջոցներ, որ լրագրողի նկատմամբ ոտնձգություն իրականացնողը պետք է ենթարկվի հնարավորինս խիստ պատասխանատվության:
-Բայց արդյո՞ւնքը:
-Ինչ ասեմ, Ձեզ հետ համաձայն եմ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ