Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրենց երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանության 23 աշխատակիցների «անցանկալի անձ» (persona non grata) է հայտարարել՝ պահանջելով, որ մեկ շաբաթվա ընթացքում լքեն երկրի տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոսկվան հետ է վերցրել Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն բացելու իր համաձայնությունը: Դադարեցվելու է նաև Բրիտանական խորհրդի գործունեությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել է ԱԳՆ:
Մարտի 14-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնը որոշել է արտաքսել ռուս 23 դիվանագետի՝ կապված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման փաստի հետ: Բրիտանական վարչապետի խոսքով` Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է այդ միջադեպում:
Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել:
Ռուս 23 դիվանագետներ Մեծ Բրիտանիան կլքեն մարտի 20-ին: