«Սլավմեդ» ԲԿ-ում ականջախեցիների վիրահատությունը՝ լոշտակության շտկումը կատարվում է 50 տոկոս զեղչով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտարարել է ականջախեցիների վիրահատության՝ օտոպլաստիկայի համար 50 տոկոս զեղչ: Ինչպես  հայտնեց բուժկենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Էդգար Կարապետյանը, վիրահատությունները կկատարվեն կես գնով՝ 250 հազար դրամի փոխարեն 125 հազար դրամով:

Բժիշկը պարզաբանեց, որ օտոպլաստիկան ինչպես ականջախեցու ձեւի, այնպես էլ գլխի նկատմամբ նրա դիրքի շտկմանն ուղղված վիրահատություն է: Օտոպլաստիկան նաեւ ականջախեցու վերականգնումն է, որը կատարվում է վնասվածքների հետեւանքով այն կորցնելու պարագայում, ինչպես նաեւ բնածին արատների շտկման նպատակով: Էդգար Կարապետյանի խոսքով՝ ներկայումս գոյություն ունի ականջի վիրահատության անցկացման գրեթե 150 եղանակ:

Բժշկի պարզաբանմամբ՝ տարբերակում են հիմնական էսթետիկ 2 խնդիր. ականջախեցու չափերի հետ կապված՝ մակրոտիա կամ միկրոտիա (գլխի համեմատությամբ մեծ կամ փոքր ականջ), եւ գլխի համեմատությամբ խեցու դիրքի հետ կապված՝ այսպես կոչված, լոշտակություն, երբ ականջախեցուց մինչեւ գանգ հեռավորությունը նորմայից բարձր է (նորման մինչեւ 2 սմ է): Ըստ որում՝ պատահում են դեպքեր, երբ ականջախեցին ձեւավորված է, սակայն ցցված է, բայց պատահում են նաեւ դեպքեր, երբ լոշտակությունն առաջանում է այն բանի հետեւանքով, որ ձեւավորված չեն պարույրը եւ հակապարույրը: Լոշտակություն է պատահում, որը համակցված է մակրոտիայի հետ, եւ այս դեպքերում շտկվում է թե՛ ականջի դիրքը, թե՛ նրա չափն է փոքրացվում աճառային հատվածի հեռացման ճանապարհով:

Չափահասների շրջանում օտոպլաստիկան կատարվում է որպես ամբուլատոր միջամտություն՝ այսինքն տեղային անզգայացման ներքո իսկ դեռահասների շրջանում այն կատարվում է ընդհանուր անզգայացման ներքո՝ միջամտության ընթացքում նրանց հանգիստ պահելու նպատակով։ Վիրահատության ընթացքում կատարվող բարակ կտրվածքներն արվում են ականջի ետնամասում, ուստի վիրահատությունից հետո ակներեւ սպիներ չեն առաջանում։ Վիրահատության ավարտին ականջներին դրվում են վիրակապեր՝ վերականգնման փուլում դրանք անշարժ պահելու նպատակով, որը հեռացվում է մի քանի օր անց:

«Օտոպլաստիկայի ցուցումները լինում են ինչպես էսթետիկ, այնպես էլ բժշկական: Էսթետիկ թերությունների շտկման պարագայում վիրահատությունները կատարվում են բուժայցելուների ցանկությամբ: Ըստ բժշկական ցուցումների՝ հեռացվում են ականջախեցու հատվածում գոյացությունները եւ վերականգնվում են վնասվածքները»,- ասաց բժիշկը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր են ավելի հաճախ դիմում էսթետիկ վիրահատությունների՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք, ապա Էդգար Կարապետյանի խոսքով՝ դիմում են եւ՛ կանայք եւ՛ տղամարդիկ, ինչը շատ գովելի է:

Էդգար Կարապետյանի պրակտիկայում վիրահատությունների հիմնական ծավալը բաժին է ընկնում լոշտակության շտկմանը: Սակայն պատահում են նաեւ կտրված ակնաջը վերականգնելու դեպքեր, օրինակ՝ շան կծոցի հետեւանքով: «Աճառը շատ քմահաճ հյուսվածք է, այդ իսկ պատճառով շատ կարեւոր է վիրահատությունն իրականացնող մասնագետի փորձառությունը»,- ասաց նա:

Բժիշկը դժվարացավ ասել՝ ինքը օտոպլաստիկայի տարեկան քանի վիրահատություն է կատարում, քանի որ դրանց թիվը շատ մեծ է: Նշեց, որ տվյալ վիրահատությունը պահանջված է ինչպես դեռահասների, այնպես էլ երիտասարդների շրջանում: Ի դեպ վիրաբույժի խոսքով սեզոնայնության առումով գարունը բավականին բարենպաստ է նմանօրինակ վիրահատությունների իրականացման համար: Սա կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ վերականգնողական շրջանում վիրակապի կրելը ոչ մի խնդիր չի առաջացնում, քանի որ եղանակային պայմանները մեզ մոտ լավն են: Այս շրջանում վիրահատություն կատարելու համար նաեւ Հայաստան շատ են գալիս ԱՊՀ երկրներից, հավելեց վիրաբույժը՝ նշելով, որ Հայաստանում այս միջամտությունը անհամեմատ մատչելի է, քան մյուս երկրներում:




Լրահոս