ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուր շնչառական վարակներն ակտիվացել են. ինչ վիճակ է հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնագետները պնդում են, որ հանրապետությունում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը համարվում է սեզոնային բնականոն ընթացք: Բայց ըստ որոշ տեղեկությունների` հանրապետությունում, հատկապես Երեւանում, սուր շնչառական վարակները բավական գլուխ են բարձրացրել: Իսկ հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում: Դրանով է բացատրվում Երեւանի մանկական հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը:

Ինչպես հայտնի է` հատկապես այս ամիսներին ավելանում է բժշկական հաստատություններ դիմողների քանակը: Վերջին օրերին անգամ հիվանդանոցներ են եղել, որտեղ նման ախտանիշներով մանկահասակ երեխաներին միջանցքներում են բուժել: Սուր շնչառական հիվանդությունն արտահայտվում է բարձր ջերմությամբ, հազով, երբեմն էլ` անգինայով: «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում հատկապես երիտասարդ մայրերից, ովքեր պատմում են, որ սուր շնչառական վարակների ակտիվացման պատճառով իրենք իրենց երեխաներին օրերով չեն ուղարկում մանկապարտեզներ:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը եղավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան բժշկական կենտրոնում եւ զրուցեց մանկական բաժանմունքի վարիչ Անուշ Հակոբյանի հետ: Նրա խոսքով` հիվանդների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության` առողջացման դրական շարժով:

«Հատկապես այս պահին մեզ մոտ բավականին թեթեւացավ, վերջին 2-3 օրվա ընթացքում ահագին դուրսգրումներ եղան: Կասեմ, որ կա որոշ թեթեւացում նաեւ դիմելիության առումով: Այս պահին միջին ծանրաբեռնվածություն է: Ոչ միայն սուր շնչառական վարակներ ունենք, այլ նաեւ տոնզիլիտներ, այսպես ասած` անգինա, ջերմող երեխաներ, թոքաբորբով, ստամոքսաղիքային երեւույթներով, ալերգիաներով, միզուղիների վարակով եւ այլն»,- ներկայացրեց մանկական բաժանմունքի վարիչը:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս