Արդեն մեկ ամիս է՝ ինչ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դեմ ներկայացված քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումը եւ դեռ որոշում չի կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին էթիկայի հանձնաժողովից հայտնեցին, թե դիմումի քննությունն ընթանում է, երբ կավարտի, դրա մոտավոր ժամկետների, հնարավոր արդյունքներիի մասին ոչինչ ասել չեն կարող:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՊՆ Վիգեն Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում դրամահավաքի կոչով էր հանդես եկել: Օգտատերերի կողմից նախարարի կոչը միանշանակ չէր ընկալվել, Պետրոս Սարգսյան անունով օգտատերը նախարարի գրառման տակ գրել էր. «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշայության ձեւ է»: «Բոշան դու ես»,- ի պատասխան` ասել էր Վիգեն Սարգսյանը: Դատելով Էթիկայի հանձնաժողովի դանդաղկոտությունից` դժվար չէ ենթադրել, որ իրականում այդպես նպատակ կա Վիգեն Սարգսյանի դեմ ներկայացված դիմումը մոռացության տալու, ապա աննկատ, անաղմուկ մերժելու: