ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, 24.01.2018թ.-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում Ս. Թ.-ի կողմից Կ. Ս.-ին ծեծի ենթարկելու և վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել: Արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի պաշտոնատար անձը խոչընդոտել է հիշյալ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Ս. Թ.-ի հայտնաբերմանը, այն է` ոստիկանության աշխատակիցների կողմից Ս. Թ.-ի տուն կատարվելիք այցի մասին նախապես հայտնել է վերջինիս ծնողներին, և երբ ոստիկանները այցելել են հիշյալ հասցե, ենթադրյալ հանցանք կատարած անձին` Ս. Թ.-ին այնտեղ չեն հայտնաբերել:
Կատարվում է նախաքննություն:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեում ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով վկա Դ. Ե.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հրաժարվել է նախաքննության ընթացքում իր տված նախկին ցուցմունքից և հաղորդում տվել, որ իրականում ինքը չի ճանաչել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, սակայն մինչև գործով մեղադրյալ Ա. Ա.-ին իրեն ճանաչման ներկայացնելը, ՀՀ ոստիկանության Ավանի բաժանմունքի պաշտոնատար անձն իրեն հայտնել է, թե իբր Ա. Ա.-ն ընդունել է ավազակային հարձակում կատարելու հանգամանքը: Ըստ այդմ` հիշյալ ոստիկանն իրեն հորդորել է ճանաչման գործողության ժամանակ մատնացույց անել Ա. Ա.-ին` միաժամանակ հուշելով, թե վերջինս որտեղ է կանգնած ճանաչման ներկայացվածների շարքում: Հետագայում, Դ. Ե.-ն պարզել է, որ քրեական գործով մեղադրյալ Ա. Ա.-ն իրականում չի ընդունել իր կողմից հանցագործություն կատարած լինելու հանգամանքը:
Ավելին, ՀՀ քննչական կոմիտում հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը` Ա. Ա.-ն, ավազակային հարձակման դեպքի ժամանակ գտնվել է այլ վայրում:
Կատարվում է նախաքննություն: