ՇՊՀ ուսանողները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին. համալսարանում դասադուլ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի պետական համալսարանում վաղ առավոտից դասադուլ են հայտարարել սոցիալական գիտությունների եւ իրավունքի ֆակուլտետի որոշ բաժինների ուսանողները: Դասի չեն նստել, հավաքվել են բակում եւ բողոքել համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի մարտի 15-ի որոշումների դեմ, որոնք վերաբերում են համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելուն: Ուսանողները նաեւ բաց նամակ են ուղղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին եւ 3 կետով ներկայացրել իրենց պահանջը.

1) Բեկանել ռեկտորի մարտի 15-ի որոշումները եւ անհապաղ աշխատանքի վերադարձնել դասախոսներ Գ. Համբարյանին եւ Հ. Խորիկյանին,

2) ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակից ուսանողների հատուկ խմբի եւ Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ

3) ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը եւ համալսարանի պաշտոնական կայքում զետեղել 2016թ. փոփոխված եւ 2017թ.նախահաշիվները եւ նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվը: Բաց նամակն արդեն մոտ 70 ուսանող է ստորագրել, օնլայն հարթակում ուսանողներն ունեն 200-ից ավելի համակիր:

Դասադուլ հայտարարած ուսանողների կարծիքով ռեկտորի որոշումն անհիմն է, համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանն էլ պնդում է, որ համալսարանում երբեք կամայականություններ չեն եղել, ո՛չ որեւէ ուսանողի իրավունք է խախտվել, ո՛չ որեւէ դասախոսի: Եթե Սահակ Մինասյանն ազատել է դասախոսներին աշխատանքից, ուրեմն, ըստ Երվանդ Սերոբյանի, հիմքեր է ունեցել: Համալսարանի բակից ուսանողներն այնուհետեւ գնացել են Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն, ասուլիս հրավիրել եւ հայտարարել, որ լսարաններ չեն վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ աշխատանքից ազատված դասախոսները չեն վերադառնա լսարան:




Լրահոս