«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի հետ:
-Պարո՛ն Թոխյան, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմերը զեկույց էին հրապարակել, թե ՍԴ շատ որոշումներ չեն կայացվում: Դա չի՞ նշանակում, որ ՍԴ-ի հետ հաշվի չեն նստում:
-Չէ՛: Ես հարգում եմ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը, դա փաստի ամրագրում է, իրականում ինքը՝ Սահմանադրական դատարանը, իր տարեկան զեկույցներում նույնպես այդ խնդիրը մի քանի անգամ շոշափել է: Ոչ թե կարելի է ասել՝ ընդհանրապես չի կատարվում, այլ կան որոշակի որոշումներ, որոնք ձգձգվում են, ուշ են կատարում: Եղել են դեպքեր, երբ իրենք այնպես չեն կատարել, ինչպես մենք ասել ենք: Բայց դա ընդհանուր աշխարհի սահմանադրական արդարության ամենամեծ գերխնդիրն է՝ դատարանների որոշումների իրագործման մեխանիզմը:
-Սակայն փաստ է, որ ՍԴ որոշումները չեն կատարվում: Ո՞վ է այդ դեպքում իրավիճակի պատասխանատուն:
-Դուք պետք է հասկանաք, որ երեք իշխանության միջեւ դատարաններն ամենաթույլն են: Դատարանները չունեն օրենսդիր իշխանության ուժը, դա փողն է, չունեն գործադիր իշխանությանը, դա ուժայիններն են: Դատական իշխանությունն ուժ է, դա վստահությունն է, իրավունքի գերակայության ապահովումն է: Բայց հիշեք՝ որ երկրում Սահմանադրական որոշումները չեն կայացվում, այդ երկրում չկա դատական իշխանություն: Այդ պետք է լավ հասկանանք: Ես կարող եմ ասել, որ քսան տարուց ավել շատ քիչ դեպքեր են եղել, երբ Սահմանադրական դատարանի որոշումները չեն կատարվել, կամ կատարվել են ուշացումով: Դուք գիտեք, որ ՍԴ որոշումները վերաբերում են օրենքների, այսպես ասած, ապագա կատարելագործմանը, փոփոխություններին, իսկ օրենքը դա քաղաքական կամքի արտահայտություն է, որը կարող է երկար տեւել:
-Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվել է Հրայր Թովմասյանը, որը ՀՀԿ-ից էր:
-Անձնական ոչ մի հարցի չեմ պատասխանում: Ես իմ ընկերոջը սուբյեկտիվ եմ վերաբերվում: Ես սուբյեկտիվ եմ, նա իմ վաղեմի, վաղեմի, վաղեմի բարեկամն է, իմ ընկերն է: Եվ խոստացել եմ՝ ամեն հարցով հենց գա, խոչընդոտները կվերացնեմ: Նա բարձր պրոֆեսիոնալ է, բարի գալուստ դատարան: Մյուս հարցերին կպատասխանեմ նրա նշանակումից հետո: