Գաղտնիք չէ, որ մեր երկրում արտաբյուջետային միջոցները կոռուպցիայի իսկական բուն են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե նախորդ տարվա արտաբյուջետային միջոցներն ինչի վրա են ծախսվել. պատկերը բավական խոսուն է:
Եւ այսպես` հրապարակվել է 2017 թվականի ինն ամիսներին պետական բյուջեում ներառված արտաբյուջետային միջոցների ծախսերի ցանկը. տարեկան տվյալները դեռ չկան: Բայց եղածն էլ բավարար է` որոշակի պատկերացում կազմելու համար:
Եվ այսպես` ընդհանուր առմամբ նախորդ տարվա ինն ամիսներին արտաբյուջետային միջոցների ընթացիկ ծախսերը փաստացի կազմել են 22,2 մլրդ դրամ: Իսկ ծախսերը կազմել են 23 մլրդ դրամից ավելի:
Իսկ ինչպես են գերատեսչությունները ծախսել արտաբյուջետային միջոցները: Կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտները կազմել են 96 մլն դրամ, ծախսերը` գրեթե 2 մլրդ դրամ: Ստացվում է` կառավարության աշխատակազմը նախատեսածից բավական շատ է գումար ծախսել: Ընթացիկ ծախսերն այս դեպքում կազմել են 969 մլն դրամ: Միայն 41 մլն դրամից ավելի էլ ծախսվել է աշխատողների աշխատավարձի եւ հավելավճարների վրա: Մոտ 34 մլն դրամ էլ կառավարության աշխատակազմը ծախսել է համակարգչային ծառայությունների վրա, մոտ 3 ու կես մլն դրամ էլ հատկացրել են ներկայացուցչական ծախսերին: Այլ խոսքով` խմիչք ու «բոնբոներկա» են գնել, եւ այսպես շարունակ:
Արդարադատության նախարարությունն էլ ծախսերի հարցում չի զիջում: Գերատեսչության ընթացիկ եկամուտները կազմել են գրեթե 294 մլն դրամ, ծախսերը` 281 մլն դրամից ավելի: Նախարարությունը աշխատողների աշխատավարձերի եւ հավելավճարների հարցում գումար չի խնայել. ծախսվել է 28 մլն դրամ: Սակայն սա դեռ ամենը չէ: Արդարադատության նախարարությունը պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ է բաշխել, որոնք կազմել են ոչ ավել, ոչ պակաս 226 մլն դրամ: Արտասահմանյան գործուղումների համար էլ գերատեսչությունն արտաբյուջետային միջոցներից 563 մլն դրամ է ծախսել:
Ետ չի մնում նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը: Արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտների նախահաշիվը եղել է 303 մլն դրամ, ընթացիկ եկամուտները կազմել են գրեթե 376 մլն դրամ, ծախսվել է 180 մլն դրամից ավելի: Նախարարությունը գրեթե 145 մլն դրամ հատկացրել է պարգեւատրումներին, դրամական խրախուսումներին եւ հատուկ վճարներին: 21 մլն դրամից ավելի էլ ուղղվել է շարունակական ծախսերին: Գործուղումների եւ շրջագայությունների համար ծախսերը կազմել են 4 մլն 259 հազար դրամ: Ներկայացուցչական ծախսերին ուղղվել է 4 մլն 611 հազար դրամ: Արտգործնախարարության ընթացիկ եկամուտները 375 մլն դրամից ավելի են կազմել, ծախսերը` 426 մլն դրամից ավելի: Միայն 363 մլն դրամ գերատեսչությունն ուղղել է այլ ծախսերին: Տրանսպորտային սարքավորումների համար էլ նախարարությունը 23 մլն դրամ է ծախսել, վարչական սարքավորումների համար` 7 մլն 579 հազար դրամ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատկերը եւս բավական խոսուն է. ամենակոռումպացված գերատեսչություններից մեկը համարվող այս նախարարությունում արտաբյուջետային միջոցները վատնում են բավական մեթոդաբար: Ընթացիկ ծախսերը կազմել են 57 մլն դրամ, իսկ ծախսել է նախարարությունը ավելի քան 170 մլն դրամ: Թե ինչին են ուղղվել այս ծախսերը այն դեպքում, երբ քաղաքացիների ո՛չ կենսաթոշակի, ո՛չ էլ նպաստի բարձրացում չի եղել, կարող ենք միայն եզրակացնել: Սակայն դժվար չէ գուշակել, որ սոցապնախարար Արտեմ Ասատրյանն այս միջոցներն իր մտերիմների կազմակերպություններին տրամադրած կլինի:
Նախարարության կապիտալ դրամաշնորհները պետական համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին կազմել են 113 մլն դրամ: Սոցապը նաեւ նվիրատվություններ է արել ոչ կառավարչական` հասարակական կազմակերպություններին` 57 մլն դրամի չափով: Բավական կլորիկ գումար է ծախսել կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Ընթացիկ եկամուտները կազմել են գրեթե 290 մլն դրամ, իսկ ծախսերը` գրեթե 194 մլն դրամ: Մոտ 43 մլն դրամ տրամադրվել է պարգեւատրումներին, դրամական խրախուսումներին եւ հատուկ վճարներին: Իսկ ոստիկանության կողմից ոչ թե կլորիկ, այլ չափազանց չաղլիկ գումարներ են ծախսվում արտաբյուջեից: Ոստիկանության ընթացիկ եկամուտները կազմել են, ուշադրությո՛ւն, 12 մլրդ 802.000 դրամից ավելի, ծախսվել է 12 մլրդ 918.000 դրամից ավելի: Աշխատողներին աշխատավարձի եւ հավելավճարի տեսքով տրվել է 6 մլրդ դրամից ավելի: Գրեթե 5 մլրդ դրամ էլ ոստիկանությունը ծախսել է ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման համար:
Այս տվյալները հերթական անգամ փաստում են, որ մեր երկրում իշխանություններն անխնա մսխում են արտաբյուջետային միջոցները: Որոշ նախարարությունների դեպքում այնպիսի տպավորություն է, որ դրանք գոյատեւում են միայն արտաբյուջետայինի հաշվին:
Մեկ փաստ էլ. Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորումից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նաեւ «վերացնել նախարարությունների, պետական այլեւայլ գերատեսչությունների, ինչպես եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները»: Գործադիրի անդամներն ամեն կերպ փորձում էին արդարանալ, թե արտաբյուջետային միջոցները չեն մսխում, դրանք հույժ անհրաժեշտ են եւ այլն: Իրականությունը, սակայն, միանգամայն հակառակի մասին է վկայում. գործ ունենք չարաշահումների եւ վատնումների հետ:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ