ԱՄՆ-ում այս օրերին ակտիվորեն քննարկվում է պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլլերսոնի հեռացումը, ինչը որոշակիորեն աննախադեպ ստացվեց ամերիկյան եւ, ինչու ոչ, անգամ միջազգային քաղաքական հարաբերություններում: Դոնալդ Թրամփի որոշումը ոչ միանշանակ է ընդունվել երկրի քաղաքական շրջանակների մոտ` հանգելով լուրջ դժգոհությունների: Եվ խնդիրը ոչ միայն Թրամփի քայլն է, այլեւ այն եղանակը, որը նա ընտրել էր` իր իսկ նշանակած պետքարտուղարին պաշտոնանկ անելու համար:
Թիլլերսոնի ու Թրամփի հարաբերությունները, ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների, բավականին լարված էին պաշտոնակալությունից ի վեր: Նախագահը ամեն կերպ ցանկանում էր պետքարտուղարի պաշտոնում Թիլլերսոնից ստանալ արտաքին քաղաքականության խոսնակի կարգավիճակ, որը ոչ միայն ինքնուրույնություն չպետք է ցուցաբերեր, այլեւ հնազանդորեն կատարեր նախագահի հրահանգներն ու փոխանցեր նրա մտքերը օտարերկրյա գործընկերներին: Իրականում Թրամփը այնքան էլ մեծ բան չէր պահանջում, քանի որ յուրաքանչյուր երկրի արտաքին գործերի նախարարը արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններում նախ եւ առաջ պետք է հանդես գա իբրեւ իր ղեկավարի խոսքի փոխանցող, հետո միայն բանակցող: Այլ հարց է, թե որքանով են լուրջ ու հիմնավոր նախագահի սահմանած քաղաքական առաջնահերթությունները:
Թիլլերսոնի պաշտոնավարման առաջին իսկ ամիսներից պարզ դարձավ, որ նախագահի ու պետքարտուղարի մոտեցումներն ավելի շատ են տարբերվում, քան կարելի էր պատկերացնել: Ամիսներ առաջ ամերիկյան պարբերականները, հղում անելով կառավարության ներսում իրենց աղբյուրներին, պնդում էին, որ փակ նիստերից մեկի ավարտին, դժգոհ լինելով Թրամփի վարքագծից ու կայացրած որոշումից, մասնավոր շրջանակներում Թիլլերսոնը կոպտագույն, նույնիսկ հայհոյախառը ածականի ուղեկցությամբ նախագահին հիմար էր անվանել: Իսկ ավելի հետաքրքիր էր, որ պետքարտուղարը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ձեւակերպման մասին հարցին, չէր էլ հերքել իր խոսքերը, ինչը հաստատապես խոցել էր ինքնասիրահարվածի համարում ունեցող Թրամփին: Վերջինս, որը ատում է իր հասցեին նվազագույն իսկ քննադատություն հնչեցրած անձանց, չէր կարող կուլ տալ նման վիրավորանքը: Եվ այդ շրջանից ի վեր` նրանց հարաբերություններն ավելի էին սրվել` հաճախ անհարմար իրավիճակներ առաջացնելով: Այսպես` վերջերս իր ասիական շրջագայության ընթացքում` ճաշի ժամանակ, բազմաթիվ հյուրերի ներկայությամբ Թրամփը Թիլլերսոնին հրահանգել էր աղցան ուտել: Թեպետ վերջինս հումորով փորձել էր շտկել վիճակը, սակայն հրապարակային նվաստացումը իր գործն արդեն արել էր: Թրամփի այսօրինակ վերաբերմունքը, սակայն, իր գագաթնակետին հասավ պետքարտուղարին թվիթերի միջոցով հեռացնելու ժամանակ:
Ըստ էության, Թրամփը քաջություն չունեցավ դեմ առ դեմ խոսելու Թիլլերսոնի հետ եւ նրան անձամբ հայտնելու պաշտոնանկության լուրը: Ավելին` ԱՄՆ պետքարտուղարը այդ պահին գտնվում էր Աֆրիկայում եւ բանակցություններ էր վարում աֆրիկյան մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ եթե ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Քելլին նրան նախապես չտեղեկացներ սպասվող պաշտոնազրկման մասին, Թիլլերսոնը փաստի առաջ կարող էր կանգնել: Անպատկերացնելի է, թե ինչ կարող էր կատարվել, եթե բանակցությունների սեղանի առաջ կողմերը թվիթերով իմանային, որ նախագահը հեռացրել է իր պետքարտուղարին:
Սակայն առավել կարեւոր է, որ Թրամփն ու Թիլլերսոնը միմյանց հետ լուրջ տարաձայնություններ ունեին արտաքին քաղաքականության գրեթե բոլոր հարցերում: Օրինակ` պետքարտուղարը հակված էր եվրոպական դաշնակիցների հետ ավելի ջերմ հարաբերություններին, իսկ Թրամփը շեշտում էր ֆինանսական շահերը: Ռուսաստանի հանդեպ Թիլլերսոնը ավելի կոշտ վերաբերմունքի կողմնակից էր: Նա օրեր առաջ միանշանակ պնդել էր, որ ՌԴ շրջանակներն են թունավորել բրիտանական լրտեսին, մինչդեռ Սպիտակ տունը պաշտոնապես այլ կարծիք էր հայտնել: Նույնիսկ Հս. Կորեայի հետ բանակցություններում Թիլլերսոնը կոչ էր անում չշտապել, սակայն Թրամփը առաջ ընկավ ու հերքեց իր պետքարտուղարին` հրապարակավ հայտարարելով, թե պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ: Երկուսի տարակարծություններից ամենասուրը թերեւս վերաբերում էր Իրանի խնդրին, քանի որ Թիլլերսոնը պնդում էր Օբամայի ստորագրած համաձայնագիրը պահպանելու եւ ընդամենը վերափոխումներ անելու վրա, մինչդեռ Թրամփը ձգտում է չեղարկել այն: Արդեն կասկած չկա, որ առաջիկայում Թրամփը միակողմանիորեն չեղարկելու է Իրանի հետ կնքված համաձայնագիրը` նոր լարվածություն առաջացնելով թե՛ Մերձավոր Արեւելքում, թե՛ Եվրոպական գործըներների հետ հարաբերություններում: Անգամ կարելի է չբացառել Իրանի դեմ ռազմական օպերացիայի հավանականությունը: Այս համատեքստում կարող է խիստ սրվել իրադրությունը մեր տարածաշրջանում ոչ միայն ամերիկա-իրանյան հարաբերությունների լարվածությամբ, այլեւ Արցախյան ճակատում, երբ գերտերությունները միմյանց հետ հաշիվներ պարզելիս կարող են փորձել պղտոր ջրում ձուկ որսալ: Այս իրավիճակում Հայաստանից ակնկալվում է մեծագույն շրջահայացություն, որտեղ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է չառաջնորդվի նեղ-անձնական ու կլանային շահերով` պետությունը գերտերությունների պայքարում մանրադրամ չդարձնելու համար:
Ն. Հովսեփյան