Մարտի 14-ին հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, թե Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել` առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու եւ հայտարարագրելու, ինչպես նաեւ առանց մաքսատուրքի վճարման թույլատրել է ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն անձամբ, այնպես էլ նույն մաքսային կետում ծառայություն իրականացնող ավագ մաքսային տեսուչի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել եւ ստացել է կաշառք:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ մաքսային տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ մաքսային տեսուչը` դրան օժանդակելու կասկածանքով: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի բնակիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձերբակալված մաքսային տեսուչներից մեկը` 1984թ. ծնված Արթուր Մարգարյանը, այդ գյուղի բնակիչ է: Նա ամուսնացած է, բնակվում է Երեւանում, սակայն հաշվառված է Բագրատաշենում: Բագրատաշենում գտնվող իրենց տանը բնակվում են Արթուրի ծնողները: Արթուրի հայրը` Կարապետ Մարգարյանը, այժմ կենսաթոշակառու է, նախկինում աշխատել է Բագրատաշենի մաքսակետում, ասել է, թե Արթուրը «տոհմիկ» մաքսային աշխատող է: Արթուր Մարգարյանը Բագրատաշենի մաքսային կետում աշխատող բագրատաշենցի միակ մաքսային ծառայողն էր, այդ մաքսակետում աշխատում են նաեւ բագրատաշենցի բանվորներ: Վերջին ժամանակաշրջանում Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ մաքսային ծառայողների գերակշիռ մասին Բագրատաշենի մաքսակետից ազատել են:
Դա կապված է այն բանի հետ, որ մաքսային ոլորտում թուլացել են Տավուշի մարզպետ, նախկինում Բագրատաշենի մաքսակետի երկարամյա պետ Հովիկ Աբովյանի դիրքերը: Մաքսակետից կրճատված նոյեմբերյանցի աշխատողները Հովիկ Աբովյանի կադրերն են: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները, ովքեր հաճախ հատում են հայ-վրացական սահմանը, գործի բնույթով շփվում Բագրատաշենի մաքսակետի աշխատողների հետ, ասում են, որ մաքսակետում կոռուպցիան ամենեւին էլ չի նվազել, որքան էլ այդ մասին մաքսային ոլորտի պատասխանատուները տարփողում են: Իրավիճակին իրազեկ անձինք վկայում են, որ այդ մաքսակետում աշխատանքի ընդունվածները պատահական մարդիկ չեն, նրանք ունեն հզոր ծանոթներ, որոնց միջնորդությամբ են գործի տեղավորվել: Մաքսակետի աշխատողների զգալի մասը Երեւանի կամ Արարատյան դաշտի բնակիչներ են, նրանցից շատերը 200 կմ կտրելով` Բագրատաշեն են հասնում տաքսիներով: «Չոր» աշխատավարձով յոլա գնալու դեպքում այդ աշխատողները պարբերաբար Երեւանից Վրաստանի սահման չէին հասնի:
Ոսկան Սարգսյան
Տավուշ