Ջիվան Գասպարյանի 90-ամյակի առթիվ պապ ու թոռ հանդես կգան համերգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի լրանում է դուդուկահար Ջիվան Գասպարյանի 90-ամյակը։ Այդ առթիվ հոբելյարը եւ նրա թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, հոկտեմբերին հանդես կգան համատեղ համերգով։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ջիվան Գասպարյան կրտսերն ասաց. «Ուզում եմ Հայաստանում ակտիվացնել ելույթներս, նախորդ տարի, օրինակ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում ունեցա համերգ, իսկ այս տարի Ջիվան Գասպարյանի 90-ամյակի առթիվ համերգով հանդես կգանք արդեն միասին»:

Դուդուկահարը նաեւ նշեց, որ ինքն ու մի քանի այլ երաժիշտներ մտադիր են բենդ ստեղծել եւ ստուդիա բացել. «Խմբում ընդգրկված կլինեն նաեւ հարվածային գործիքներ, բաս-կիթառ, կիթառ նվագող երաժիշտներ, հավանաբար՝ 4 հոգի։ Դա շատ հետաքրքիր նորություն կլինի։ Մենք կկատարենք մեր գրած գործերը։ Աստված տա՝ այս տարի կարողանանք կյանքի կոչել այդ նպատակը»։
Ջիվան Գասպարյան կրտսերը համագործակցում է արտերկրի մի շարք երաժիշտների, խմբերի ու դիջեյների հետ։ Նրանց թվում են դիջեյ Կաշմիրը, «Վիզա» խումբը։

««Վիզա» խմբի հետ, օրինակ, ալբոմ ենք ձայնագրել, պատրաստվում ենք մեկնել համերգների»,-ասաց մեր զրուցակիցը։
Դուդուկահարը նաեւ պատմեց, որ շարունակում է թողարկել ջազային, բլյուզային ռիթմերի ուղեկցությամբ եւ կենդանի նվագակցությամբ գործեր։
«Դա ինձ համար բոլորովին նոր մոտեցում է, նոր հնչողության ապահովում, իմպրովիզացիա։ Արվում է հնարավորը, որ գեղեցիկ մելոդիաներ ստանանք»,-շեշտեց Ջիվան Գասպարյան կրտսերը։

Հարցին, թե ավելի շատ Հայաստանում է լինում, թե Միացյալ Նահանգներում, դուդուկահարը պատասխանեց. «Գնում-գալիս եմ, ժամանակը գիտի։ Բայց տունս, միանշանակ, Հայաստանն է»։

Մենք հետաքրքրվեցինք՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում կա՞ն արդյոք նոր, թարմ մոտեցում ունեցող դուդուկահարներ. «Իհարկե, ունենք հետաքրքիր մտքերով երիտասարդներ, որոնք աշխատում են իրենց վրա, նրանց խորհուրդ կտամ, որ լսեն տարբեր երաժիշտների ու ամեն մեկից մի բան սովորեն»,-եզրափակեց նա։

Անի Անտոնյան




Լրահոս