Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը 8% անկում են գրանցել, որի հետեւանքով ընկերության գլխավոր տնօրենի եւ խոշորագույն բաժնետեր Մարկ Ցուկերբերգի կապիտալը նվազել է ավելի քան 6 միլիարդ դոլարով:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, անկումը գրանցվել է մարտի 19-ին բրիտանական Cambridge Analytica ընկերության շուրջ ծագած սկանդալի ֆոնին: Պարզվել էր, որ այն անձնական նպատակներով օգտագործել է սոցցանցի ավելի քան 50 մլն օգտատերի անձնական տվյալները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Facebook-ը մեղադրել էր բրիտանական Cambridge Analytica ընկերությանը, որը զբաղվում է տվյալների վերլուծությամբ, սոցցանցի ավելի քան 50 մլն օգտատերի տվյալ գողանալու համար:
Խնդիրը ծագել էր մի քանի տարի առաջ, երբ Cambridge Analytica ընկերությանը օգտվել է Facebook-ի հավելվածներից մեկի տվյալներով՝ անձի հոգեբանական դիմանկար կազմելու համար:
Այդ հավելվածը տեղադրել էր մոտ 270.000 օգտատեր՝ փոխանցելով անձնական տվյալները: Ավելի ուշ Cambridge Analytica ընկերությանը հայտարարեց, թե ոչնչացրել է ստացված տեղեկատվությունը, սակայն ինչպես հետո պարզվեց, ոչ բոլոր տվյալներն էին հեռացվել: