Արևմտյան ագրեսիան օգնեց Վլադիմիր Պուտինին. Սոբչակը հիասթափեցրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած նախագահի ընտրություններում Վլադիմիր Պուտինը ընտրվել է ձայների մեծ թվով տարբերությամբ: Նա ստացել է ձայների 76.67 տոկոսը: Նախորդ ոչ մի ընտրության ժամանակ նա այդպիսի ճնշող առավելությամբ հաղթող չէր դարձել: Ռուս փորձագետ Օլեգ Պահոլկովն այդպիսի բարձր ձայների պատճառը տեսնում է Արեւմուտքի հռետորաբանության մեջ:

-Պարո՛ն Պահոլկով, որքանո՞վ էին ՌԴ նախագահի ընտրություններում գրանցված արդյունքները սպասելի Ձեզ համար:

-Գիտեք, այն որ Վլադիմիր Պուտինն է հաղթանակ տանելու, կասկած չէր առաջացնում շատերի մոտ: Չնայած վերջին շրջանում աճում էր Գրուդինիի վարկանիշը, որը ինչ-որ պահի կարող էր փոխել իրավիճակը: Ընդ որում, ամեն ինչ ավելի լուրջ հետեւանքների մասին էր խոսում, եւ մի պահ թվում էր, թե նույնիսկ կարող է ընտրությունների երկրորդ փուլ լինել: Ամեն դեպքում Գրուդինինի սրընթաց աճող վարկանիշը դրա մասին էր վկայում: Սակայն վերջին 2-3 շաբաթներին մեր արեւմտյան գործընկերները շատ մեծ օգուտ բերեցին Վլադիմիր Պուտինին: Դա ե՛ւ բրիտանացիների պահվածքն էր, ե՛ւ Օլիմպիադայի ժամանակ առաջացած խնդիրները, ե՛ւ Պորոշենկոյի ելույթը: Եվ այս դեպքում Պավել Գրուդինինի վարկանիշը սկսեց անկում ապրել: Իհարկե, նա նորություն էր ռուս իրականության մեջ, սակայն նա միլիարդատեր է եւ ելակների առեւտրով է զբաղվում: Եվ երբ սկսվեց ագրեսիվ հռետորաբանություն ՌԴ-ի հանդեպ, իհարկե, Պուտինն այդ դեպքում ընկալվում է որպես համայն ռուսների պաշտպան, այդ պատճառով էլ նման ձայների քանակ ստացվեց: Ընդ որում, աննախադեպ էր նաեւ մասնակցության թիվը: Ագրեսիվ հռետորաբանությունը հանգեցրեց նրան, որ ռուսները սկսեցին հավատալ, թե Պուտինը փրկիչ է եւ կարող է պաշտպանել նրանց:

-Դուք մի անգամ ասել էիք, թե Քսենիա Սոբչակը երկրորդ տեղն է զբաղեցնելու: Հիասթափվա՞ծ եք: Ինչո՞ւ նա չընդունվեց:

-Անկեղծ ասած, ես շատ խորը հիասթափված եմ Սոբչակի արդյունքներից: Դա զարմանալի էր ինձ համար, եւ ես կարծում եմ, որ դա իր նախընտրական շտաբի անձնական խնդիրներն էին: Նա սխալ թիմ հավաքեց իր շուրջը եւ ոչինչ չկարողացավ անել այս հարցում, չնայած շատերը հավատում էին, որ նրա կողքը կարող են բազմաթիվ մարդիկ հավաքվել: Սակայն նա ոչինչ չկարողացավ անել, եւ ես կրկնում եմ, որ այդ ամենը նրա շտաբի պատճառով եղավ: Նա առաջին անգամ էր քաղաքականության մեջ, եւ իր թիմը չկարողացավ ոչինչ անել, միայն մեծ գումարներ վատնեց: Բացի նրանից, որ Սոբչակը խելացի է, ուրիշ ոչինչ անել չկարողացավ: Նա ուներ բոլոր հնարավորությունները` ավելի շատ ձայներ հավաքելու:

-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս են անցել ընտրությունները:

-Զարմանալի կերպով ընտրությունները շատ հանգիստ են անցել, ինչի մասին վկայում են նաեւ դիտորդները: Մարդիկ, ինչպես երբեւէ, իսկապես եկել էին ընտրության, եւ այդ առումով ռեկորդ է գրանցվել: Ես կրկին ասում եմ, որ այդ ամենին նպաստել է Արեւմուտքը: Դեռեւս մեր միջազգային գործընկերներին պետք է շնորհակալություն հայտնեն` մարդկանց այդպես մոբիլիզացնելու համար Պուտինի շուրջ: Իհարկե, նորի հանդեպ ձգտումը կա բոլոր վայրերում, այդ թվում Ռուսաստանում, եւ Գրուդինինը սկզբում դարձավ այդ նորը, նրա վարկանիշն անգամ տոկոսի էր հասնում, սակայն երբ արեւմտյան գործընկերները մեծացրին ճնշումը, Գրուդինինը կորցրեց վստահությունը: Մարդիկ հասկացան, որ դժվար պայմաններում պետք է վստահել ռազմական մարդու, այլ ոչ թե ելակներ աճեցնող գործարարի:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս