Լրագրողները երեկ հնարավորություն ունեին մասնակցելու Երեւանի ավագանու նիստին. քաղաքապետարանը դեռեւս չի համարձակվում կիրառել լրագրողների իրավունքները սահմանափակող կարգերը: Սակայն, ինչպես պնդում են «ժողովուրդ»-ի աղբյուրները, նրանք այդ քայլին կգնան առաջիկայում, աննկատ` մինչ այդ, իհարկե, փորձելով ստեղծել հիմքեր:
Երեկ պարզվեց՝ պատրաստ է քաղաքապետարանում լրագրողների համար հատկացված տարածքը, որտեղից վերջիններս հնարավորություն են ունենալու հետեւել ավագանու նիստերին, թեեւ երեկվա նիստում եւ առաջիկա նիստին եւս լրագրողներն իրենք են ընտրելու՝ որ տարածքից հետեւել, մինչ աշխատանքի հետ կապված վերջնական կանոնակարգումները կարվեն: Երեկվա նիստն իր թեժ լինելով այնքան էլ չէր զիջում նախորդ նիստին, թերեւս տարբերությունն այն էր, որ ՀՀԿ-ականներն ավելի ակտիվ էին, սակայն զուսպ, եւ միակ բացառությունը հայտնի Լեւոն Իգիթյանն էր՝ իր գռեհիկ արտահայտչաձեւերով: Երեկվա նիստում նույնիսկ ելույթ ունեցան ավագանու ՀՀԿ խմբակցության այնպիսի անդամներ, որոնք թերեւս երբեք չէին մոտեցել ամբիոնին կամ որեւէ նախաձեռնությամբ հանդես չէին եկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ի անդամներն ակտիվ լինելու հստակ հրահանգ ունեն, որպեսզի նրանց չասոցացնեն միայն ձեռք բարձրացնողների հետ: Երեկվա նիստում ավելի շատ բանավեճեր տեղի ունեցան «Ելք» եւ «Երկիր Ծիրանի» խմբակցությունների միջեւ, հատկապես Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխելու հարցի քննարկման ժամանակ, որի միջնամասում «Ելք»-ի անդամները նաեւ լքեցին դահլիճը: Հետաքրքիրն այն է, որ 10 հարցից բաղկացած օրակարգում «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված երկու աղմկահարույց նախագծերն ընդգրկված էին օրակարգի սկզբում եւ իրար հետեւից:
Սա անշուշտ պատահական չէ արված, որի մասին բարձրաձայնեցին նաեւ «Ելք»-ի անդամները: Բանն այն է, որ այդպես ՀՀԿ-ականները փորձում են շեղել թե՛ հանրության, թե՛ լրատվամիջոցների ուշադրությունն արդեն օրակարգում ընդգրկված վերջին հարցերից, որոնք կարող են հետաքրքիր մանրուքներ պարունակել: