Սերժ Սարգսյանն անակնկալի է բերել ՀՀԿ-ականներին. ինչո՞ւ են նրա նյարդերը տեղի տվել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սերժ Սարգսյանի՝ tert.am-ին տված հարցազրույցը, որով վերջինս փակագծեր է բացում եւ, ըստ էության, հայտարարում է, որ ինքն էլինելու ՀՀԿ-ի ՀՀ վարչապետի թեկնածուն, անակնկալ է եղել հանրապետականների համար:

Երեկ մասնավոր զրույցներում Սարգսյանի կուսակցիները խոստովանում էին, որ սպասում էին մոտավորապես նման մի հայտարարություն, բայց ոչ այսքան շուտ:

Ու հիմնական հարցը ՀՀԿ-ականների շրջանում (եւ ոչ միայն) հետեւյալն էր՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը շտապեց եւ մինչեւ վերջ չպահեց ինտրիգը. ՀՀԿ-ի պլանը հետեւյալն էր՝ ապրիլի 16-ին վարչապետի թեկնածու են առաջադրելու, 17-ին ընտրելու են նրան:

Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը լքելու է նախագահի պոստը եւ մինչեւ ապրիլի 17-ը որեւէ պաշտոն չի ունենալու: Միաժամանակ, ապրիլի 9-ին հրաժարական է տալու գործող կառավարությունը:

Այսինքն, մի ամբողջ շաբաթ Հայաստանում գործադիր իշխանություն չի լինելու: Այդ օրերին փողոցային պայքար սկսելու պլաններ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով :

Եթե հանկարծ ժողովուրդն իսկապես փողոց դուրս գա եւ պատրաստակամություն ցուցաբերի՝ իր ձեռքը վերցնել իշխանությունը, ՀՀ-ում լրիվ այլ իրավիճակ կստեղծվի, իշխանափոխության նոր հնարավորություն:

Թերեւս հենց այս հեռանկարից էլ Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա շտապել է ասել այն, ինչ ասաց նախօրեին»:

Ավելi մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս