
Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի հիվանդանոցում են շարունակում մնալ Հայաստանից ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհային պատահարի հետեւանքով 9 տուժածները: Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:
Տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսի վիճակը կայուն ծանր է:
Տուժածներից վեցը շարունակում են մնալ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Բժիշկների գնահատմամբ՝ նրանցից երկուսն այսօր հնարավոր է դուրս գրվեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտի 20 առավոտյան «Դոն» Մ4 ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին Երեւանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսը բախվել է բեռնատարին: Զոհվել է 2 մարդ: Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի Միացյալ հերթապահ-ենթակարգավարական ծառայության տեղեկություններով՝ վթարի պատճառը ավտոբուսի հանդիպակաց ուղեմաս դուրս գալն է: