Գորիսում ամփոփվել են 2017թ. բնակարանաշինության ծրագրի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը միտված է հնարավորինս մեղմելու տան խնդիր ունեցող, հեռավոր մարզերում բնակվող ընտանիքների սոցիալական բեռը: Հաջողված գործընկերության 2017 թվականի արդյունքներն ամփոփվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ բնակարանամուտ է տոնել նախորդ տարվա ծրագրով շահառու դարձած 3 ընտանիք: Երկուսին հաջողվել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, իսկ մեկին՝ տանիքի նորոգման և բնակարանի ներքին հարդարման աշխատանքները:

Գորիսում բնակվող Գյուրջյանների բազմանդամ ընտանիքն անցել է տարիների հոգսաշատ ճանապարհ, սակայն շարունակում է հայրենի հողում արմատներ գցել: Ակսելն ու Ռուբենը Գյուրջյանների յոթ զավակներից երկուսն են: Փոքր բնակմակերեսի պատճառով, ընտանիքներով հայրական տնից առանձնացած եղբայրները տարիներ շարունակ ապրել են վարձով: Նրանց հայրը՝ Ալբերտը, տասնամյակներ առաջ էր սկսել տան շինարարությունը՝ որդիներին տան տեր դարձնելու մտադրությամբ, սակայն կիսակառույցի պատերն այդ տարիների ընթացքում այդպես էլ մնացել էին անավարտ:

Միջոցների արդյունավետ կառավարման շնորհիվ, գործակցող կողմերին հաջողվել է ապահովել երկու բնակարանամուտ:

«2017թ.-ի բնակարանաշինության ծրագրում այս տան կառուցումը եզակի էր. մեկ ծրագրի ֆինանսական հաշվարկով հնարավոր եղավ աջակցություն ցուցաբերել երկու ընտանիքի՝ որևէ մեկին չզրկելով բարեկեցիկ ապրելու հնարավորությունից: Դեռ պարզ չէ, կշարունակվի ծրագիրն այս տարի թե ոչ, սակայն, այս տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլև ողջ անձնակազմի նվիրումն անգնահատելի դարձան ինչպես մեր, այնպես էլ նման ընտանքների համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

«Թվում է՝ վաղուց արդեն չափահաս մարդիկ ենք և հրաշքներին չէ, որ պետք է հավատանք: Սակայն մեզ համար դա կատարվեց. ամենամեծ նվերը տունն էր, և մենք այն ունեցանք: Մեր վաղեմի երազանքն իրականացավ: Երեխայի պես հուզված ու շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի հայրը՝ Ակսելը:

Ռուբենն իր ընտանիքով վարձով ապրելու կարգավիճակին հրաժեշտ է տվել ամանորից հետո: Տան իրերի վերջնական տեղափոխումը բառացիորեն ավարտվել է այդ օրերին:

Հանրապետության տարբեր մարզերում, անցած տարվա ընթացքում տուն ունենալու երջանկությունը վայելել է 13 ընտանիք: Նրանցից վեցի աջակցությունն իրականացվել է Ռալֆ Յիրիկյանի անձնական միջոցներով:

Վեց տարվա ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրն ընդգրկել է Հայաստանի 56 համայնք: Շահառու է դարձել 150 ընտանիք:




Լրահոս