«Եթե փողոցում 100 հազար կամ 200 հազար մարդ լինի, իշխանությունը բռնի քայլի չի գնա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն Հայաստանի փրկության», ինչպես նաեւ նորաստեղծ «Փոխելու ենք» նախաձեռնությունները պայքարելու են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Պայքարի մարտավարության եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է այդ կառույցի նախաձեռնող խմբի անդամներից Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք իրականացնելու Ձեր պայքարը:

-Մոբիլիզացնել հանրությանը, որպեսզի փողոցային պայքարը ստացվի:

-Եթե պայքարը չհաջողի, եւ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, ի՞նչ ենք ունենալու արդյունքում:

-Ունենալու ենք ավելի ավտորիտար երկիր, բռնություններն ավելի շատ են լինելու իշխանության կողմից: Եվ ցանկացած մարդ, ով փորձի պայքարել, իշխանությունը փորձելու է կիրառել այն մեթոդները, որոնք, օրինակ, այսօր կիրառել է Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ, որը քաղբանտարկյալի կարգավիճակում էր, եւ իրեն նստեցրին: Ամեն քաղաքացի պետք է հասկանա, որ իր որոշումից շատ բան է կախված: Սերժ Սարգսյանի վերջին տարիների ձախողումները հուշում են, որ ապագան ավելի վատ է լինելու: Եվ դրանից խուսափելու համար` անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ պայքարեն:

Այդ դեպքում իշխանությունը կվարանի՞ բռնի ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ, թե՞ հնարավոր կլինի խուսափել դրանից:

-Կարծում եմ` հնարավոր կլինի, եթե փողոցում շատ մարդ լինի: Եթե փողոցում 100.000 կամ 200.000 մարդ լինի, իշխանությունը նման քայլի չի գնա, դժվար կլինի նրա համար այդ քայլին գնալ: Պայքարը հաջողելու համար կարեւոր է, որպեսզի մարդիկ միանան, նաեւ քաղաքական ուժեր: Բայց եթե կան տարաձայնություններ, դա դեռ չի նշանակում, որ պայքարը չի շարունակվելու: Կարծում եմ` հնարավոր է` այլ ձեւաչափով համագործակցության տարբերակներ լինեն:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս