«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը երեկ դատապարտվեց 10 տարի, հինգ ամսվա ազատազրկման: Ըստ այդմ, դատավորն ապացուցված համարեց, որ ՍԷֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով: Իսկ հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ: Միայն թե, նկատենք, Սէֆիլյանին դատապարտել են մի արարքի համար, որը ինքն ըստ էության չի կատարել՝ խոսքը զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ շենքեր-շինություններ գրավելու մասին է:
«Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե իշխանությունները Սէֆիլյանի հետ այս կերպ փորձում են հաշվեհարդար տեսնել եւ դրա համար իրենց պատճառներն ունեն: «Ամենաառաջինն այն է, որ ի տարբերություն մեծ թվով քաղաքական գործիչների` Սէֆիլյանը միշտ եղել է աննկուն, սակարկությունների չգնացող անձնավորություն: Սէֆիլյանը վաճառվողներից չի եղել: Սերժ Սարգսյանին երբեք չի հաջողվել գնել Սէֆիլյանին», – նշեց նա:
Մեղադրող դատախազը պահանջել էր 11 տարվա ազատազրկման դատապարտել Սեֆիլյանին` որպես ապացույց վկայակոչելով, օրինակ, «տարաբնույթ սադրիչ ելույթները, կոչերը»: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ մեղադրական եզրակացությունում նշված է, թե Սէֆիլյանն անկախ իր կամքից ավարտին չի հասցրել մտադրությունները, սակայն այդպես էլ մանրամասնած չէ, թե ինչու: Օրինակ` նշված է, թե 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նա Նորքի հեռուստաաշտարակը գրավելու փոխարեն ընդամենը հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում:
Ենիգոմշյանի խոսքով` Սէֆիլյանը բազմաթիվ անգամ ապացուցել է այս իշխանությունների իրական դեմքը, եւ բավական է հիշել 800 հեկտարի պատմությունը, երբ նրան բոլորը հերքեցին, սակայն օրեր անց հաստատեցին անգամ Սերժ Սարգսյանի շուրթերով: Դիտարկմանը` ինչից են վախենում իշխանությունները, Ենիգոմշյանը նկատեց. «Այս կերպ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ինչ է լինում այնպիսի մարդկանց հետ, ովքեր փորձում են պայքարել հանուն ժողովրդի: Սէֆիլյանի նկատմամբ այս «պատիժը» նաեւ օրինակ ծառայելու նպատակ է հետապնդում»:
Սակայն Ժիրայր Սէֆիլյանն այդպես էլ ցուցմունք չի տվել, ճառով հանդես չի եկել, նույնիսկ վերջին խոսքի իրավունք չի ունեցել: Ուշագրավն այն է, որ երկար ձգված դատավարության կեսից ավելիին Սէֆիլյանը նույնիսկ չի էլ մասնակցել, քանի որ նրան մշտապես այս կամ այն պատճառով հեռացնում էին նիստերի դահլիճից: Դատական ամբողջ գործընթացն ուղեկցված է եղել բազմաթիվ խախտումներով: Մասնավորապես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բազմաթիվ սանկցիաներ է կիրառել մեղադրյալների, փաստաբանների, նույնիսկ դատավարությանը ներկա լինող Սէֆիլյանի համակիրների հանդեպ:
Սէֆիլյանի գործով անցնող Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Այստեղ դատարանն ազնիվ գտնվեց եւ հաշվարկեց մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ այսօր Գեւորգ Սաֆարյանը, ըստ էության, դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման: Սաֆարյանի նկատմամբ պատիժը Ենիգոմշյանը եւս իշխանությունների կողմից մյուսներին ուղղված ազդակ է համարում, հատկապես երիտասարդներին:
Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը եւ Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը եւ Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման: Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման պատժի արժանացավ մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը: Նա միակն է, որ դատարանում Սէֆիլյանի դեմ ցուցմունք է տվել: Մյուս մեղադրյալները պնդել են, որ գործը շինծու է, բարձրաձայնել են, որ ճնշումների են ենթարկվել քննիչների կողմից, իրավապահները փորձել են ցուցմունքներ կորզել Սէֆիլյանի դեմ, ոմանք նույնիսկ հայտարարել են, որ անձամբ չեն ճանաչում Սէֆիլյանին եւ միայն հեռուստացույցով են տեսել:
Հավելենք, որ Ժիրայր Սէֆիլյանը բարձրագույն պետական պարգեւի՝ Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանի ասպետ է: Ռոբերտ Քոչարյանի օրոք` 2007 թվականին, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման` ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեղադրանքով: Հետագայում Եվրոպական դատարանը վճռեց, որ Սէֆիլյանի իրավունքները խախտվել են: Ընդ որում, նրա անունը գրված է եղել նաեւ պատմության դասագրքերում, սակայն վերջին երկու տարում այն պարզապես հանվել է: «Դա մանրահոգության փայլուն օրինակ է: Իշխանությունները պատրաստ են անգամ պատմությունը կեղծել»,- մեզ հետ զրույցում արձանագրեց Ենիգոմշյանը` հավելելով, թե իշխանություններին վախեցրել են նաեւ ժողովրդին մոբիլիզացնելու Սէֆիլյանի հնարավորությունները:
Նաիրա Հովհաննիսյան