Եթե Քոչարյանին կանչեն, ուրեմն Սերժ Սարգսյանին էլ պետք է կանչեն հարցաքննության. Գոռ Քլոյանի հայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանին  մերժեց 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության առաջարկությունը, ընդ որում՝ մերժեց առանց լուրջ քննարկումների: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է մարտի 1-ին զոհերից Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի հետ:

-Պարո՛ն Քլոյան, Երեւանի ավագանու նիստում մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կագնեցնելու հարցն էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ իշխանությունները մերժեցին արձանը տեղադրելու որոշման նախագիծը:

-Բնական է, որ պետք է մերժեն: Այս իշխանությունն է սպանել տասը քաղաքացիներին, ուրեմն ինչո՞ւ պետք է ընդունեն: Սա քաղաքական եւ սպասելի որոշում էր: Արձանը կարող է տեղադրվել միայն այն ժամանակ, երբ սպանությունների մեղավորները պատժվեն, իսկ մեղավորները կպատժվեն միայն իշխանափոխությունից հետո:

-Ավագանու նիստի ժամանակ, «Ելք» խմբակցությունն առաջարկեց նիստը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը; Ոտքի կանգնեցին միայն «Ելքի» ու «Երկիր Ծիրանիի» անդամները, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ամեն տարի Ազգային ժողովում հանրապետականները ոտքի կանգնում են, թե ինչու ավագանին չկանգնեց ոտքի, դա արդեն իրենց խղճի հարցն է:

-Մարտի 1-ի գործով կարծես որոշակի տեղաշարժ կա. դատախազության ցուցումով հատուկ քննչական ծառայությունն ուսումնասիրելու է փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը՝ այդ իրադարձություններին զինված ուժերի ներգրավման մասին: Ակնկալիքներ ունե՞ք:

-Իհարկե ոչ: Ակնկալիքներ կունենամ միայն իշխանափոխությունից հետո: Իսկ այժմ այդ հարցը կրկին քննարկվում է միայն ժամանակ շահելու ու որոշ հանգամանքներ մեղմացնելու համար: Ես դա կապում եմ ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հետ: Սա ընդամենը շոու է:

-Կարծիք կա, որ այդ զեկույցն ուսումնասիրելու ընթացքում նաեւ պետք է հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, որը ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն էր, հետեւաբար հրաման ինքն է տվել: Ի՞նչ եք կարծում` սա հնարավո՞ր:

-Ո՛չ: Երբեք չեն կանչի Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության, եթե կանչեն Քոչարյանին, ապա Սերժ Սարգսյանին նույնպես պետք է կանչեն: Սերժ Սարգսյանը նման բան թույլ չի տա:

-Բայց տպավորություն է, որ կարծես Սերժ Սարգսյանը փորձում է մարտի 1-ի պատասխանատվության սլաքներն ուղղել Քոչարյանի ուղղությամբ:

– Եկեք շատ չխորանանք, ես չեմ ուզում քաղաքականացնել, հիմա այդ հարցերի մեջ մտնել:

-Մարտի 1-ի գործը քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հիմա ի՞նչ փուլում է այն գտնվում, ի՞նչ նորություններ ունեք Եվրոպական դատարանից:

-Եվրոդատարանում հարցուպատասխանի փուլը ավարտվել է, այժմ սպասում ենք դատավճռին:

-Ի՞նչ դատավճիռ եք ակնկալում:

-Դատավճիռը, միանշանակ, ի օգուտ մեզ է լինելու: Հուսով եմ, որ նախարարների կոմիտեն կհետեւի սպանությունների բացահայտմանը, եւ մենք կստանանք բարոյական փոխհատուցում:

Լյուսի Պողոսյան




Լրահոս