ՇՊՀ-ի ռեկտորը ստորագրահավաք է սկսել ազատված դասախոսների դեմ. ահազանգում է նախկին դասախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը սոցցանցի իր էջում գրում է. «Խայտառակությունները Շիրակի պետհամալսարանում զավեշտալի բնույթ են ստանում: Հավաստի տեղեկությունների համաձայն` ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, մարտի 21-ին իր մոտ է հրավիրել ֆակուլտետների դեկաններին եւ հրահանգել վերջիններիս ամբիոնների վարիչների միջոցով ստորագրահավաք սկսել Գ. Համբարյանի եւ Հ. Խորիկյանի դեմ:

Սա արդեն ծիծաղելի չէ: Սա արդեն ողբերգություն է եւ զավեշտ: ՇՊՀ-ում ուսումնական գործընթացը խափանած եւ բուհը ծնկի բերած ռեկտորի գլխացավանքը շարունակում են մնալ Համբարյանն ու Խորիկյանը, նույնիսկ այն բանից հետո, երբ մարտի 15-ին վերջիններս ապօրինաբար ազատվեցին աշխատանքից: Ստորագրահավաք կազմակերպելով` Սահակ Մինասյանը երկու նպատակ է հետապնդում.

1.ստուգել մեր «ծպտյալ» կողմնակիրցներին: Այսինքն` ով չստորագրեց ուրեմն Համբարյանի եւ Խորիկյանի կողմնակիցն է:

2.մարտի 24-ին սպասվող շոու-հավաքին ընդառաջ Սահակ Մինասյանը փորձում է մի «ծանրակշիռ» փաթեթով հանդես գալ եւ ապացուցել իր հյուրերին, որ ամբողջ բուհը ուղղակի ատում է Համբարյանին եւ Խորիկյանին:

ՇՊՀ ռեկտորի այս քայլերը եւս մեկ ապացույց են, որ Սահակ Մինասյանի համար մարդիկ ընդամենը գործիք են: Ռեկտոր Մինասյանի համար Շիրակի պետհամալսարանում 1937 թիվն է: Հետաքրքիր է,ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը տեղյա՞կ են ՇՊՀ ռեկտորի մարդկաց նվաստացնող եւ իրավունքները ոտնահարող այս ծրագրից:

Ըստ տեղեկությունների` ռեկտորը հրամայել է բոլորին ստորագրել հակահամբարյանական եւ հակախորիկյանական թղթի կտորը: Ըստ մշակված ծրագրի` ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այդ ամենը կներկայացնի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ դա կլինի այն ապացույցը, որ Սահակ Մինասյանի ընդունած որոշումը հիմնավորված է: Այսինքն` Սահակ Մինասյանը կատարել է, այսպես կոչված, կոլեկտիվի ցանկությունը, որը դեմ էր, որ Համբարյանը եւ Խորիկյանը բացահայտեին ռեկտորի բազմաթիվ հանցագործությունները եւ ապօրինությունները: Ինչպես կասեն այս պարագայում՝ «Ինչ որ անում է մեծն Սահակը, լավ է անում: Ձեր գործը չէ»:

Հավելեմ, որ մարտի 21-ին ռեկտորի հրամանով ստորագրահավաք է սկսվել նաեւ ՇՊՀ ՈՒԽ-ի նախագահ Արմեն Մելքոնյանի դեմ: Որոշ ժամանակ անց շատ ուսանողներ հերքել են, որ իրենք որեւէ ստորագրություն են դրել այդ, ինչպես իրենք են բնութագրում, թղթի կտորի վրա:

Ի դեպ, Սահակ Մինասյանի ցանկությունները գոհացնելու համար յուահատուկ ակտիվություն են դրսևորում «Հումանիտար գիտությունների եւ արվեստի ֆակուլտետ»-ի դեկան Թամարա Մելիքյանը (նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը), ով իրեն թույլ է տալիս գիշերը 12-ից հետո զանգահարել բուհի ՈՒԽ նախագահին եւ «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ»-ի ոչ լեգիտիմ դեկան Օֆելյա Հովհաննիսյանը:

Հ. Գ. Կոմունիստ մանր չինովնիկի հոգեբանություն ունեցող ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանին խորհուրդ կտամ վերջ տալ այս կապիկությանը: Այլ կերպ հնարավոր չէ որակել այդ կրթական գործի Կոլումբոսի խայտառակ գործելաոճը: Միջնադարյան խավարամոլությունը եւ ստալինյան բռնապետական գործելաոճը վաղուց անցյալում է: Ամո՛թ է»,- գրել է Գագիկ Համբարյանը:




Լրահոս