Ազգային ժողովն օրեր առաջ ձայների 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը: Ինչպես և սպասելի էր` իշխող Հանրապետական կուսակցությունը դեմ քվեարկեց նախագծին, «Ծառուկյան» խմբակցությունը որոշեց չմասնակցել քվեարկությանը, իսկ իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն էլ ձեռնպահ մնաց:
Հիշեցնենք, որ «Ելք»-ը արյունալի իրադարձություններից 10 տարի անց առաջարկում էր խորհրդարանին խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը»: «Ելք»-ը հայտարարության նախագծով նաեւ առաջարկում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։
Սակայն հայտարարության նախագիծն ուշագրավ վայրիվերումների ենթարկվեց. ԱԺ պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովում այն բացասական եզրակացություն էր ստացել, սակայն ավելի ուշ խորհրդարանական իշխող մեծամասնությունը համաձայնեց հարցը ներառել օրակարգ և քննարկել: Անգամ իշխանությունները համաձայնեցին մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումների անցկացմանը` այդ հարցում օգնելով «Ելք»-ին: Բայց ի սկզբանե պարզ էր, որ ՀՀԿ-ն պետք է մերժեր ներկայացված հայտարարությունն անկախ այն հանգամանքից, որ հարցի քննարկումը ներառվել է ԱԺ նիստերի օրակարգ:
Թե ինչ էր նշանակում այս ամենը, դժվար չէ պատկերացնել: Ակնհայտ էր, որ ԱԺ-ում մարտի 1-ի թեման կրկին արծարծվեց, այն էլ մի քանի էտապով, Սերժ Սարգսյանի համաձայնությամբ: Իսկ Ս. Սարգսյանը համաձայնեց այս թեման կրկին քննարկման առարկա դարձնելուն՝ Ռոբերտ Քոչարյանին մեսիջներ ուղարկելու եւ մարտի 1-ի դեպքերին իր առնչակցության մասին հիշեցնելու համար:
Պատահական չէ, որ ԱԺ-ում տարիներ առաջ ձեւավորված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն իր ելույթում հիշեց Քոչարյանին` նրան անուղղակի մեղադրելով ստախոսության՝ ընդդիմության հասցեին զրպարտելու մեջ, երբ ասել էր, որ ընդդիմադիրները կրակում էին ոստիկանների վրա: Մյուս ՀՀԿ-ականները եւս իրենց ելույթներում չէին վարանում անուղղակի ակնարկներ անելուց: Երեկ էլ, նախքան քվեարկությունը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու հարցին: «Ի վերջո, արձանագրվեց, որ նախաքննության մարմնի տակ եւ, ընդհանրապես, որեւէ տեղ չկա որեւէ ապացույց, որ, ինչպես 2008 թվականի մարտին հայտարարում էր Ռոբերտ Քոչարյանը, ցուցարարներն ավտոմեքենայի հետեւից դուրս են եկել, կրակել զինվորների վրա եւ թաքնվել, այսպիսի ապացույց չկա եւ չի կարող լինել, հետեւաբար Ռոբերտ Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության, որպեսզի նա պարզաբանի, թե ինչի վրա է հիմնվել նման հայտարարություն անելիս», – հայտարարեց Փաշինյանը։
Բացի այդ` ԱԺ-ում այս թեմայի բարձրաձայնումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարեց հատուկ քննչական ծառայությանն ուսումնասիրել մարտի 1-ին զինված ուժերի մասնակցության վերաբերյալ նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը: Եվ որքան էլ այս ամենը կարող է ձեւական բնույթ կրել, սակայն զարգացումներ, նոր հարցաքննություններ կամ բացահայտումներ պետք է ակնկալենք:
Մեկ փաստ էլ, ինչպես հայտնի է՝ ՄԻԵԴ-ում մարտի 1-ի առնչությամբ բազմաթիվ գործեր են առկա, և չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ մեկ կամ երկու վճիռներ կլինեն: Եվ բոլորս ենք հասկանում, որ ՄԻԵԴ-ի կողմից հրապարակված ոչ մի վճիռ ՀՀ իշխանությունները չեն կարող չկատարել: Եվ յուրաքանչյուր այդպիսի վճիռ իր հետ կարող է բերել որեւէ գործի քննության վերանայում կամ վերաբացում, որն էլ նոր հանգամանքների բացահայտման հիմք կարող է դառնալ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ