Երեկ խորհրդարանում 64 կողմ, 27 դեմ ձայներով Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվեց Հրայր Թովմասյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը, սակայն քվեատուփում առկա էր 93 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել 2-ը: Պատգամավորներից մեկն էլ իր քվեաթերթիկը մոռացել էր քվեախցիկում: Նկատենք, որ թեեւ երեկ ԱԺ նիստին գրանցվել էր 97 պատգամավոր, սակայն նրանցից երեքն այդպես էլ չէր մասնակցել Թովմասյանի քվեարկությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հրայր Թովմասյանը կրկին 64 կողմ եւ 27 դեմ ձայների հարաբերակցությամբ նաեւ ՍԴ անդամ էր ընտրվել մարտի 2-ին: Ասել է, թե ԱԺ պատգամավորներից 27 հոգի մշտապես պատրաստ է դեմ քվեարկել նրան. նա 27 դեմ ձայն ստացել էր նաեւ այս ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելիս: Ինչ վերաբերում է կողմ ձայներին, ապա չեն եղել միայն կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ինն ու ՀՅԴ-ինը: Արձանագրված 64 ձայներն արդեն իսկ վկայում են, որ մյուս ընդդիմադիր խմբակցություններում եւս Թովմասյանին «թաքուն» սիրողներ կան: Մեկ փաստ էլ, երեկվա դրությամբ ՍԴ կայքում որպես ՍԴ նախագահ ներկայացված էր Գագիկ Հարությունյանը, իսկ Թովմասյանի անունը ՍԴ անդամների շարքում էր գրված, այն էլ առանց լուսանկարի: