«ՇՈՒՐՋՍ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄ Է ՏԻՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արտիստը», «Ես եմ», «Ճամբարում», գեղարվեստական ֆիլմերից, «Եռաչափ սեր», «Երե1», «Կյանքը շարունակվում է», «Գնված երջանկություն», «Հատուկ բաժին» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Լեւս Դավթյանի հետ, ով հանդես է գալիս «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։

-Լե՛ւս, ինչո՞ւ վերջին շրջանում Ձեզ հեռուստատեսային նախագծերում չենք տեսնում։ Առաջարկնե՞ր, թե՞ նկարահանվելու ցանկություն չունեք։
-Այս շրջանում հիմնական գործունեությունս ծավալում եմ «Մհեր Մկրտչյան» թատրոնում, գրեթե բոլոր ներկայացումներում ընդգրկված եմ։ Շուրջ մեկ տարի է՝ հեռուստատեսային նախագծում չեմ ներկայացել։ Այս դադարը վերցրել եմ լուրջ նախագծում՝ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար։ Կարծում եմ՝ կարելի է այս փուլում խնայել ինքս ինձ ֆիլմի համար։ Մանրամասներ դեռ չեմ հայտնի, բայց նման հեռանկար կա։
-Դուք Ձեզ ավելի շատ համարում եք թատրոնի՞, թե՞ կինոյի դերասան։ Որտե՞ղ եք Ձեզ ավելի կոմֆորտ զգում։
-Թատրոնը դերասանի տունն է, նրա հասցեն։ Այս առիթով Մհեր Մկրտչյանն է ժամանակին լավ ասել. «Թատրոնը դերասանի կինն է, կինոն՝ սիրուհին»։ Ուր էլ գնաս՝ վերջում կնոջդ մոտ ես վերադառնալու։ Թատրոնը դերասանի համար մշտապես ֆորմայի մեջ մնալու, «մարզվելու» համար լավ տեղ է, որը նպաստում է, որ վերջինս «չժանգոտի»։ Սերիալները կգան ու կգնան, իսկ թատրոնը կմնա։ Միեւնույն ժամանակ հաճելի է նաեւ նկարահանվելը։ Բայց միանշանակ կարող եմ ասել, որ բացառվում է՝ նկարահանվեմ 20-25-ից ավել մասանոց ֆիլմում՝ չիմանալով, թե իմ հերոսի հետ ինչ է լինելու։ Օրվա սցենարով նկարահանվող դերասան չեմ եւ չեմ էլ եղել։
-Ձեր խաղը նայելով՝ ինքներդ Ձեզ «դիտողություններ» անո՞ւմ եք, իսկ գովեստնե՞ր։
-Ես իմ ամենասուր քննադատն եմ, շատ քիչ դեպքերում եմ իմ խաղը հավանում, հազվադեպ է այդպես պատահում։
-Ձեր խաղընկերներից ո՞ւմ կառանձնացնեք։ Ո՞ւմ հետ խաղն է եղել հիշարժան, առանձնակի արժեքավոր։
-Ամենահանճարեղ խաղընկերս եղել է եւ կմնա վարպետս՝ Սոս Սարգսյանը։ Դերասանի համար ամենադժվար ու ձանձրալի երեւույթը, որին նա ստիպված է լինում բախվել, մասնագիտություն չունեցող մեկի հետ խաղալն է։ Ժամանակին առնչվել եմ այդ խնդրին, վերջին շրջանում, բարեբախտաբար, ոչ։ Այսօր ինձ համար լավ խաղընկերներ են Անի Ղազարյանը, Միլենա Ավանեսյանը, Անուշ Մելիքսեթյանը, Սյուզի Կիրակոսյանը։
-21-րդ դարում մարդկային հարաբերություններում ի՞նչն է, որ մտահոգում է Ձեզ։
-Մարդկանց քծնանքը, որին հանդիպում եմ ամեն քայլափոխի, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ շատերը չափազանց մեծ կարծիք ունեն իրենց մասին եւ եսասեր են։ Բոլորը վստահ են, որ ինչ անում են՝ լավ են անում, իրենք ճիշտ են եւ սովորելու ոչինչ չունեն։ Շատերի մոտ աճելու ձգտում չկա։ Շուրջս դիլետանտիզմ է տիրում, մրցակցություն չկա։ Ամեն ինչ հասանելի է դարձել։ Հիմա իմ ոլորտի մարդիկ մի փոքր ձեռքբերում են ունենում, մտածում են՝ հերիք է։
-Լե՛ւս, որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ չեք ցանկանա՝ Ձեր ընտրյալը դերասանուհի լինի։ Էլի այդ կարծիքի՞ն եք։
-Գիտեք՝ չափանիշները կարող են օրեցօր փոխվել, անգամ օրվա ընթացքում։ Կարծում եմ՝ կնոջ մասնագիտությունն էական չէ, ուղղակի ես խանդոտ եմ, եւ այդ հողին կարող են բարդություններ առաջանալ։ Բայց չեմ կարող ասել՝ ում կսիրեմ, ոնց կսիրեմ…
-Ձեր աչքերում ինչպիսի՞ն է այսօրվա աղջկա, կնոջ կերպարը։ Ի՞նչն է Ձեզ գրավում եւ ի՞նչը՝ վանում։
-Ինձ դուր է գալիս այն, որ այսօրվա աղջիկներից, կանանցից շատերը կայացած են, հետաքրքիր, սակայն դրան զուգահեռ նկատում ենք, որ որոշների համար այդ հանգամանքը դարձել է չարիք։ Նրանց թվում է, որ կարող են ամեն ինչի հասնել, ու տղամարդու դերն ինքնըստինքյան թուլանում է այդ աղջիկների եւ կանանց կյանքում։ Այնպես որ, ամեն բան համաչափության եւ ներդաշնակության մեջ է գեղեցիկ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՄԱՅՐԱԿԱՆ ԲՆԱԶԴՍ ԴԵՌ ՉԻ ԱՐԹՆԱՑԵԼ»

«Ինձ համար կանանց միամսյակը շատ երկար է տեւում, քանի որ զբաղված եմ լինում, ինձ դա այնքան էլ դուր չի գալիս, խանգարում է աշխատանքիս»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի, երգչուհի Ռիփփին։ Նա միաժամանակ խոստովանեց, որ հաճելի է թե՛ միամսյակի շրջանակում, թե՛ դրանից դուրս նվերներ ստանալը։

Այս օրերին շատ է խոսվում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին. «Ես ֆեմինիստ չեմ, բայց հարգում եմ ցանկացածի ընտրությունն ու կարծիքը»,-այս առթիվ նշեց դերասանուհին։
Առջեւում մայրության եւ գեղեցկության տոնն է։ Մենք Ռիփփիից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նրա մոտ արթնացել է մայրական բնազդը, մատծո՞ւմ է արդյոք դերասանուհին մայրանալու մասին: «Անկեղծ ասած, նման բնազդ ինձ մոտ դեռ չի արթնացել, այս պահին ինձ ավելի շատ հետաքրքրում է գործը, իմ կարիերան»,-պատասխանեց նա։
Իսկ հարցին, թե Հայաստանում կին կարիերիստ դերասանուհու կամ երգչուհու համար ստեղծված են արդյո՞ք բավարար պայմաններ՝ դրսեւորվելու համար, Ռիփփին պատասխանեց. «Ինձ թվում է՝ այո։ Ինքս բավական դժվարությամբ եւ ինքնուրույն եմ սկսել իմ ուղին։ Ամեն բան էլ հնարավոր է, երբ կա ցանկություն։ Կինն իր ուղու վրա կարող է հանդիպել ե՛ւ անհաջողությունների, ե՛ւ խոչընդոտների, բայց պետք չէ դրա վրա կենտրոնանալ։ Բարձրանալու ճանապարհին ամեն դժվարություն էլ կարող է լինել»։
Դիտարկմանը, թե Հայաստանում դերասանուհին կամ երգչուհին, որը չունի պրոդյուսեր, հաճախ անպաշտպան է, Ռիփփին հակադարձեց. «Առհասարակ, Հայաստանում գրագետ պրոդյուսերների պակաս ունենք, բայց ես ճանաչում եմ շատ կանանց, որոնք միայնակ իրենց ուժերի ներածին չափով անում են հնարավորը, երբեմն էլ՝ անհնարինը»։
Պատմական կին կերպարներից երգչուհուն ոգեշնչում է Ելիզավետա 2-րդ թագուհին, համաշխարհային արտիստներից՝ Օդրի Հեփբերնը եւ Բրիջիդ Բարդոն. «Նրանք դժվար ուղի են անցել, սակայն հաղթահարել են խոչընդոտները, եւ հաջողությունը ժպտացել է։ Առհասարակ, շատ եմ քչփորում պատմության մեջ հետք թողած կանանց կյանքը»,-ասաց Ռիփփին։
Նա հայ կանանց մաղթեց, որ լինեն իրենք իրենց համար գեղեցիկ, սիրեն իրենց եւ ուրախ լինեն։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ԱԲՐԱՀԱՄԸ ԿՄԵՆԱՄԱՐՏԻ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կարող է անցկացնել ապրիլի 21-ին Բեռլինում: 38-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը պետք է լինի դանիացի Պատրիկ Նիլսենը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2017 թվականի հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք Կրտսերին:
Ինչ վերաբերում է Պատրիկ Նիլսենին, նա նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հոկտեմբերին` նոկաուտով պարտվելով բրիտանացի Ջոն Ռայդերին:

 

 

ՀԱՂԹՈՂ Է ԴԱՐՁԵԼ
Հունաստանի ակումբային առաջնությունում հանդես եկող «Էֆկարպիա» ակումբը, որն ազատ ոճի ըմբշամարտում հաղթող է դարձել, գլխավորում է Հարություն Ռուբինյանը:
Գյումրեցի մասնագետը 2 տարի է, ինչ աշխատում է նաեւ ազատ ոճի ըմբիշների հետ: Մինչեւ այդ աշխատում էր հունահռոմեական ոճի ըմբիշների եւ կանանց հետ: Այժմ Ռուբինյանը շարունակում է աշխատանքը 3 ոճերում էլ: Նրա սաները նախապատրաստվում են Կիեւում ապրիլի 23-29 կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ՈՒ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքի Կենտրոնական այգում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման հարցով զբաղվողներն առաջին հանդիպումն են ունեցել ու քննարկել նախագծի հետագա ֆինանսավորման հարցը: Նախագծի կազմակերպիչներն ու ղեկավար խորհուրդը նվիրաբերել են 1 մլն դոլար, իսկ 80 անհատի նվիրատվությունների միջոցով հավաքել են 1.8 մլն դոլար գումար:
Ըստ նախագծի` Հայ-ամերիկյան թանգարանը կլինի եռահարկ: Առաջին հարկում տեղակայված կլինի 300-350 հոգու համար նախատեսված դահլիճ, երկրորդ հարկում` պատկերասրահ, իսկ երրորդում` ուսումնական կենտրոն: Կառույցի բացօթյա տանիքը կօգտագործվի քանդակների ցուցադրության համար: Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2023թ.:




Լրահոս