ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ՔՈՌ ԲՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը շարունակում է հետեւողականորեն մեկուսանալ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերից: Երեկ տեղի է ունեցել տարածաշրջանի չորս պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ քննարկման հիմնական թեման եղել է «Հարավ-Արեւմուտք» տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը: Մասնավորապես նախատեսված է ստեղծել 5311 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը հնարավորություն կստեղծի բեռներ տեղափոխել Հնդկաստանից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ` անցնելով Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի տարածքով: Այլ կերպ ասած` Հայաստանի անմիջական հարեւան երկրները տրանսպորտային հաղորդակցության ընդլայնման ուղղությամբ ծրագրեր են կազմում` փորձելով կապել արեւելքն ու արեւմուտքը: Բայց արի ու տես, որ այդ համագործակցության արդյունքում գնալով ավելի ու ավելի է խորանում Հայաստանի մեկուսացումը. ի վերջո, տնտեսական այդ ծրագրերը շրջանցում են մեր երկիրը` դրանից բխող բացասական հետեւանքներով հանդերձ: Իսկ թե ՀՀ-ն ինչ է այս ամենին հակադրում, բացի հարեւան պետություններին չարախնդալուց եւ ԵԱՏՄ-ի անդամ լինելով ԵՄ-ի հետ համագործակցելու մասին հեքիաթներ պատմելուց, պարզ չէ: Համենայն դեպս, ՀՀ-ն չի փորձել հարեւան երկրներից թեկուզ Վրաստանի եւ Իրանի հետ, որոնց հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, որեւէ նման ծրագիր իրականացնել: Իսկ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, որի շինարարությունն ընթանում է տեւական ժամանակ, նույնիսկ առաջիկա տարիներին չի պատրաստվում ավարտվել: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանի տնտեսական մեկուսացման խնդրին: Նաեւ տեղեկացրել ենք, որ նախորդ տարի էլ շահագործման հանձնվեց Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղին: Ու հիմա սրա կողքին առաջիկայում ականատես կլինենք եւս մեկ տրանսպորտային միջանցքի:
Եւ ակնհայտ է` Հայաստանը կշարունակի տարածաշրջանային ծրագրերից մեկուսանալ, քանի դեռ չի լուծվել ԼՂ հիմնահարցը, քանի դեռ չի հաստատվել խաղաղություն, եւ հարեւան պետությունները չունեն բարիդրացիական հարաբերություններ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՔԾ-ին ուսումնասիրել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ զեկույցի հեղինակներից Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով դատախազության հանձնարարականին, ասաց. «Միանշանակ դա առաջընթաց է: Սա նշանակում է, որ անպայման պետք է հարցաքննության կանչեն այն ժամանակ իշխանության մեջ եղած մարդկանց: Միքայել Հարությունյանից հետո անպայման պետք է հարցաքննության կանչեն նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Ինչ որոշում էլ կայացնի ՀՔԾ-ն, այս մարդիկ պետք է հարցաքննվեն»: Իսկ Սեդա Սաֆարյանն էլ տեսակետ է հայտնել. «Չեմ կարծում, որ մեզ մոտ գործում է անկախ եւ անկաշկանդ վարույթ իրականացնող մարմին: Ես կարծում եմ, որ նմանատիպ գործերով պետք է լինի, այսպես ասած, վերեւների կամքը»:

 

 

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` օգտատերերի համացանց մուտք գործելու եւ էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար: Բայց մինչ վարչապետի հանձնարարականը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պետական գերատեսչություններն արդեն անցել են գործի: Մասնավորապես նախարարությունները պոլիկլինիկաներին, դեղատներին, լաբորատորիաներին էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար ուղղորդում են միանալ «ՎԵՈՆ Արմենիա»-ի (խոսքը «Բիլայն Արմենիա» ընկերության մասին է) 6 հազար դրամանոց ինտերնետ փաթեթներին: Ընդ որում, համակարգին միանալու համար ԱՆ-ն պահանջում է բոլոր բուժհաստատություններից, նաեւ դեղատներից ապահովված լինել ինտերնետով: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` առողջապահության, ինչպես նաեւ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարություններից փոխանցեցին, որ նման բան չկա` նշելով, որ որեւէ օպերատորի ծառայությունից օգտվելու վերաբերյալ ուղղորդում չի եղել:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունն այնքան էլ Արցախի Հանրապետության ղեկավարության սրտով չէ: Փետրվարի 16-ին դեռեւս ՀՀ նախագահի թեկնածուի կարգավիճակում գտնվող Ա. Սարգսյանը մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպել էր Արցախի ԱԺ նախագահի, իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես պնդում են մեր աղբյուրները` տեղի է ունեցել բավական լուրջ հարցուպատասխան հատկապես ԼՂ հիմնախնդրի եւ դրա լուծման ուղիների մասին: Եւ այս թեմայի վերաբերյալ Ա. Սարգսյանի պատասխանները, արտահայտած տեսակետները պարզապես չեն բավարարել Արցախի իշխանություններին: Եւ հիմա նրանք տեսակետ ունեն, որ նոր նախագահը չի կարողանա միջազգային ատյաններում ըստ արժանվույն ներկայացնել հիմնահարցի էությունը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Հանրապետության խորհրդարանի ամենամեծ խմբակցության` «Հզոր հայրենիքի» պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ, ով հերքել է այս տեղեկությունները` ասելով. «Ղարաբաղյան խնդրի հետ կապված ոչ միայն Արմեն Սարգսյանից ակնկալիք կա, այլեւ համայն հայությունից…Սարգսյանը դեսպան էր մինչեւ նախագահ ընտրվելը, եւ ինքը քաջատեղյակ է ոչ միայն բանակցային գործընթացի ներկա փուլից, այլեւ բանակցային գործընթացի ամբողջ պատմությանը»:

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ժամանակավոր դադար է հայտարարված, հիմնականում պայմանավորված Ադրբեջանի նախագահական ընտրություններով, նաեւ սպասում են Հայաստանում կառավարության վերջնական ձեւավորմանը, սակայն խորքային պրոցեսներ, այնուամենայնիվ, ընթանում են: Այս առումով պատահական չէին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը ԼՂ խնդրով քննարկումներ ունենում է նաեւ Թուրքիայի հետ: Հարցին, թե արդյո՞ք ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը նախօրեին անդրադարձ եղել է Ղարաբաղի խնդրին, Զախարովան պատասխանել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ: Խոսքը ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին է, ե՛ւ տարածաշրջանի երկրների: Դա նորմալ է եւ հանդիսանում է դիվանագիտական աշխատանքի մաս»:
Միաժամանակ ուշագրավ է փաստը, որ երեկ Երեւանում անցկացված «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ Կարնեգի «Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը պնդել է, թե ԼՂ խնդիրը էապես տարբերվում է հետխորհրդային այլ երկրներում առկա հիմնախնդիրներից. «Աշխարհաքաղաքական ընդհարումներ այս կոնֆլիկտում չկան. Ռուսաստանն ու Թուրքիան շատ լուրջ կոնֆլիկտ ունեցան, որը համընկավ 2016 թվականի իրադարձության հետ, բայց դրանից հայ-ադրբեջանական հիմնախնդրի դինամիկան չփոխվեց՝ անկախ նրանից՝ Թուրքիան ու Ռուսաստանն ընկերություն անո՞ւմ էին, թե չէին անում միմյանց հետ»: Միաժամանակ նա պնդել է, որ բավական լայն կոնսեսուս կա ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների միջեւ հակամարտության լուծման ուղիների հարցում: Ըստ դե Վաալի՝ ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացում իրենց հետաքրքրությունն ունեն Ռուսաստանը, Թուրքիան, անգամ Իրանը, որոնք ունեն ճնշելու հնարավորություն: «Բոլորը ցանկանում են՝ խնդիրը լուծվի, բայց ցանկանում են, որ դա արվի ցածր գնով»,- ասաց նա:
Այլ կերպ ասած` ակնհայտ է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ուղղակի, թե անուղղակի ներգրավված բոլոր շահագրգիռ երկրները փորձում են արագացնել գործընթացը: Գոնե այս հարցում նրանց մեջ կա կոնսենսուս, նաեւ կոնսենսուս կա առ այն, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումային ճանապարհով, միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների համաձայն՝ ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կամ դրա սպառնալիքի բացառում եւ տարածքային ամբողջականության սկզբունք:




Լրահոս