ՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է, ԲԱՅՑ ՈՉԻՆՉ ԱՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ակցիայի ժամանակ խոչընդոտվել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը: Այդ կապակցությամբ հարուցված քրեական գործն արդեն երեք տարի է` քննվում է հատուկ քննչական ծառայությունում, սակայն մինչ օրս «խոշոր ձկներից» որեւէ մեկը չի կանչվել պատասխանատվության:

2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությունը եւս խոչընդոտվել էր, սակայն այս գործով եւս սայլը տեղից չի շարժվում, եւ հիմնական պատասխանատուները ապահով ման են գալիս:
Վերջին իրադարձությունը եղավ փետրվարի 13-ին, երբ Երեւանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետարանի պաշտոնյաները` տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ, ամենակոպիտ կերպով խոչընդոտել էին լրագրողների մասնագիտական գործունեությունը, սակայն այդ փաստով մինչ օրս այս դեպքի վերաբերյալ քրեական գործ հարուցված չէ:
Եվ ահա այս պայմաններում մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել էր դատախազության ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ, ուստի պետք է օրենսդրական փոփոխություններ իրականացվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
-Պարո՛ն Թաթոյան, ՀՀ գլխավոր դատախազը եւ ՀՀ արդարադատության նախարարը լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ, եւ օրենսդրական փոփոխություններ են իրականացնում: Ըստ Ձեզ` որպես մարդու իրավունքների պաշտպան` այս օրենսդրական փոփոխությունները ի՞նչ երաշխիք կտան լրագրողներին:
-Օրենքում, ճիշտ է, կան թերություններ, եւ դա պետք է փոխել, եւ այդ նախագծի հետ համաձայն եմ, բայց գիտեք, քրեական պատասխանատվության հարցերի լուծման առումով, կարծում եմ, որ այսօր էլ բավարար հիմքեր կան: Այն պրակտիկան, որ մենք անընդհատ նշում, ենք, որ լրագրողների հանդեպ բռնությունները, ոտնձգությունները պետք է գնահատականների արժանանան, այն կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության, այնպես չէ, որ այդ նախագծի պատճառով գիտեք` մենք չենք կարողանում պատասխանատվության ենթարկել: Այլ հարց է, որ նախագծի փոփոխությունը հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ աշխատել: Բայց դա չի նշանակում, որ ենթադրենք` առանց դրա մենք չէինք հասնելու դրան:
-Արդյունքում չենք հասնում. 2015 թվական, «էլեկտրիկ Երեւան», լրագրողները ծեծի են ենթարկվում, 2016 թվական, հուլիսյան իրադարձություններ, եւ ահա փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում կրկին լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքը: Մինչ օրս կատարված դեպքերով հիմնական դերակատարներին չեն կանչել պատասխանատվության, ո՞ւմ է պետք օրենսդրական փոփոխությունը, եթե կոնկրետ գործերով որեւէ բան չի արվել:
-Այս տարվա մեր զեկույցում մենք կանդրադառնանք դրանց եւ քննադատական բաժիններ կնվիրենք: Բայց ցանկանում եմ մեկ բան ասել, չգիտեմ` տեղյակ եք, թե ոչ, մենք հրապարակել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի եւ այդ առումով պետական մարմնի պարտականության վերաբերյալ: Գիտեք, ընկալումների առումով պետք է մոտեցումներ փոխվեն, չի կարելի լրագրողին դիտել որպես հակադարձ կողմում գործող անձ, լրագրողին պետք է միշտ պետական ցանկացած պաշտոնատար անձ վերաբերվի որպես ազնվության եւ բարեխղճության կանխավարկածով:
-Դուք խոսում եք մի երեւույթի մասին, որով լրագրողները որեւէ տեղաշարժ չեն տեսնում, կոնկրետ ասեք` Երեւանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել էր, ի՞նչ եք արել Դուք կոնկրետ:
-Քրեական հետապնդման հարց ենք անմիջապես բարձրացրել:
-Միջադեպի մեկ ամիսը լրացավ, արդյունք չունեք, քրեական գործ մինչ օրս հարուցված չէ:
-Մենք առաջինն եք այդ հարցը բարձրացրել, թե՛ կանանց նկատմամբ բռնության հարցը, թե՛ լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դեպքով, որովհետեւ, ճիշտ է, փոքր էր ինֆորմացիան, բայց ամեն դեպքում կար ինֆորմացիա:
-Կրկնում եմ` մեկ ամիս է անցել, Դուք բարձրացրել եք հարցը, բայց ո՞վ է Ձեզ լսել:
-Մեկ ամսում քրեական պատասխանատվության հարց չի լուծվում, սա օբյեկտիվորեն, բայց Դուք նշեցիք 2016 թվականի հուլիսյան իրադարձություններից սկսած, այդտեղ ունենք խնդիր, եւ արդյունավետությունը, կարծում եմ, ցածր է:
-Ի՞նչ եք անում Դուք` կոնկրետ այդ դեպքերով արդյունավետությունը բարձրացնելու համար:
-Այն քայլերը, որ ձեռնարկում ենք, պարբերաբար հրապարակում ենք, վերահսկողություն ենք իրականացնում մեր իրավասության սահմաններում քրեական հետապնդման մարմինների նկատմամբ` գնահատականներ տալով, որ չի ձեռնարկվում արդյունավետ միջոցներ, որ լրագրողի նկատմամբ ոտնձգություն իրականացնողը պետք է ենթարկվի հնարավորինս խիստ պատասխանատվության:
-Բայց արդյո՞ւնքը:
-Ինչ ասեմ, Ձեզ հետ համաձայն եմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

61 ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ
Մարմնավաճառներին հաշվառելու մասին Շիրակի մարզի դատախազի հանձնարարականը իրականացվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս պահի դրությամբ Շիրակի մարզում հաշվառված է 61 մարմնավաճառ:
Հիշեցնենք` 2018 թվականի փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել էր, որ մարզում 2017 թվականին արձանագրվել է 5 քրեական գործ: Դրանք հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը. «Նշված քրեական գործերը բոլորն ուղարկվել են դատարան, որոնցից մի մասով արդեն ունենք մեղադրական դատավճիռներ, մյուս մասը գտնվում է դատաքննության փուլում: Իրականում պարզվել է, որ նույն մարմնավաճառներն իրենց, այսպես ասած, գործունեությունը ծավալել են մի շարք օբյեկտներում»,- նշված էր դատախազի գրության մեջ: Արդյունքում` Կարեն Գաբրիելյանը իրավիճակը կարգավորելու համար միջնորդագիր էր հասցեագրել պատկան մարմիններին` նման մարմնավաճառներին հաշվառելու, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու ու տվյալ հաստատությունների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ:
Ի դեպ, գործող քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս մարմնավաճառին ենթարկել քրեական պատասխանատվության: Արդյունքում` Կարեն Գաբրիելյանը անձամբ զեկուցագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քննարկվի նաեւ մարմնավաճառներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ու մինչ ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկում են մարմնավաճառներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, «Ժողովուրդ» օրաթերթը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում հանձնարարականը մարմնավաճառների հաշվառման մասով, եւ կոնկրետ ինչ թվերի հետ գործ ունենք: Ի պատասխան` Շիրակի մարզի դատախազը հայտնեց. «Գրություն եմ հասցեագրել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, եւ միջոցներ են ձեռնարկվել նշված անձանց հաշվառելուն: Ովքեր անցել են քրեական գործերով, կամ որոնց հետ կապված մենք ունենք հարուցված վարչական վարույթներ, բոլորը հաշվառվել են»:
Հաշվի առնելով փաստը, որ Շիրակի մարզի դատախազը մարմնավաճառներին հաշվառելու գրությամբ դիմել էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանին, «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարականության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել, թե որքան մարմնավաճառ կա Շիրակի մարզում: Ի պատասխան` մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ Շիրակի մարզում կա հաշվառված 61 մարմնավաճառ: Հետաքրքիր է՝ այս թիվը որքանո՞վ է արտացոլում իրականությունը. իրո՞ք այդ մարզում 61 մարմնավաճառ կա, թե՞ ոստիկանությունը միայն այդքանին է կարողացել հաշվառել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՊԱՐԶԵԼ
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը պատրաստվում են դատի տալ «Երեւան» հիմնադրամին եւ պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ)։ Արայիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատարանում վիճարկելու են «Երեւան» հիմնադրամի գործողություններն ու ՊԵԿ-ի անգործությունը։ «Ժամանակին թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ առանձնազրույցներում մտահոգություն կար, որ «Երեւան» հիմնադրամը դարձել է մի սխեմա, երբ Երեւանի քաղաքապետարանը որեւէ ծառայություն մատուցելիս կամ հիմնական ծառայությունների դեպքում, տուրքերին զուգընթաց, քաղաքացուն հորդորում է, կամ, չգիտեմ, պահանջում է, պարտադրում է, որ վճարումներ կատարեն նաեւ «Երեւան» հիմնադրամում. ենթադրենք` տուրքը 25 հազար դրամ է, օրինակ, եւս 25 հազար դրամ վճարվում է «Երեւան» հիմնադրամին։ Սա պարզելու համար ես անցած տարի գործընթաց սկսեցի` դիմելով «Երեւան» հիմնադրամին՝ փորձելու պարզել այն նվիրատուների անունները, որոնք 100 հազար դրամ եւ ավելի են վճարել հիմնադրամին, եւ փաստացի ես տվյալները չստացա՝ տվյալների գաղտնիությանը հղում արեցին։ Զուգահեռ ստացա անցած եւ նախանցած տարի սեփականաշնորհված ավտոտնակների ցուցակները», – ասաց Հարությունյանը:

 

 

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ` ԵՂՆՈՒԿՅԱՆԻՆ
2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների` դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող գործով հերթական դատական նիստում կրկին վատացել էր ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը: Նրա շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարել է. «Նրա ճնշումը բարձրացել է ու հասել մինչեւ 230-ի: Հրաշքով սրտի կաթված չի ստացել»: Տ. Հայրապետյանը պնդել է, որ Եղնուկյանի մասնակցությունն անհնար է, քանի որ ամեն անգամ նիստի բերվելիս նրա ինքնազգացողությունը վատանում է: Եղնուկյանի համար շտապօգնություն է կանչվել: Վերջինիս առաջարկել են հոսպիտալացվել, սակայն հրաժարվել է, ավելին` չի ուզեցել լրացուցիչ ներարկում ընդունել: Հաշվի առնելով այն փաստը, որ Եղնուկյանի առողջական վիճակի պատճառով նիստերը պարբերաբար ընդմիջվում են կամ հետաձգվում, դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի` ի՞նչ լուրջ հիվանդությամբ է տառապում Կարո Եղնուկյանը եւ, ըստ այդմ, կարո՞ղ է մասնակցել նիստերին:

 

 

ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ` ԵՐԹ
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ` ս/թ. ապրիլի 3-ին, ժ.18.00-22.00 Ազատության հրապարակում հավաք կանցկացվի: Ընթացքում` ժամը 20:00-ին, Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ է անցկացվելու:




Լրահոս