ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՎԱՐԱԿՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնագետները պնդում են, որ հանրապետությունում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը համարվում է սեզոնային բնականոն ընթացք: Բայց ըստ որոշ տեղեկությունների` հանրապետությունում, հատկապես Երեւանում, սուր շնչառական վարակները բավական գլուխ են բարձրացրել: Իսկ հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում: Դրանով է բացատրվում Երեւանի մանկական հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը:

Ինչպես հայտնի է` հատկապես այս ամիսներին ավելանում է բժշկական հաստատություններ դիմողների քանակը: Վերջին օրերին անգամ հիվանդանոցներ են եղել, որտեղ նման ախտանիշներով մանկահասակ երեխաներին միջանցքներում են բուժել: Սուր շնչառական հիվանդությունն արտահայտվում է բարձր ջերմությամբ, հազով, երբեմն էլ` անգինայով: «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում հատկապես երիտասարդ մայրերից, ովքեր պատմում են, որ սուր շնչառական վարակների ակտիվացման պատճառով իրենք իրենց երեխաներին օրերով չեն ուղարկում մանկապարտեզներ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը եղավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան բժշկական կենտրոնում եւ զրուցեց մանկական բաժանմունքի վարիչ Անուշ Հակոբյանի հետ: Նրա խոսքերով` հիվանդների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության` առողջացման դրական շարժով: «Հատկապես այս պահին մեզ մոտ բավականին թեթեւացավ, վերջին 2-3 օրվա ընթացքում ահագին դուրսգրումներ եղան: Կասեմ, որ կա որոշ թեթեւացում նաեւ դիմելիության առումով: Այս պահին միջին ծանրաբեռնվածություն է: Ոչ միայն սուր շնչառական վարակներ ունենք, այլ նաեւ տոնզիլիտներ, այսպես ասած` անգինա, ջերմող երեխաներ, թոքաբորբով, ստամոքսաղիքային երեւույթներով, ալերգիաներով, միզուղիների վարակով եւ այլն»,- ներկայացրեց մանկական բաժանմունքի վարիչը:
Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ սուր շնչառական վարակների խիստ ծանրաբեռնված շրջան եղել է 2017 թվականի վերջին. «Կարճ ասած` երեք-չորս սեզոն մենք ունենք այսպիսի ակտիվացում»: «Ժողովուրդ» օրաթերթը բուժհաստատությունում պարզեց, որ կոկորդացավով, բարձր ջերմությամբ դիմող մանկահասակ երեխաները այնտեղ անցկացնում են 5-6 օր: Զրույցի ընթացքում պարզվեց, որ մարտի 1-ից ուժի մեջ մտած դեղատոմսերով բաց թողնվող կարգը որոշակի անհարմարություններ է առաջացրել իրենց համար:
«Դեղատոմսերը, որոնք պատրաստվել են, ունեն տող ամբուլատոր քարտի համար: Այսինքն` հիվանդը` երեխան կամ մեծահասակը, ով բուժվում է ստացիոնարում, ունի ոչ թե ամբուլատոր քարտ, այլ հիվանդության պատմագիր: Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ երեխան գնում է տուն, ու ինքը կարիք ունի ոչ ներարկման, այլ թեթեւ հակաբիոտիկ ընդունելու, եւ հարց է` ինչ կարգով ես նրան այդ դեղը նշանակեմ: Հիվանդության պատմագրում նման բան գրառում անել, որ փոխում եմ դեղը, որովհետեւ հիվադը տուն է գնում, այնքան էլ հիմնավորված չէ, երեխային տանից կանչել հիվանդանոց` դեղը կատարելու համար, եւս ճիշտ չէ: Ստացվում է, որ եթե երեխան դուրս եկավ հիվանդանոցից, ապա պետք է դուրսգրում տամ անմիջապես, էպիկրիզը տամ ձեռքը` նշանակած հակաբիոտիկը շարունակելու ցուցումով: Նա գնա տեղամասի մանկաբույժի մոտ, իսկ վերջինս էլ իր հայեցողությամբ գտնի անհրաժեշտ կամ ոչ նպատակահարմար դա շարունակել: Այսինքն` տնային ստացիոնար մանկաբույժի իմաստը վերանում է, եւ հիվանդը անմիջապես ստացիոնարի բուժող բժշկի տեսադաշտից դուրս է գալիս, որը որ այնքան էլ ճիշտ չէ»,- բացատրեց մասնագետը: Նրա խոսքերով` հիմնական անհարմարությունը սա է:
Բացի այս` նա նկատեց նաեւ, որ եղել են դեղատներ, որոնք չեն իմացել` այս կամ այն դեղը դեղատոմսո՞վ բաց թողնեն, թե՞ առանց դրա: Զրույցի ընթացքում նա պնդեց, որ բուժսպասարկման բոլոր օղակների հետ պետք է մշակվեր գործողությունները` ինչ կարգով, ինչպես պետք է արվի, բժիշկը ինչ կարգով պետք է այդ դեղատոմսերը նշանակի: «Կարծում եմ` այդ օրենքը, մասնավորապես հակաբիոտիկները դեղատոմսով բաց թողնելը, կարեւոր միջոցառում էր, բայց ավելի հանգամանորեն էր պետք նախապատրաստվել այդ փոփոխությանը»,- լրացրեց Անուշ Հակոբյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆՈՐՄԱ՞Լ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Համացանցում քննարկման նոր թեմա է հասունանում: Նախօրեին հայտարարություն տարածվեց, թե Արթիկ քաղաքում «Ազգ-խանութ-բանակ» կարգախոսով զինվորական խանութ-սրահ է բացվել, որտեղ քաղաքացիները կարող են ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է զինվորին: Օգտատերերը քննադատաբար են մոտեցել լուրին` որակելով այն հեգնանք Զինված ուժերի «Ազգ-բանակ» նախաձեռնությանը, որը ժամանակին պակաս դժգոհությունների տեղիք չէր տվել:
Կարծիքներ են հնչել, որ նորաբաց խանութը խայտառակում է բանակի ղեկավարությանը: Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը ArmLur.am-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացավ, որ համայնքում նման խանութ է բացվել եւ տեղում հարց ու փորձի միջոցով տեղեկացավ նաեւ, որ խանութը կրում է ոչ թե «Ազգ-խանութ-բանակ» կարգախոսը, այլ «Ամեն ինչ զինվորի համար»: Մխիթար Վարագյանը նկատեց, որ որեւէ «աննորմալ բան» դրանում չկա. «Մարդիկ, ինչ պետք է զինվորի համար, ձեռք կբերեն: Շատ նորմալ են վերաբերվում»: Դե, խանութն էլ, համայնքապետի խոսքով, բացված կլինի օրենքի պահանջներին համապատասխան:
ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ խանութի սեփականատեր Արմեն Մնացականյանի հետ, ով եւս տեղյակ չէր` ինչ աղմուկ է բարձրացել իրենց խանութի շուրջ եւ հավաստիացրեց, որ որեւէ ենթատեքստ իրենց նախաձեռնության մեջ չկա: Նրա խոսքով` մեծ թվով զինծառայողներ ունեցող Արթիկում այս խանութն անհրաժեշտություն էր, քանի որ մարդիկ ստիպված չեն լինի զինվորական պարագաներ ձեռք բերելու համար Գյումրի հասնել: Մնացած հարցերին մեր զրուցակիցը հրաժարվեց հեռախոսով պատասխանել` նշելով, որ Արթիկում գործող խանութը որեւէ բանով չի տարբերվում Երեւանում գործող նմանատիպ խանութներից: Իսկ թե ինչու է իրենց կարգախոսը «Ամեն ինչ զինվորի համար» փոխվել, Արմեն Մնացականյանը դժվարացավ պատասխանել:
ՀՀ պաշտպանության նախարարությունից չմեկնաբանեցին կատարվածը` համարելով դա իրենց իրավասություններից դուրս:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս