Դատապարտյալները բանդա են ստեղծել և հափշտակություններ կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ շարունակ բարձիթողի վիճակը դարձել է լրջագույն հիմնախնդիր, իսկ այդ ամենի արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները: Բանն այն է, որ իրավապահները բացահայտել են ՔԿՀ-ներում պատիժը կրող կալանավորների կողմից քաղաքացիներից խարդախությամբ տարբեր իրեր հափշտակելու հերթական դեպքը: Ընդ որում, գլխավոր հերոսները նախկինում «Նուբարաշեն», այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի ստեղծած հանցախմբի անդամներն են, որոնք այս անգամ էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների անվան տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռախոսով 15 միլիոն 390 հազար դրամի հափշտակություն են կատարել:

Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ից քննությամբ չպարզված անձանց հետ 2016թ. դեկտեմբերի 6-ին զանգահարել է «Արմտելեկոմ» ՍՊԸ, ներկայացել որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակից, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 15 միլիոն 390 հազար դրամ արժողությամբ 37 հատ «Այֆոն 6» եւ «Այֆոն 7» տեսակի բջջային հեռախոսներ, որոնց դիմաց ընկերությանը վճարում չի կատարել:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Մերուժան Գեւորգյանը օժանդակել է նույն խցում պատիժը կրող դատապարտյալ Հակոբ Վարդապետյանին «Պարմա» ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն: Իսկ ահա մեկ այլ դատապարտյալ Սպարտակ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվելայն բանի համար, որ նա, 2017թ. մարտին պատիժ կրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, օժանդակել է նույն խցում պատիժը կրող դատապարտյալ Հակոբ Վարդանյանին 2017թ. մարտի 7-ին «Դե Լաուր» ՍՊԸ-ից առանձնապես խշոր չափերով գույքի հափշտակության կատարմանը: Ըստ շշուկների` նրանք գործել են Սպարտակ Դանիելյանի «ինստրուկտաժով»:

Ստացվում է, որ ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալները ստեղծել են բանդա եւ տարբեր ընկերություններից խոշոր չափերով հափշտակություններ են կատարում: Ամենազարմանալին այն է, որ նախաքննությունը իրականացնող մարմինը շատ դեպքերում չի կարողանում բացահայտել, թե ովքեր են կալանավորներին դրսում օգնում` իրենց գործողությունները իրականացնելու համար: Իրականում, իհարկե, ՔԿՀ ղեկավարությունը տեղյակ է՝ ինչպես են արգելված իրերը հայտնվում կալանավորների ու դատապարտյալների մոտ, նրանք լավ տեղյակ են, թե կոնկրետ ովքեր են «քցումներով» զբաղվում:

Բայց արի ու տես, որ ո՛չ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանը եւ ո՛չ էլ ընդհանրապես ՔԿՀ ղեկավարությունը քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Թե ինչու, մնում է միայն կռահել. երեւի իրենք էլ են շահույթ ստանում ՔԿՀ-ից կատարված «քցումներից»: Այլապես անհնար է պատկերացնել, թե ինչպես են Ս. Դանիելյանն ու նրա հանցախմբի անդամները, փակ տարածքում գտնվելով հանդերձ, շարունակական հանցագործություններ կատարում: Ու քանի դեռ ՔՀԿ պատասխանատուներից որեւէ մեկը չի դատապարտվել` այս հանցախմբին աջակցելու կամ գոնե պաշտոնեական անփութության համար, հանցագործությունները կշարունակվեն:

Քնար Մանուկյան




Լրահոս