ՄԱՀԱՑԱԾԻ ՀԱՅՐՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 20-ամյա Տարոն Ենգիբարյանին բախտ չվիճակվեց տեսնել նոր` 2011 թվականը: Նա սպանվեց Իջեւանի զորամասի հրամանատարի ձեռքերով:Տարեմուտից մի ժամ առաջ Տարոնը  իր ընկերների հետ դեղորայք էր տարել  ընկերներից մեկի եղբորը, ով Գետահովտի  զորամասում էր ծառայում: Հենց մուտքի մոտ նրանց հանդիպել է հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը, ով զայրացել է նրանց այցից, կրակ է բացել տղաների ավտոմեքենայի ուղղությամբ, ապա նրանց  «բերման ենթարկել» զորամաս: Իր աշխատասենյակում Կարապետյանը շարունակել էր երիտասարդներին ինքնաձիգով ահաբեկել, որի արդյունքում տղաները ցատկել էին աշխատասենյակի երկրորդ հարկից: Թռիչքի հետեւանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ  Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնը  տեղափոխվեց Իջեւանի հիվանդանոց, ապա` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո, այդպես էլ գիտակցության չգալով, նա մահացավ: Այդ ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանի հրամանով,  Սերգեյ Կարապետյանն ազատվեց  զբաղեցրած պաշտոնից եւ ձերբակալվեց: Այսօր նախկին հրամանատարի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի  մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: Դեպքից մեկ ամիս անց «Ժողովուրդ»-ի թղթակիցը այցելեց մահացած երիտասարդի տուն: Գետահովիտը Իջեւան քաղաքին կից է, որի ծայրամասում է գտնվում  Տարոնի հոր` Թաթուլ Ենգիբարյանի առանձնատունը: 45-ամյա Թաթուլ Ենգիբարյանը կոչումով կապիտան է, ծառայում է Իջեւանի ավտոմեքենաների հաշվառման-քննական բաժանմունքում (նախկինում «ՄՌՈՒ» էր կոչվում): Թաթուլ Ենգիբարյանը մշտապես աջակից է մարդկանց: Այդպիսի բարի եւ կարեկից անձնավորություն  էր նաեւ որդին` Տարոնը: Նա նոր էր ավարտել ժամկետային զինվորական ծառայությունը:  Ծառայել էր Ճամբարակում: Ազգային բանակից վերադառնալով` Տարոնը չարաբաստիկ դեպքից 3 օր առաջ` դեկտեմբերի 28-ին վերականգնվել էր Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտետի պատմության բաժնի երկրորդ կուրսում: Նա Գետահովտի ֆուտբոլի թիմի առաջատարն էր, հուսալի պաշտպան: Երեք երեխաների հայր Թաթուլ Ենգիբարյանը խոր կսկիծով է հիշում ճակատագրական այդ օրը. «Տոնական սեղան էինք գցում,  տղաս տնից դուրս եկավ` բջջային հեռախոսը լիցքավորելու: Ժամեր հետո ինձ զանգահարեցին, թե իբր նրա թեւը կոտրվել է»:Թաթուլ Ենգիբարյանը 10 օր տղայի մահճակալի մոտ է եղել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական  կենտրոնի մասնագետներն արել են ամեն հնարավորը, սակայն չեն կարողացել փրկել Տարոնի կյանքը: Նրանք ցավով են տարել երիտասարդի կորուստը` չկարողանալով նայել նրա ծնողների աչքերին: Դժվար  է Տարոնի ծնողների վիճակը: Լրագրողիս համար էլ նրանց տանը լինելը հեշտ չէր. մեծ վշտին առնչվելով` ինքդ էլ համակվում ես ցավով: Ներկայումս Թաթուլ Ենգիբարյանը  ծանր ապրումների մեջ է, սակավախոս: Այցիս ժամանակ նրա կինը՝ վշտից հիվանդացած,  անկողնում էր: Թաթուլ Ենգիբարյանը պատմեց, որ դեպքից հետո  տղայի ատամը կոտրված էր: Դժվար  է ասել` դա ծեծի, թե՞ երկրորդ հարկից ընկնելու հետեւանք է: Սակայն Տարոնի  գլխից մի մազափունջ պոկված էր. գնդապետ Կարապետյանն այն կտրել էր` իբրեւ  պատիժ:«Միայն պահանջում եմ արդար դատաքննություն եւ արդար պատիժ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Ենգիբարյանը, ով անձնապես ճանաչել է  Սերգեյ Կարապետյանին, սակայն չէր կարող իմանալ, որ նա կործանելու  է իր որդու  կյանքը: Թեեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տարոնի շիրիմին սգո ծաղկեպսակ է ուղարկել, բայց նա կարող էր կանխել այս ողբերգությունը, եթե զորամասի հրամանատարությունը չվստահեր մի մարդու, ով հեռու է հայ մարդու բարոյական որակներից:  Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու բնակավայրին կից Աթաբեկ գյուղից սերված Սերգեյ Կարապետյանը, ծանոթների վկայությամբ, Հայաստանի տարբեր վայրերում, ուր ծառայել է, արտաամուսնական 9 կին ունի, բազում զավակներ: Սակայն չի հետաքրքրվել իր երեխաների ճակատագրով, չի  հոգացել նրանց մասին: Կարապետյանի  ծանոթներն ասում են, որ նա  սիրում է կրկնել ռուսական գռեհիկ մի ասացվածք. «Կինը առանց բռնակի ճամպրուկ է, որը չի կարելի տեղափոխել, սակայն դեն գցելն էլ ափսոս է, պետք է տեղում օգտագործել»:Ահա այսպիսի «արժեհամակարգով» մարդու են վստահել սահմանի կարեւոր հատվածը պաշտպանող զորամասի հրամանատարությունը:  Մարդ , որը չի մտածել իր երեխաների ճակատագրի մասին,  խորտակեց ուրիշի զավակի կյանքը:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշի մարզ




Լրահոս