Ինչպես են պաշտպանության նախարարության պաշտոնյաները հղիության արհեստական ընդհատում կազմակերպել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձանց կողմից զորամասի կնախտաբանական բաժանմունքում ապօրինի կերպով հղիության արհեստական ընդհատում կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործը նոր թափ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործի շրջանակներում նախաքննություն իրականացնող մարմինը նշանակել է կրկնակի փորձաքննություն, քանի որ կասկածներ են եղել, որ դատախազության պաշտոնատար անձինք ազդել են փորձաքննության արդյունքների վրա:

Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը ուսումնասիրել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության եւ դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում` ապօրինի աբորտ կատարելու համար իշխանազանցության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Մասնավորապես պարզվել էր, որ ՊՆ պաշտոնատար անձինք մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող, նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ.Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ եւ ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում: Վերջինս էլ, խախտելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, կատարել է հղիության արհեստական ընդհատում:

ՊՆ-ում այս դեպքը դարձել էր լուրջ քննարկման պատճառ, եւ ՊՆ պաշտոնատար անձինք զեկուցել էին իրենց ղեկավարությանը, որ նման բան չկա, ավելին` ՊՆ-ում լուրերն էին տարածվել, որ իրավապահների այս գործընթացը պայմանավորված է մեկ հանգամանքով, որ ՀՀ դատախազության կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել եւ անձնական վրեժխնդրությունից ելնելով` նրա գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել: Այդ թեմային անդրադարձել էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը: Եւ ահա, մեր հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել էր ստուգել, թե արդյո՞ք դատախազության կին դատախազներից որեւէ մեկը խնդիր է ունեցել գինեկոլոգ Տ.Թ-ի հետ: Արդյունքում` ըստ մեզ հասած լուրերի` գինեկոլոգի եւ կին դատախազի միջեւ հնարավոր լարվածության կամ վրեժխնդրության որեւէ դրվագ իրավապահ մարմինը չի հայտնաբերել: Ասել է, թե ՊՆ-ում քրեական գործի պատճառների մասին միանգամայն սուտ տեղեկություններ են շրջանառվել:

Մինչ այդ նկատենք՝ 5 ամիս տեւող քննությունը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության համար պատուհաս է դարձել: ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունը այս գործով կրկնակի փորձաքննություն է նշանակել՝ պարզելու համար, թե գինեկոլոգ Տ,Թ-ն խախտե՞լ է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները` կատարելով հղիության արհեստական ընդհատումներ, թե՞ ոչ:

Բանն այն է, որ առաջին փորձաքննության մեջ առաջադրված հարցերին հստակ պատասխան չի տրվել. փորձաքննության մեջ նշվել է, թե գինեկոլոգը ե՛ւ կարող էր, ե՛ւ չէր կարող դա անել: Ըստ այդմ, իրավապահները, հենվելով փորձաքննության արդյունքների վրա, չեն կարող ճիշտ որոշում կայացնել:
Թե ինչ եզրակացություն կտա կրկնակի փորձաքննությունը, ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է մեկ բան, որ մինչ օրս այս գործով մեղադրյալ չկա, ավելին` ապացույց չկա, որ ՊՆ պաշտոնատար անձինք կամ գինեկոլոգը նման գործարքների են գնացել, ուստի կասկածներն ավելի են խորանում, որ այս պատմությունը խորը արմատեր ունի, եւ ՀՀ կենտրոնական դատախազության ու ՊՆ-ի միջեւ խորը անդունդ կա:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխպան` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Ես չգիտեմ, թե այդ տեղեկությունները որտեղից են ի հայտ գալիս, բայց իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում: Նշանակված է եղել դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությունը կա: Փորձագետների նկատմամբ որեւէ ճնշում չկա եւ չի կարող լինել: Դրա մասին անգամ ավելորդ է խոսել: Այդ գործով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն, այդ շրջանակում նաեւ անհրաժեշտությունից ելնելով` քննիչին տրվում են համապատասխան գրավոր ցուցումներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հանգամանքները լիարժեք, բազմակողմանի եւ օբյեկտիվորեն պարզելու, այդ քրեական գործով անցնող անձանց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով»:

Քնար Մանուկյան




Լրահոս