Տավուշի մարզպետարանին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող «Բերրիություն ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն Տավուշի մարզպետարանի դեմ գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Սիմա Իսկանդարյանն այդ հայցը վարույթ է ընդունել եւ նախնական դատական նիստ նշանակել 2018 թվականի մարտի 21-ին: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումով դիմել էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին` «Բերրիություն ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին Տավուշի մարզպետարանի ունեցած պարտքի վերաբերյալ:

Մարտի 16-ին ստացված պատասխանում մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանը հայտնել է. ««Բերրիություն ԱՄ Մասիսի շրջանային միավորման» հետ պայմանագրային հիմունքներով ազոտական պարարտանյութի տրամադրման դիմաց «Արծվաբերդի ֆերմերների եւ սերմ արտադրողների» ՀԿ-ի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով գոյացել է պարտք, եւ գումարի չափը կազմում է 549.900 դրամ»: Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը գումարի բռնագանձման հայցով, Տավուշի մարզպետարանի դեմ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել:

Դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմումը ընդունել է դատարանի վարույթ: 2017 թվականի մայիսի 11-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում են սույն հայցով նախնական դատական նիստեր: Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2012-2015 թվականներին Տավուշի մարզին հատկացված 1-ին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց ձեւավորված պարտքը կազմել է 110 մլն 178 հազ 240 ՀՀ դրամ: Մարզպետարանից նաեւ հայտնել են, որ կառավարությունում արդեն մշակվել է որոշման նախագիծ վերոհիշյալ պարտքի հնարավոր զիջման վերաբերյալ: Նախագիծը գտնվում է քննարկման փուլում, հավանության արժանանալու դեպքում այն կընդունվի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս