Պատերազմից երկու տարի անց հերոս նահատակների ընտանիքի անդամներին իշխանությունները մոռացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցը: Պատերազմին հաջորդած օրերին շատերը փորձեցին օգնության ձեռք մեկնել կռվի դաշտում արիաբար զոհված զինծառայողների ընտանիքներին, ոմանք ազնիվ մղումներից ելնելով, ոմանք էլ իրենց սեփական PR-ի շրջանակներում հոգալով, որ ամենաչնչին նվիրատվությունը ներկայացվի որպես անձնուրաց արարք: Բայց պարզվում է` պատերազմից երկու տարի անց նույն այդ հերոս նահատակների ընտանիքի անդամներին իշխանությունները մոռացել են, իսկ տրված խոստումները մնացել օդից կախ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ի՞նչ պայմաններում են ապրում զոհերի ընտանիքի անդամները, որքանո՞վ գնահատված:

Պատերազմից հետո պատմում էին մարտի դաշտում արիաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի մասին: Նա կարողացել էր կյանքի գնով կասեցնել հակառակորդի տանկերի առաջխաղացումը: Աբգարյանն իր տանկով մխրճվել եւ խոցել էր հակառակորդի երեք տանկ եւ վերջում ինքն էլ նահատակվել իր տանկի մեջ:

Տիգրանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, մեր հարցին, թե արդյո՞ք պետությունը որեւէ օժանդակություն տվել է իրենց ընտանիքին, Ժորան պատասխանեց. «Ես ոչ մի օգնություն չեմ ակնկալում որեւէ մեկից: Լավ է՝ ամեն ինչ անեմ ինքս, կարծում եմ` դա է ճիշտը»:

Նա պատմեց, որ տանը միայն մայրն է աշխատում. «Մայրս աշխատում է այն ուսումնարանում, որտեղ Տիգրանն էր սովորում։ Հայրս չի աշխատում»: Աբգարյանի խոսքերով` ինքը հիմա փորձում է կրթություն ստանալ. «Ինքս սովորում եմ միաժամանակ մի քանի տեղում՝ Գյումրու պոլիտեխնիկական համալսարանում, ISTC ստարտապ ակադեմիա Երեւանում, նաեւ 3D մոդելավորում եմ սովորում: Պետությունից, այսինքն՝ պաշտպանության նախարարությունից ստացել ենք գումար պանթեոնի ծախսերի համար, ստացել ենք օգնություն որոշ անհատներից, այդ միջոցներով կառուցել ենք հուշահամալիրը»:

Լյուսի Պողոսյան




Լրահոս