Հավաքույթներին հաճախ նվագում եմ դաշնամուր.Կարինե Աճեմյանի մշակութային նախասիրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Պաշտոնյաների մշակութային նախասիրությունները» խորագրով շարքը, որի շրջանակում քաղաքական գործիչներին բացահայտում ենք նոր ռակուրսից: Մենք սովոր ենք տեսնել նրանց կոստյումներով եւ փողկապներով, ու շատերս պատկերացում անգամ չունենք, որ այդ պաշտոնյաները խաղացել են բեմում, նվագել որեւէ երաժշտական գործիք, կամ, օրինակ, հրաշալի նկարում են: Այսպիսով՝ մեր զրուցակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն է:

Ոչ բոլորը գիտեն, որ նա 1980-ականներին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը եւ երկու տարի որպես դաշնամուրի ուսուցչուհի եւ կոնցերտմայստեր աշխատել է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում։

«Շատ սիրում եմ դասական երաժշտություն, ընդամենը օրեր առաջ որպես հյուր ներկա եմ եղել դասական երաժշտության փառատոնի: Առաջին մասնագիտությամբ դաշնակահարուհի եմ, տարբեր հավաքույթների ժամանակ սիրով նվագում եմ, դաշնամուր շատ եմ սիրում: Հիմա, երբ ժամանակս ավելի սուղ է, քիչ եմ մոտենում այդ գործիքին»,-նշեց տիկին Աճեմյանը:

Սակայն այսքանով պատգամավորի մշակութային հակումները չեն եզրափակվում: Նա ավարտել է նաեւ Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: Ու թեեւ հետագայում չի ձգտել դերասանուհի դառնալ, այնուամենայնիվ, հասցրել է խաղալ մի քանի ներկայացումներում. «Շատ բծախնդիր հանդիսատես եմ եւ շատ եմ սիրում թատրոնը: Ինձ համար ամենադժվարը ձանձրալի, տաղտկալի ներկայացում դիտելն է, իսկ այդպիսիք, ցավոք, այսօր ավելի շատ են, քան լավ ներկայացումները: Ես քիչ ներկայացումներում եմ խաղացել, մի քանի դերեր մարմնավորել եմ ինստիտուտում, մեկն էլ՝ Դրամատիկական թատրոնում: Շատերը թյուրիմացաբար կարծում էին, որ ես լավ դերասանուհի եմ, որովհետեւ բեմի վրա լավ էի նայվում: Բայց իմ նպատակը բեմում հայտնվելը չի եղել: Ես ուզում էի թատերագիտական կուրս ընդունվել, որը, սակայն, չբացվեց, եւ ես ավարտեցի դերասանականը»,-պատմեց տիկին Աճեմյանը:

Այնուամենայնիվ, նա գոհ է, որ ավարտել է գեղարվեստա-թատերական ինստիտուտը, քանի որ այնտեղ է հանդիպել իր ամուսնուն՝ դերասան Արա Դեղտրիկյանին: Նա հաճույքով է հիշում ուսանողական տարիները, որոնք, պատգամավորի բնորոշմամբ, բավական բուռն են անցել:

Եթե խոսելու լինենք զուտ նախասիրություններից, տիկին Աճեմյանն առանձնացրեց կերպարվեստի հանդեպ իր մեծ սերը. «Ցանկացած անծանոթ երկրում առաջին տեղը, ուր այցելում եմ, թանգարանն է: Շատ եմ սիրում իմպրեսիոնիստներին: Իսկ արվեստը սիրելու համար պետք է նախ եւ առաջ այն հասկանալ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս