«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որ շուրջ երեք տարի է՝ մշակվում է, կառավարությունն անհետաձգելի էր համարել, եւ այն պետք է ընդգրկվեր երեկ ավարտված Ազգային ժողովի նիստերի օրակարգում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին պահին որոշումը փոխվել է. նախագիծը կքննարկվի ապրիլին: Մինչ այս նախագիծը տեղադրված է եղել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում, ապա քննարկվել ԱԺ-ում՝ կրթության եւ գիտության հարցերով մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված լսումների ժամանակ: Սակայն, ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, քննարկված եւ կայքում տեղադրված նախագիծն էականորեն տարբերվում է վերջնական տարբերակից, որը քննարկվել է մարտի 16-ին նույն հանձնաժողովում եւ դրական եզրակացություն ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը հաստատեց, որ որոշում է կայացվել հետաձգել նախագծի քննարկումները, քանի որ կարծիքներն ու առաջարկությունները շատ են եղել: Բոստանջյանի խոսքով` գործադիր իշխանության ներկայացուցիչները ընդունել են մտահոգությունները, եւ որպեսզի առաջինից երկրորդ ընթերցում նախագծում շատ փոփոխություններ չարվեն, որոշում է կայացվել նախագծի քննարկումը մի փոքր էլ հետաձգել: Նշենք, որ կառավարությունն անհետաձգելի է համարել նախագիծը, իսկ դա նշանակում է, որ առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը պետք է տեղի ունենա 24-ժամյա ռեժիմով:
Այս օրենքի նախագիծը մշակվում է արդեն երեք տարի եւ հասցրել է բազմաթիվ փոփոխությունների ենթարկվել: Ի սկզբանե փոփոխությունների նպատակն էլ այն է եղել, որ ապահովեն ԲՈՒՀ-ի անկախությունը՝ ինքնին ենթադրելով կառավարման խորհրդի անկախություն: Նախապես ամրագրված է եղել, որ կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն: Սակայն էլ ինչ օրենք, որ հետո ՀՀԿ-ն այն չփոխի: Այն ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, հիմա ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը, չդիմանալով գայթակղությանը, առաջարկել է տասը անդամ ունենալու դեպքում կառավարման խորհրդի անդամներից մեկը, իսկ 10-ից ավելի անդամ ունենալու դեպքում՝ երկուսը կարող են քաղաքական պաշտոն զբաղեցնել:
Ընդ որում, ուշագրավն այն է, որ կառավարման խորհուրդների կազմն էլ, ըստ նախագծի, հաստատելու է վարչապետը: Այսինքն` բավական չէ, որ նոր Սահմանադրությամբ ապագա վարչապետի տիրապետության տակ են գտնվում բոլոր լծակները, հիմա էլ պետք է հաստատի անգամ բուհերի կառավարման խորհրդի կազմը: Ընդ որում, այս փոփոխությունը բերվել է խորհրդարանական լսումներից անմիջապես առաջ: Կառավարման խորհրդի ձեւավորման հետ կապված փոփոխություն է առաջարկել նաեւ Կարեն Ավագյանը: Նրա առաջարկությամբ կառավարման խորհուրդը ձեւավորվում է բուհի դասախոսական կազմից՝ 25 տոկոս, ուսանողության ներկայացուցիչներից՝ 25 տոկոս, բուհի հետ համագործակցող գործատուներից՝ 25 տոկոս, ինչպես նաեւ հիմնադրամից եւ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առաջադրված անձին 25 տոկոս համամասնությամբ:
Մեկ այլ փոփոխությունն էլ վերաբերում է Երեւանի պետական համալսարանին: Օրենքում կետ է ավելացվել, որում ամրագրվում է, որ համալսարանը կրթական, գիտահետազոտական եւ մշակութային ինքնավար հաստատություն է, որի կարգավիճակի եւ կառավարման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այսինքն` ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տվեցին, որը կրկին ապագա վարչապետի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի համար է արվում (հենց նա է հանդիսանում կառավարման խորհրդի նախագահը): Այն, որ այս օրենքը դեռ երկար փոփոխությունների կենթարկվի, ակնհայտ է. չհասցնելով իրենց սրտով բոլոր փոփոխություններն անել` գործադիր իշխանությունը հետաձգում է նախագծի քննարկումները:
Նաիրա Հովհաննիսյան