Այլ ուժերի միանալը չպետք է ինքնանպատակ լինի. Արարատ Միրզոյանը՝ միայնակ պայքարելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքար նախաձեռնած ուժերից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, սակայն որոշվել է՝ ՔՊ-ն, լինելով «Ելք» դաշինքի անդամ, միայնակ է պայքարելու, այն էլ՝ հանրահավաքների միջոցով: Որքանո՞վ կհաջողի այդ պայքարը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔՊ վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ:

-Պարո՛ն Միրզոյան, Ձեր կուսակցության կողմից նախանշված պայքարը որքանո՞վ կհաջողի այն պարագայում, որ որոշել եք միայնակ պայքարել Սերժ Սարգսյանի հետագա վերարտադրության դեմ:

-Ես չգիտեմ` կհաջողենք, թե ոչ: Ամեն ինչ կախված է քաղաքացիներից: Մենք պիտի ստեղծենք ժողովրդի կամարտահայտման համար հնարավորություն, այդքանը: Ինչ վերաբերում է միայնակ պայքարելուն, չմոռանանք, որ նույն «Ելք» դաշինքում քննարկումները դեռ շարունակվում են, ուղղակի որոշում այս պահին ունի միայն «Քաղաքացիական պայմանագիրը»:

-Այսինքն` հնարավոր համարո՞ւմ եք, որ «Լուսավոր Հայաստանն» էլ միանա Ձեր շուրջօրյա հանրահավաքներին, չնայած հիմա տարակարծություններ ունեք:

-Իհարկե, չի բացառվում: Եվ «Հանրապետությունը»…այսինքն` մենք պայմանավորվել ենք, որ ՔՊ-ն իր որոշումը կայացնի, իսկ կոնսուլտացիաները, քննարկումները շարունակվում են:

-Դաշինքի շրջանակում այս թեմայի շուրջ երկարատեւ քննարկումների արդյունքում մի տեսակ կարծես վարկաբեկվեց փողոցային պայքարի գաղափարը:

-Ամենեւին չեմ կարծում:

-Այլ ուժեր նույնպես պայքարելու են Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ` արդեն վարչապետի կարգավիճակում: Ինչո՞ւ պետք է ժողովուրդը միանա հենց Ձեզ:

-Մենք ունենք հստակ մշակված ճանապարհային քարտեզ, որը մարտի 30-ին կներկայացնենք հանրությանը: Իհարկե, ամեն ինչ կախված է ժողովրդից. եթե ժողովուրդն ուզի հաղթել, կարող է միանալ մեզ: Մենք ժողովրդին պարտության չենք տանելու: Բայց մենք չենք կարող ոչ ոքի փոխարեն որոշում կայացնել:

-«Քաղաքացիական պայմանագիրն» ունի՞ անհրաժեշտ ռեսուրս` այս պայքարում հաջողության հասնելու համար:

-Ո՞ր ռեսուրսի մասին է խոսքը. մտավո՞ր, ֆիզիկակա՞ն…

-Թեկուզ գաղափարական…

-Իհարկե: Գիտեք` մենք բավականաչափ պատասխանատու ուժ ենք եւ գաղափարական ռեսուրսի բացակայության դեպքում չէինք նախաձեռնի սա:

-Այլ քաղաքական ուժերի առաջարկելո՞ւ եք միանալ Ձեր պայքարին:

-Այդ հարցով քննարկումները դեռ շարունակվում են:

-Իսկ եթե այլ ուժեր ցանկանան միանալ ՔՊ-ին, պատրա՞ստ եք ընդունելու նրանց:

-Գիտեք ինչ, միանալը չափազանց չարչրկված հասկացություն է մեր իրականության մեջ: Այդ միանալը չպետք է ինքնանպատակ լինի:

-Չե՞ք ցանկանում, որ այլ ուժեր Ձեզ հետ միասին լինեն փողոցում:

-Ցանկության հարց չի: Մենք առանձին պատկերացում ունենք պայքարի, դրա ընթացքի եւ գուցե ապագայի վերաբերյալ:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս