Ուսուցիչներին եւ բուժաշխատողներին կարգելվի ընտրությունների ժամանակ քարոզչությամբ զբաղվել. ԸՕ համապատասխան փոփոխությունները ընդունվել են ԱԺ-ի կողմից: Որքանո՞վ այս օրենքը կարող է արդյունավետ լինել, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի հետ:
-Պարո՛ն Բոստանջյան, չե՞ք կարծում, որ այս օրենքը մի փոքր ուշացած էր, քանի որ նախագահի ընտրություններ արդեն չեն անցկացվում, քանի որ Ազգային ժողովն է ընտրում, իսկ խորհրդարանական ընտրությունները 2022 թվականին են լինելու:
-Պետությունների, հասարակությունների զարգացման համար այս որոշումը չի կարող լինել ժամանակավրեպ: Մեզ մոտ` անկախ այն հանգամանքից, որ հիմա նախագահական ընտրություններ չկան, իսկ խորհրդարանականը կլինի 4 տարի հետո, բոլոր դեպքերում կարեւորն այն է, որ սրա վերաբերյալ կատարվեց համապատասխան փոփոխություն: Հասկանալի պատճառներով դպրոցներում մանկավարժական կազմը ակտիվորեն իրենց կամքից անկախ մասնակցում էին ընտրություններին, ինչի պատճառով կարող էինք ասել, որ ընտրություններին ոչ վստահելի արդյունք ունեինք:
-Ինչո՞ւ մի քանի տարի առաջ կամ հենց նախորդ տարի, երբ ԱԺ ընտրություններ էին սպասվում, Հանրապետականը չգնաց այս քայլին:
-Հարցը ճիշտ եք տալիս: Կարելի էր այդպես անել, բայց ելնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից` չարեց դա: Իրենց համար նպատակահարմար չէր ընտրություններից առաջ դա անել: Իսկ ապրիլի 2-ի ընտրությունները չափազանց վատ ընտրություններ էին: Ռեյտինգային համակարգը դարձավ փողատերերի կողմից հասարակությանն ապակողմնորոշելու ինստիտուտ:
-Իսկ որքա՞ն էր ընտրությունների ժամանակ հենց ուսուցիչների ու բուժաշխատողների դերը` վերջնական արդյունքի համատեքստում:
-Մեծ, դա այնքան ակնհայտ է: Նրանք այն մասնագիտությունների տեր մարդիկ են, որ շփվելու մեծ դաշտ ունեն: Նրանք չէին էլ կարող ակտիվ չլինել, որովհետեւ դա պայմանավորված էր գործը կորցնելու խնդրով, եթե հրահանգները չկատարեին: Եվ այս մասնակցության հարցը որեւէ քաղաքական ուժ չի էլ թաքցնում: Բացահայտ բանը հնարավոր չէ թաքցնել:
-Ըստ Ձեզ` վտանգ չկա՞, որ այս օրենքն էլ չի գործի, ինչպես մի շարք այլ օրենքներ:
-Անկախ օրենքից, եթե ՀՀ-ում օրենքը չունի այն գերակա ուժը, ինչ-որ բոլորս կցանկանայինք, ես Ձեզ հավատացնում եմ` այլ երկրներ էլ անցել են այս ճանապարհը: Մենք իրավունք ունենք մտածելու, որ միգուցե այս օրենքն էլ չգործի, բայց այդուհանդերձ առաջընթացը թեկուզ փոքր-փոքր քայլերով տեղի է ունենում: Ի վերջո, մենք պետք է հասնենք ու կհասնենք մի վիճակի, որտեղ օրենքը կլինի պարտադիր բոլորի համար:
-Ի՞նչ է պետք կիրառել այն ուսուցիչների եւ բուժաշխատողների հանդեպ, ովքեր աշխատանքային ժամերին քարոզչությամբ կզբաղվեն:
-Ցանկացած խախտում ենթադրում է պատժամիջոցի սահմանում եւ կիրառում: Դրա բացակայության պարագայում, բնականաբար, անձերը ստանում են հնարավորություն դա անելու եւ չպատժվելու: Ոչ միայն բուժաշխատողների եւ ուսուցիչների, այլ ցանկացած անձի դեպքում պետք է դա լինի, որովհետեւ եթե խախտումը լինում է ու չի պատժվում, դա արդեն խնդիր է: Թեկուզ տնտեսական դաշտում կամ այլ ոլորտում եթե խախտում կա, պետք է համապատասխան պատժամիջոցը լինի:
-Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ թե՛ ՏԻՄ, թե՛ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն դեպքեր, երբ ուսուցիչները կփորձեն հաճոյանալ ՀՀԿ-ին եւ էլի մասնակցություն ունենալ քարոզչությանը:
-Երբեւէ չհավատաք, որ որեւէ մանկավարժ բան ու գործ չունի եւ իր հիմնական գործը թողած` կզբաղվի ուրիշ բանով: Եթե անում են այդ խախտումը, ուրեմն այսպես, թե այնպես պարտադրվում է դա: Լավ կլինի, որ դա չլինի կամ աստիճանաբար փոքրանա: Բայց պարոն Բոստանջյանն ինչ է ասում` 2022 թվին լավ կլինի… Ես վատատես չեմ, բայց կարող է պատահի` վաղը մոլորակը վերանում է, եւ չենք էլ հասնում 2022 թվին:
-ՀՀԿ-ն քաղաքական կամք կունենա՞, որպեսզի վերահսկի եւ թույլ չտա նման խախտումների իրականացումը:
-Բոլոր դեպքերում, անվանեք քաղաքական կամք, կամ ոչ…ես ասեմ, որ բավական մոտիկ եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ, ոչ թե մոտիկ եմ, այլ ընկեր եմ եւ հավատացնում եմ, որ շատ բանիմաց, մակարդակով մարդիկ գոյություն ունեն, կան ՀՀԿ-ում, որոնք ցանկացած պարագայում ուզում են դրսեւորել կամք:
-Բայց կմնա թաղային հեղինակությունների խնդիրը, որ իրենք հանկարծ չփորձեն պարտադրել քաղաքացիներին քարոզ իրականացնել:
-Թաղային հեղինակություններն էլ աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը: Եվ չմտածեք, որ իրենք հավերժ շարունակելու են այդ պարտադրանքը կիրառել հասարակության նկատմամբ: Չեն կարող:
զրուցեց Մերի Մարտիրոսյանը