ԱՄՆ մուտքի արտոնագրերի շուրջ քաղաքացիների մտահոգությունները շարունակվում են: Բանն այն է, որ հայ երգիչ-երգչուհիները դիմում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որպեսզի ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանան, սակայն դեսպանատունը մերժում է նրանց: Այս իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն` Դինա Ակոպովնային, եւ Հրաչյա Աթոյանին: Այս իրավիճակին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` նշելով, որ ամեն ինչ կանեն` պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վիզաների համակարգը շահ ստանալու նպատակով: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` ՀՀ-ում այս աղմկահարույց գործի շրջանակներում սպասվում են ձերբակալություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե նախարարությունը չի՞ մտահոգվում վերջին շրջանում մեծ աղմուկ հանած, ԱՄՆ մուտքի արտոնագրերի շուրջ ստեղծված աղմկալի բացահայտումից, վերջինս ասաց. «Ես ցանկանում եմ` ճիշտ հասկանանք. ամեն մի երկիր ունի իր երկիր մարդկանց ընդունելու իրավասությունը, եւ եթե լինում են խախտումներ, ապա այդ երկիրն արձանագրում է այդ խախտումը, նույնը վերաբերում է Հայաստանին»: Մեր այն դիտարկմանը, որ այս գործընթացքում ներգրավված են կոնկրետ ՀՀ քաղաքացիներ, թե ինչպես են նրանք խարդախության դիմել, պարի, երգի անվան տակ մարդկանց տեղափոխել ԱՄՆ, արդյո՞ք ԱԳՆ-ն մտահոգված չէ եւ որեւէ քայլ չի պատրաստվում իրականացնել, ի վերջո, այս ամենի արդյունքում ՀՀ մյուս քաղաքացիներն են հայտնվել վատ իրավիճակում, Շավարշ Քոչարյանը նշեց. «Ցանկացած իրավիճակ պետք է դու հաշվի առնես, վերլուծես եւ կոնկրետ հետեւություններ անես, այսքանը կարող եմ ասել»:
Ի դեպ, նշենք, որ այս ամենի արդյունքում ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկվել է երգիչ Հայկ Ղեւոնդյանը` Սպիտակցի Հայկոն:
Քնար Մանուկյան