Տեւական ժամանակ է` Հայաստանն ու Եվրոպական միությունը քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը։ Հատկապես 2017 թվականին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից հետո առավել շատ սկսեց խոսվել վիզաների ազատականացման մասին: Սակայն իրականում դա այնքան էլ հեշտ եւ արագ կատարվող գործընթաց չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:
Երկարատեւ բանակցություններից հետո 2014 թվականին Հայաստանին, ի վերջո, հաջողվել էր դյուրացնել վիզաների ստացման ընթացակարգերը, ուժի մեջ էր մտել նաեւ Ռեադմիսիայի համաձայնագիրը: Վերջին տարիներին Հայաստանը միացել է նաեւ «Հորիզոն 20-20», COSME ծրագրերին, մեկնարկել են, սակայն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը դեռեւս չի սկսվել եւ առկախված վիճակում է։
Երեկ լրագրողների հետ զրույցում վիզաների ազատականացմանն էր անդրադարձել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա ընդգծեց, որ եվրոպական երկրներում վիզաների ազատականացման վերաբերյալ մտավախությունը պայմանավորված է Եվրոպայում ձեւավորված իրավիճակով, մասնավորապես, միգրանտների հոսքով, ինչի պատճառով Եվրոպան զգուշավոր է եւ շահագրգիռ, որպեսզի ազատականացումը չբերի չարաշահումների: «Այստեղ առանձին երկրների հետ աշխատելու խնդիր կա: Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը լիազորված չէ ԵՄ-ին, ամեն պետություն կարող է խոչընդոտել: Այդ տեսակետից կարեւոր է բոլորի հետ աշխատել», – նկատել էր պաշտոնյան:
Սակայն կան մի շարք պայմաններ, որոնց պետք է բավարարել վիզաների ազատականացման մասին խոսակցությանն անցնելու համար: Այս մասին բազմիցս նշել է նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Վիզաների ազատականացումը պահանջում է հսկայական, իսկապես ջանասիրաբար աշխատանք մեր հայ գործընկերների կողմից: Եվրոպացի քաղաքացիները պետք է տեսնեն, որ դուք շահագրգռված եք դեպի Եվրոպա ազատ մուտքով: Ես անձամբ հավատում եմ ազատ ճամփորդության հնարավորությանը Եվրոպայում, ես հավատում եմ, որ այդ օրը կգա նաեւ հայաստանցիների համար, հետեւաբար՝ համբերություն, ջանասեր աշխատանք եւ եվրոպական մտածելակերպ եմ մաղթում», – նշել էր նա` հավելելով՝ եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, եթե բոլոր անհրաժեշտ տարրերն առկա լինեն, եւ ԵՄ անդամ երկրները համոզված լինեն, որ ժամանակը եկել է, ապա դա տեղի կունենա, եւ ոչ ոք չի հետաձգի այն ինչ-ինչ անձնական պատճառներով:
Իսկ որքան կարող է տեւել գործընթացը, եւ ինչ պետք է անի Հայաստանը: Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ամեն ինչ սկսվում է վիզաների ազատականացման երկխոսությունով: «Այսինքն` այդ փուլը պետք է ֆորմալ անցնենք, որպեսզի առանց վիզայի մուտքի իրավունք ստանանք ԵՄ: Գործընթացը կարող է ավելի երկար լինել, կարող է ավելի կարճ տեւել: Դա կախված է նաեւ այն պայմաններից, որ Հայաստանը կատարում է, եւ նրանից, թե որքանով է ԵՄ-ն քաղաքական կամք դրսեւորում, որպեսզի այդ փուլն արագ անցնենք», – նշեց նա:
Նավասարդյանը հավելեց, թե այդ փուլից հետո արդեն սկսվում են բուն բանակցությունները՝ դրանք պրակտիկ կիրառելու քայլերին միտված: Սակայն Նավասարդյանն ընդգծեց, թե որեւէ երկրի դեմ լինելու դեպքում այդպես էլ կարող է իրականություն չդառնալ: «Այդ երկու փուլն իրար հետ, եթե ամեն ինչ լավ է գնում, մեկ ու կես տարի է տեւում, եթե սկսում է ձգձգվել ինչ-որ մեկի պատճառով, կարող է տեւել տարիներ: Եթե ԵՄ անդամներից մեկը սկզբունքորեն դեմ լինի, ապա կարող է եւ իրականություն չդառնա», – ընդգծեց Բորիս Նավասարդյանը:
Փորձագետի խոսքով` կան պարտավորությունների ստանդարտ ցանկ եւ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պետք է կատարվեն: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը, հակախտրականության օրենսդրական կարգավորումներին, աշխատանքային իրավունքներին եւ այլն: «Պարտադիր օրենսդրական կարգավորումներ են պետք, աշխատանքային իրավունքներ, պետք է երկիրն ապահովի իր քաղաքացիների իրավունքները: Եթե ապահովում է, դա նշանակում է, որ պատճառները, որ իրենք անօրինական են միգրացիայի դիմում, նվազում են, ու դա հիմք է դառնում վիզաների ազատականացման համար», – եզրափակեց մեր զրուցակիցը:
Ընդգծենք, որ վերջին շրջանում ԵՄ-ն շատ զգուշավոր է դարձել վիզաների ազատականացման հարցում: ԵՄ-ն քայլ առ քայլ է գնում այդ ուղղությամբ: Ի սկզբանե Մոլդովան է եղել, ապա Վրաստանը, հետո՝ Ուկրաինան: Ընդ որում, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինային ու Վրաստանին մի քանի տարի պահանջվեց՝ իրենց քաղաքացիների համար Եվրամիության տարածք ազատ մուտք գործելու հնարավորություն ստեղծելու համար: Այդ ճանապարհին Կիեւը եւ Թբիլիսին ավելի քան մեկ տասնյակ օրենքներ ընդունեցին:
Նաիրա Հովհաննիսյան