Սուրեն Կարայանը բացառիկ հարցազրույցում ուշագրավ մտքեր է հնչեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը «Ժողովուրդ» օրաթերթին երեկ տված բացառիկ հարցազրույցում հնչեցրել է շատ ուշագրավ մտքեր` ապագա կառավարության կառուցվածքի եւ իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ: Հաշվի առնելով Կարայանի հայտարարությունների առանձնահատկությունը` ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ` առանց որեւէ խմբագրման:

-Պարո՛ն Կարայան, Ձեզ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ Կարեն Կարապետյանը:

– … (լռություն):

– Չեք ցանկանո՞ւմ մեկնաբանել:

– … (համակ լռություն: Միայն արագացնում է քայլերը):

– Իսկ Սերժ Սարգսյանը, ըստ Ձեզ, անփոխարինելի՞ է:

– … (շարունակվում է համակ լռությունը):

Այդ ընթացքում Կարայանը հասել է ծառայողական մեքենային, ապա` «շրխկ», լսվում է մեքենայի դռան ձայնը, եւ Կարայանը հեռանում է:

Հ.Գ. Ի դեպ, Սուրեն Կարայանը երեւի առանձնահատուկ է ընկալել «լռությունը ոսկի է» արտահայտությունը եւ որոշել է այսկերպ հարստանալ: Մանավանդ, որ նրա պաշտոնական հայտարարագրի համաձայն` բավական համեստ ունեցվածքի տեր անձնավորություն է. Կարայանը չի հայտարարագրել որեւէ անշարժ կամ շարժական գույք: Փոխարենը նա 2017թ. տարեսկզբին ունեցել է 55 հազար ԱՄՆ դոլար, որը տարեվերջին ավելացել է` դառնալով 58 հազար: Իսկ նրա կինն էլ հայտարարագրել է 25 հազար դոլար:

Մ. Մարտիրոսյան




Լրահոս