Ամուսնալուծությունս ինձ դաս եղավ, այլևս չեմ վախենում միայնակ մնալուց. Ջուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հարցազրույցների շարքը կանանց նվիրված միամսյակի շրջանում։ Մենք անդրադառնում ենք կին լինելու դժվարություններին, առավելություններին, խոսում գեղեցիկ սեռի վախերի, թուլությունների եւ երազանքների մասին։ Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Ջուսն է։

-Ջո՛ւս, նախ՝ գերավանդական հարցը՝ հայաստանցի կին լինելը հե՞շտ է, թե՞ դժվար։

-Եթե կինը ոչ միայն գեղեցիկ է, այլեւ խելացի, ցանկացած երկրում կհասնի հաջողությունների, խոչընդոտներն էլ հեշտությամբ կհաղթահարվեն։

-Ձեզ նման ազատ մտածելակերպով կնոջ համար դժվար չէ՞ ապրել շատ հարցերում կարծրատիպային մտածողությամբ հասարակության մեջ։

-Դժվար է, բայց հիմա կյանքն առաջ է գնում, կանայք ամեն ինչ վերցրել են իրենց ձեռքը, ավելի ուժեղ են դարձել, ու ես դա ողջունում եմ։ Հիմա, կարելի է ասել, ամեն ինչ կինն է որոշում։ Նախկինում, իհարկե, կարելի էր ասել, որ շատ բաներ տղամարդկանց ձեռքին էր, բայց հիմա կանայք դարձել են դոմինանտ, դարձել են որոշող։ 21-րդ դարի կյանքն է այդպիսին։ Եվ դա ինձ դուր է գալիս։

-Ո՞րն է տղամարդու պատճառած ցավի դեմ Ձեր հակազդելու միջոցը։

-Ինքս ինձ վրա հենվելու միտումը։ Կինը պետք է ամեն ինչի կուլ չգնա։ Դա ես սեփական փորձից եմ ասում։ Նա պետք է երբեք ինքն իրեն չխղճա, այլապես վրայով կանցնեն։ Կինը պետք է առաջ գնա եւ միշտ հաղթող լինի։

-Այս պահին որպես կին ի՞նչ վախեր ունեք։

-Ես միշտ կարծել եմ, որ եթե մենակ եմ, տղամարդ կողքիս չունեմ, դա շատ վատ է։ Մտածել եմ, որ տղամարդու շնորհիվ պետք է ամեն ինչի հասնեմ, որ ինքը պետք է ինձ պահի։ Բայց դա շատ սխալ մտածելակերպ է։ Ես ամուսնալուծվելուց հետո հասկացա, որ պետք է ինքս ինձ վրա հենվեմ։ Եթե կինը այդպես չի մտածում, պետք է անպայման փորձի դուրս գալ հոգեբանական այդ վիճակից։ Այդ ժամանակ ամեն ինչ ճիշտ հունով կընթանա։ Ես միշտ ասում եմ, որ կինն ուժեղ սեռի ներկայացուցիչ է։ Եթե նրա կողքին կա տղամարդ՝ ավելի լավ, եթե կա ուժեղ տղամարդ՝ առավել եւս, բայց այսօրվա դրությամբ կանայք իշխում են աշխարհը, եւ, պատկերացրեք` դա նրանց մոտ վատ չի ստացվում։

-Ո՞րն եք համարում Ձեր կանացի թուլությունը։

-Դա սերտորեն կապված է վախերիս հետ։ Նախկինում ունեի թուլություն, երբ մտածում էի, որ կարող եմ միայնակ մնալ։ Բայց հիմա այլեւս դրանից չեմ վախենում։ Ամուսնալուծությունից հետո այդ առումով եւս շատ եմ փոխվել. դա շատ լավ դաս էր ինձ համար։ Ինձ միշտ ասում են՝ վա՜յ, առանց տղամարդու, առանց երեխաների կմնաս։ Ընտանիք կնոջը, իհարկե, պետք է, բայց այն դեպքում, եթե այն լինի ամբողջական։ Եվ հետո, միշտ չէ, որ միայնակ կանայք դժբախտ են։ Կան շատ կանայք, որոնք ունեն զավակներ, սակայն իրենց չափազանց միայնակ են զգում։

-Երբ կինը հաճախ է փոխում սանրվածքը, նշանակում է՝ հոգեբանական խնդիր է լուծում, մտադիր է փոխել նաեւ անձնական կյանքը։ Ձեր դեպքում է՞լ է այդպես։

-Այո՛, կա նման բան։ Հաճախ առավոտյան արթնանում եմ եւ ցանկանում եմ ուրիշ լինել։ Զգում եմ, որ դա ինձ չափազանց ուրախացնում է։ Առհասարակ, կինը պետք է ինքն իրեն ուրախացնելու առիթը բաց չթողնի։ Նա մի քիչ էլ էգոիստ պետք է լինի, միայն՝ ոչ երեխաների նկատմամբ։

-Ջո՛ւս, եւ վերջում՝ հիմա՝ որպես կին, ինչի՞ մասին եք երազում։

-Երազում եմ թե՛ արտաքնապես, թե՛ հոգեպես, թե՛ կարիերայում կատարելագործվելու մասին։ Հիմա ամբողջ ուժերս կարիերայիս եմ ուղղել։ Երեխաներ ունենալ, օրինակ, շատ եմ ուզում, բայց սկզբում ցանկանում եմ ունենալ իմ անձնական բնակարանը։ Այն տունը, որտեղ ապրում եմ, վարձակալում եմ։ Ես շատ պարտաճանաչ եմ, եւ առանց տուն ունենալու՝ երեխա ունենալ չեմ ուզում, քանի որ այն համոզման եմ, որ երեխային պետք է ապահովել բոլոր պայմաններով, նա պետք է իր կողքին ուժ զգա։ Առաջ Աստված, տեսնենք՝ ինչպես կստացվի։

Անի Անտոնյան




Լրահոս