Հայ աստղերից ու՞մ դստեր հետ է պատրաստվում դուետ երգել Լիդուշիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանուկների սիրելի երգչուհի Լիդուշիկը պատրաստվում է դուետով հանդես գալ դերասաններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանների կրտսեր դստեր՝ Յանայի հետ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց Լիդուշիկի պրոդյուսեր Գոհար Ավագյանը։ «Գեղեցիկ աշխատանք ենք պատրաստվում ներկայացնել՝ երգելով կրկին փոքրերի աշխարհի մասին»,-ասաց պրոդյուսերը։

Հարցին, թե, այնուամենայնիվ, կարելի՞ է ասել, որ Լիդուշիկը մուտք է գործել մեծերի շոու-բիզնես, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նա 19 տարեկան է եւ արդեն կատարում է նաեւ սիրային երգեր, տիկին Գոհարը պատասխանեց. «Վերջերս վերադարձանք Միացյալ Նահանգներից, ուր մեկնել էինք համերգների, եւ հասկացանք, որ երեխաները Լիդուշիկի լսարանի մշտական մասն են կազմում։ Ավետ Բարսեղյանը երբեմն նույնիսկ հումորով ասում է, որ հերթական համերգի ժամանակ զգուշացնելու ենք՝ մինչեւ տասը տարեկան երեխաների մուտքը խստիվ արգելվում է։ Ինչ-որ հետաքրքիր ձգողականություն կա, որով Լիդուշիկը գրավում է փոքրիկներին։ Մենք էլ ենք աշխատում, որ անցումը մեծերի շոու-բիզնես շատ կտրուկ չլինի, որ երեխա հանդիսատեսներին չկորցնենք։ Չէ՞ որ հենց այդ անկեղծ լսարանն է կայացրել երգչուհի Լիդուշիկին»։

Մենք հետաքրքրվեցինք՝ որ տարիքում էլ լինի՝ Լիդուշիկը կշարունակի՞ երգել մանկական երգեր. «Եթե հանդիսատեսը ցանկանա՝ այո, պետք է երգի։ Ի դեպ, ասեմ, որ Միացյալ Նահանգներում մենք ունեցանք հանդիպում երկրպագուների հետ եւ նրանց ասացինք, որ իրենք են ընտրելու՝ Լիդուշիկը համերգի ընթացքում ինչ երգեր կատարի։ Այսինքն՝ սցենարը ինտերակտիվ կերպով կազմեց հանդիսատեսը։ Պատկերացրեք՝ երեխաները պահանջում էին «Փոքրերի աշխարհ» երգը, որը նա կատարել է տասը տարի առաջ»,-եզրափակեց տիկին Գոհարը։

Նա հավելեց, որ կա եւս երկու երգ, որոնց վրա Լիդուշիկը աշխատում է, դրանք դեռ աշխատանքային պրոցեսում են եւ առաջիկայում կներկայացվեն երկրպագուների դատին։ Ինչ վերաբերում է տեսահոլովակին, մեր զրուցակիցը ոչ մի հստակ տեղեկություն դեռ չհաղորդեց։

Անի Անտոնյան




Լրահոս