Տեսակցության նոր կարգ՝ ծանր հանցագործության և ցմահ դատապարտվածների համար. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունն օրենսդրական նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է մի նախագիծ, ըստ որի «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:

Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի «Դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ» վերտառությամբ 92–րդ հոդվածի 2–րդ մասը նախատեսում է, որ դատապարտյալներին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 1 կարճատև տեսակցություն՝ մինչև 4 ժամ տևողությամբ և երկու ամսվա ընթացքում առնվազն 1 երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր տևողությամբ: Միաժամանակ, հոդվածում նշված կարգավորումներից բացառություն է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունների դեպքում, այն է՝ տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն:

Ընդգծվել է, որ ներկա պայմաններում հաշվի չի առնվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակով պայմանավորված առանձնահատկությունները, և ներկա իրավակարգավորման շրջանակներում խաթարվում է վերջիններիս կապը ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, որը կարող է ուղեկցվել բազմաթիվ հոգեբանական խնդիրներով՝ բարձրացնելով կրկնահանցավորության ռիսկերը, ինչպես նաև ոտնահարելով դատապարտյալի ընտանիքի անդամների, առավելապես երեխաների` ծնողների հետ շփման իրավունքը:

Նախագծում նշվում է, որ դատապարտյալների, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տեսակցության իրավունքը դասվում է նրանց հիմնական իրավունքների շարքին. «Դրանց իրացման համար նախատեսված պայմանները պետք է հնարավորին չափ թույլ տան դատապարտյալներին պահպանել և զարգացնել ընտանեկան հարաբերությունները, իսկ քրեակատարողական հիմնարկը պարտավոր է աջակցել անազատության մեջ գտնվող անձանց արտաքին աշխարհի հետ կապեր հաստատելու և պահպանելու գործում»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս