ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ում ղեկավարած կառույցն իր որոշումներով այս տարիներին լեգիտիմացրել է Հայաստանում ընտրակեղծիքներով անցկացված համապետական ընտրությունները, երեկ անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, ընդ որում, սրտառուչ կերպով: «Զգում էի` իրավիճակն այդպիսին էր, ավտոմատները պատրաստ էին, կամուֆլյաժները հագած` մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետեւանքներ: Քննարկումների սկզբունքն այս էր` մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, վերջում երբ տեսա՝ կոնֆլիկտը չենք հաղթահարում, ես բավականին զայրացա, կյանքում ինձնից որեւէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին. ասացի՝ առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե դուք գնում եք էդ ճանապարհով»,- մարտի 1-ի օրվա մասին պատմել է նա: Միայն թե այսօր սրտաճմլիկ խոսքեր է ասում մի անձնավորություն, որը ժամանակին ոչ միայն ճանաչել է 2008թ. այլանդակ ընտրակեղծիքներով անցկացված ընտրությունների արդյունքները (ընդ որում, համառ պնդումներ կան, որ ե՛ւ ինքը, ե՛ւ ՍԴ մյուս անդամներն այդ քայլին գնացել են Բաղրամյան 26-ի ճնշման տակ), այլեւ մասնակից է եղել հակասահմանադրական գործընթացի: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածին, ըստ որի` «Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը»։ Նախագահի ընտրություն նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից, մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ ՍԴ վճիռը։ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` 2008թ. մարտի 2-ից Երեւանում հայտարարվեց արտակարգ դրություն, որի պայմաններում չէին կարող անցկացվել նաեւ ՍԴ նիստերը: Բայց չնայած այդ հանգամանքին` ՍԴ-ն այդ օրերին ոչ միայն «աշխատեց», այլեւ կայացրեց որոշումը՝ ճանաչելով սարսափելի ընտրակեղծիքներով ուղեկցված այդ ընտրությունները:

 

 

Հայաստանում պետական գերատեսչություններն ունեն իրենց արտաբյուջետային միջոցները, եւ գաղտնիք չէ, որ դրանք կոռուպցիայի իսկական բուն են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել է, թե նախորդ տարվա ընթացքում ի՞նչ նպատակներով են ծախսվել արտաբյուջետային միջոցները: Թեեւ մինչեւ հիմա հաշվետվությունը տարեկան կտրվածքով հրապարակված չէ, այլ հասանելի են 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, այնուհանդերձ, կարելի է ասել, որ բավական խոսուն պատկեր է: Կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտները կազմել են 96 մլն դրամ, բայց ծախսերը գրեթե 2 մլրդ դրամ ավելի են իրականացվել: Օրինակ` 969 մլն դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, միայն 41 մլն դրամից ավելի ծախսվել է աշխատողների աշխատավարձի եւ հավելավճարների վրա, մոտ 3.5 դրամ էլ հատկացրել են ներկայացուցչական ծախսերին: Իսկ Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ արտաբյուջետային միջոցներից 113 մլն դրամ որպես դրամաշնորհ հատկացրել է պետական համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին, նվիրատվություններ է արել ոչ կառավարչական` հասարակական կազմակերպություններին` 57 մլն դրամի չափով, եւ այսպես շարունակ: Իրոք, բավական խոսուն պատկեր է:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դիմել է Սերժ Սարգսյանին «Քիմիկների գործով» դատապարտվածներից Սամվել Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով: «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար: Ըստ մեզ հասած լուրերի` Սամվել Խաչատրյանի ընտանիքը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ, եւ չի բացառվում, որ Քոչարյանի ընտանիքն է դիմել Հարությունյանին, որ միջնորդի Ս. Սարգսյանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Դավիթ Հարությունյանը հերքել է այս լուրերը: «Որեւէ մեկի հետ կապված ներման հարցով չեմ դիմել,- ասել է նա՝ հավելելով,-ես Սամվել Խաչատրյան բարեկամ ունեմ, որը երբեւէ դատապարտված չի եղել եւ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Կրկնում եմ` չեմ հիշում նման մարդ, չեմ հիշում նման քրեական գործ եւ որեւէ մեկ անգամ որեւէ մեկին չեմ դիմել նման հարցով»:

 

 

 

Դեղատոմսով դեղերը բաց թողնելու նոր կարգից դժգոհողների թիվը շարունակում է ավելանալ: Բացի այդ` լուրջ մտահոգություններ կան նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու վերաբերյալ որոշումից: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Սպարտակ Միրզոյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Դեղերի ցանկի ծանրաբեռնված լինելը մտահոգիչ է նաեւ բժիշկների համար: Բացի այս` պետք չէ բժիշկներին զրկել կոնկրետ դեղի անունը գրելու իրավունքից: Չէ՞ որ բժիշկն ինքը ավելի լավ է տիրապետում, թե որ ընկերության դեղորայքը կարող է արդյունավետ լինել»: Ըստ նրա` «Մինչ այժմ մենք կարողանում էինք մեր` տնօրենի եւ ադմինիստրատիվ խորհուրդի ներքին որոշումով մեր սպասարկման տարածքի հիվանդներին դեղորայքով ապահովել»: Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու որոշմանը, Միրզոյանը նշել է. «Նմանօրինակ գործընթացի հապշտապությունը շատ սխալ է: Դա ավելի լուրջ անհանգստություն կարող է առաջացնել ե՛ւ բժիշկների, ե՛ւ հիվանդների մոտ»:

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻ՞Ր
Իշխանությունները` Սրեժ Սարգսյանի գլխավորությամբ, սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնելուց ի վեր փորձել են համոզել, թե խորհրդարանական կառավարման համակարգը կնպաստի երկրի զարգացմանը: Երեկ էլ Սերժ Սարգսյանը բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, խոսելով արդարադատության ոլորտի, մասնավորապես դատական համակարգի մասին, չի շրջանցել սահմանադրական փոփոխությունների թեման: Միայն թե, որքան էլ նա փորձել է շեշտել խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությունը, բայց եւ միաժամանակ ուշագրավ խոստովանությամբ է հանդես եկել. «Կիսանախագահական համակարգը որոշակի խնդիրներ լուծել է մեր երկրի զարգացման գործում, բայց հավատացեք՝ զարգացման համար այն լավագույնը չէ: Իհարկե, մենք մշտապես ասել ենք, այժմ էլ ասում ենք եւ ասելու ենք նաեւ հետագայում, որ երկիրը կարող է զարգացման մեծ թափ, մեծ տեմպ ունենալ կառավարման ցանկացած ձեւի պարագայում: Սա ճշմարտություն է, բայց ճշմարտություն է նաեւ այն, որ տասնամյակների փորձություն անցած մեխանիզմները կարող են նպաստել կամ խոչընդոտել այդ զարգացմանը»:
Սկսենք նրանից, որ այս ողջ ընթացքում իշխանություններն այդպես էլ որեւէ հիմնավոր փաստարկ չներկայացրին, թե կիսանախագահական եւ նախագահական համակարգն ինչո՞վ է խոչընդոտում երկրի զարգացմանը, կամ խորհրդարանական կառավարման համակարգն ինչո՞վ է ավելի արդյունավետ, ինչպե՞ս է նպաստելու դրական ընթացքին: Ու հավատացեք, որ նրանք չեն կարող ծանրակշիռ ներկայացնել, քանի որ երեկ նաեւ Սերժ Սարգսյանն է հայտարարել՝ «երկիրը կարող է զարգացման մեծ թափ, մեծ տեմպ ունենալ կառավարման ցանկացած ձեւի պարագայում»: Կարելի է ասել՝ աքսիոմատիկ ճշմարտություն է ասվածը, եւ դրանից հետո մնացած բոլոր խոսակցություններն անիմաստ են:
Ի վերջո, դա է ապացուցել պատմական փորձը, քանի որ երկրի զարգացումը կախված է ոչ թե կառավարման համակարգից, այլ կառավարման փիլիսոփայությունից, թե իշխանավարման ի՞նչ մեթոդ է ընտրել պետության ղեկին գտնվող ուժը: Այսինքն՝ եթե մի երկրում իշխանությունը լեգիտիմ չէ, անընդհատ ոտնահարվում է Սահմանադրությունը, խախտվում են օրենքները, անպատժելիության, ամենաթողության մթնոլորտ է, տնտեսական դաշտում մենաշնորհներ են, իսկ դատական համակարգը ոչ թե անկախ է, այլ կատարում է իշխանությունների պատվերը, կապ չունի` կառավարման ինչպիսի համակարգ է, միեւնույն է` այդ երկիրը դատապարտված է ձախողումների: Այնպես որ, իրականում Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ընդամենը մեկ նպատակ էին հետապնդում՝ օրենսդրական հիմքեր ստեղծել Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրման համար:




Լրահոս