ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՃԱՄՓԻ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եւ անդամ Ֆելիքս Թոխյանի հետ:

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմերը զեկույց էին հրապարակել, թե ՍԴ շատ որոշումներ չեն կայացվում: Դա չի՞ նսեմացնում ՍԴ-ի դերը:
-Եթե ինչ-որ դրույթ հակասահմանադրական է ճանաչվում, դա անմիջապես կատարվում է, խնդիր չի առաջանում: Այսինքն` նորմը հակասահմանադրական է, այդ պահից այդ նորմը չի գործում: Խոսքը վերաբերում է իրավական դիրքորոշումներին, թե ինչպես են իրացվում դրանք: Խնդիրներ առաջանում են այստեղ, մի մասը չի կարողանում համապատասխան ձեւով կառուցակարգային լուծումներ գտնել, օրենսդրական լուծումներ գտնել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է որոշումների, որոնք ժամկետներ ունեն: Մենք սահմանադրորեն այդ հարցը լուծել ենք, եւ հիմա կոնկրետ նաեւ օրենսդրորեն է լուծվել, որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացնելուց հետո արդարադատության նախարարությունը պարտավոր է վերլուծել, եւ եթե օրենսդրական փոփոխությունների խնդիր է առաջ քաշել ՍԴ-ն, ապա պետք է օրենսդրական նախաձեռնությամբ դա ներկայացնել Ազգային ժողով: Այս պարագայում դա կնվազեցնի չկատարումը, եւ որոշումների կատարումն ավելի լիարժեք կլինի:
-Դա արդյո՞ք կնպաստի դատարանների դերի բարձրացմանը: Ի վերջո, հասարակության մոտ անվստահություն է առկա:
-Բնական է: Ես դեռ լիազորություններ չեմ ստանձնել նոր տեղում, բայց այնտեղ մենք նախատեսել ենք շատ հստակ կարգ, որ դատական իշխանությանը վերաբերող բոլոր նախագծերի վերաբերյալ ԲԴԽ-ն պետք է կարծիք հայտնի: Այդ կարծիքը, նախագիծը պետք է շրջանառվի դատարաններում, մենք պետք է դրա վերաբերյալ սահմանենք՝ կարգն ինչպես է: Մեր նպատակը նա է, որ դատական իշխանությունը չլինի օբյեկտ իշխանության մյուս թեւերի մոտ, այլ լինի սուբյեկտ իրավական հարաբերություններում: Բայց դրա մեխանիզմները դեռեւս ստեղծված չեն: Այսինքն` պետության կայացման ճանապարհին պետք է քայլ առ քայլ կատարելագործել մեխանիզմներ, որպեսզի իրավական համակարգը կարողանա նորմալ աշխատել: Մենք դեռ դրա միջնամասում ենք:
-Պարո՛ն Հարությունյան, ՍԴ նախագահի պաշտոնում Ձեզ փոխարինելու է Հրայր Թովմասյանը: Բայց, ի տարբերություն Ձեզ, նա երկար տարիներ կուսակցական է եղել: Դա չի՞ խանգարի նրան օբյեկտիվ լինելու հարցում:
-Ինքն ունի այն որակները, որ կարողանա հաղթահարել նաեւ քաղաքական իր նախկին մոտեցումները: Հետո կա մեկ ուրիշ բան. շատ հաճախ տարբեր ոլորտների քաջատեղյակ լինելով` կարողանում ես ավելի արդյունավետ աշխատել: Միգուցե թե այս պարագայում այդ իրողությունը կլինի:

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյան


-Պարո՛ն Թոխյան, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմերը զեկույց էին հրապարակել, թե ՍԴ շատ որոշումներ չեն կայացվում: Դա չի՞ նշանակում, որ ՍԴ-ի հետ հաշվի չեն նստում:
-Չէ՛: Ես հարգում եմ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքը, դա փաստի ամրագրում է, իրականում ինքը՝ Սահմանադրական դատարանը, իր տարեկան զեկույցներում նույնպես այդ խնդիրը մի քանի անգամ շոշափել է: Ոչ թե կարելի է ասել՝ ընդհանրապես չի կատարվում, այլ կան որոշակի որոշումներ, որոնք ձգձգվում են, ուշ են կատարվում: Եղել են դեպքեր, երբ իրենք այնպես չեն կատարել, ինչպես մենք ասել ենք: Բայց դա ընդհանուր աշխարհի սահմանադրական արդարության ամենամեծ գերխնդիրն է՝ դատարանների որոշումների իրագործման մեխանիզմը:
-Սակայն փաստ է, որ ՍԴ որոշումները չեն կատարվում: Ո՞վ է այդ դեպքում իրավիճակի պատասխանատուն:
-Դուք պետք է հասկանաք, որ երեք իշխանության միջեւ դատարաններն ամենաթույլն են: Դատարանները չունեն օրենսդիր իշխանության ուժը, դա փողն է, չունեն գործադիր իշխանությանը, դա ուժայիններն են: Դատական իշխանությունն ուժ է, դա վստահությունն է, իրավունքի գերակայության ապահովումն է: Բայց հիշեք՝ որ երկրում Սահմանադրական որոշումները չեն կայացվում, այդ երկրում չկա դատական իշխանություն: Այդ պետք է լավ հասկանանք: Ես կարող եմ ասել, որ քսան տարուց ավել շատ քիչ դեպքեր են եղել, երբ Սահմանադրական դատարանի որոշումները չեն կատարվել, կամ կատարվել են ուշացումով: Դուք գիտեք, որ ՍԴ որոշումները վերաբերում են օրենքների, այսպես ասած, ապագա կատարելագործմանը, փոփոխություններին, իսկ օրենքը դա քաղաքական կամքի արտահայտություն է, որը կարող է երկար տեւել:
-Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, որը ՀՀԿ-ից էր:
-Անձնական ոչ մի հարցի չեմ պատասխանում: Ես իմ ընկերոջը սուբյեկտիվ եմ վերաբերվում: Ես սուբյեկտիվ եմ, նա իմ վաղեմի, վաղեմի, վաղեմի բարեկամն է, իմ ընկերն է: Եվ խոստացել եմ՝ ամեն հարցով հենց գա, խոչընդոտները կվերացնեմ: Նա բարձր պրոֆեսիոնալ է, բարի գալուստ դատարան: Մյուս հարցերին կպատասխանեմ նրա նշանակումից հետո:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԻՄ ՈՒ ՆՐԱ ՉԿԱ. ՍԿԶԲՈՒՆՔ ԿԱ

Սոցիալական ապահովության պետական ծառայությունում Հովհաննես Սահակյանի նշանակումից հետո բավական մեծ թվով կադրեր աշխատանքից ազատվեցին: Դեռեւս նախորդ տարի լուրեր շրջանառվեցին, որ Սահակյանի եւ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հարաբերությունները լարված են: Իսկ պատճառը հենց Սահակյանի կադրային քաղաքականությունն է: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, Դուք բազմիցս նշել եք, որ անբարեխիղճ աշխատակիցներից ազատվելու եք: Հիշենք տարիներ առաջ ՍԱՊԾ նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դեպքը. չարաշահումների համար նրան բանտարկեցին, հետո նա դուրս եկավ, բայց այդպես էլ որեւէ գումար չփոխհատուցեց: Ի վերջո, ինչպե՞ս այդ վնասի փոխհատուցումը եղավ:
-Ես համամիտ չեմ, որ որեւէ գումար չի փոխհատուցվել. այնտեղ վերականգնում եղել է: Բայց իմ խնդրանքը եւ խորհուրդը. եկեք, առաջ նայենք. եղել է չարաշահում, կան մարդիկ, ովքեր պատասխանատվության են ենթարկվել` օրենքով սահմանված կարգով: Մենք հիմա գնում ենք ծառայության հանդեպ ժողովրդի վստահության բարձրացման բարեխիղճ ծառայություն մատուցելու ճանապարհով: Եվ անբարեխիղճ աշխատողներից, իհարկե, ազատվելու ենք: Այդ շարքը շարունակելի է. ես պարզ ճակատով ասում եմ, որովհետեւ իմ ցանկացած որոշման հիմքում ընկած է բացառապես արդարացի որոշում կայացնելու սկզբունքը: Այս 6 ամիսների ընթացքում 51 տարածք անձամբ այցելել եմ, խորհրդակցություն հրավիրել Երեւանում, մարզերում: Ներկայացնում ենք մեր մոտեցումները, եւ եթե նրանք չեն հասկանում, չեն ուզում հասկանալ կամ փոխվել, ելքը մեկն է. պետք է այդ չարիքից ազատվելու համար հիմնովին կտրենք դա արմատից եւ փորձենք նոր կադրերով լրացնել:
-Հայտնի է, որ Ձեր եւ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հարաբերությունները լարված էին: Հիմա ինչպե՞ս եք հարաբերվում:
-Դա ընդամենը մամուլի հետաքրքրաշարժությունն առաջ տանելու խնդիրն էր: Որեւէ նման խնդիր չկա, մենք նախկինում էլ, երբ ես ԱԺ պատգամավոր էի, իսկ Արտեմ Ասատրյանը` նախարար, մենք` որպես գործընկերներ, շատ մեծ սիրով աշխատել ենք: Այսօր էլ շարունակում ենք նույն սկզբունքով աշխատել եւ խնդիրները, որ ծառացած են այս համակարգի առջեւ, լուծել եւ տանել առաջ:
-Նախարարը ողջունո՞ւմ է Ձեր քաղաքականությունը, որ անբարեխիղճ աշխատողներից ազատվում եք:
-Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի մարդ, ով չի ողջունի, որ մենք անբարեխիղճ աշխատողներից ազատվում ենք: Նորից եմ նշում. իմ քայլերի սկզբունքը եւ հիմքը հետեւյալն է` արդարացի որոշումներ: Իսկ դա նշանակում է` համոզված լինել, որ այս աշխատակիցն իրականացրել է որոշակի խախտում, դրա համար ազատվում է աշխատանքից:
-Պարզապես խնդիրն այն է, որ այդ մարդիկ նախարարի կադրերն էին, որոնց նա հովանավորել է:
-Իմ ու նրա չկա. սկզբունք կա: Ես իմ 570 աշխատակիցներին երբ հանդիպել եմ, բառացի ասել եմ` գիծը քաշում ենք, գնում ենք նոր աշխատաոճով: Ովքեր մեզ հետ են, մեր սկզբունքների կրողն են, մեր թիմի անդամ են, ովքեր ոչ, ազատվելու են: Իսկ այստեղ իմ ու քո չկա, ես հավատացնում եմ Ձեզ:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ
ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության ժամանակ «Ելք» խմբակցության անդամները պահանջել էին փաստաթղթեր, որոնք կվկաեին, թե երբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Այդ նույն պահանջով ոստիկանություն էր դիմել նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանը: «ժողովուրդ» օրաթերթը ոստիկանությանն ուղղված հարցման միջոցով փորձեց պարզել, թե ե՞րբ է Սարգսյանը ստացել ՀՀ քաղաքացիություն, եւ կա՞ն փաստաթղթեր, որոնք կվկայեն, թե նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ շնորհվել է 1995 թվականին: Նաեւ նշված է, թե ՀՀ քաղաքացիներն այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն տրամադրելու օրենքով սահմանված պարտականություն չունեն, եւ որ բնակչության պետական ռեգիստրում Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: Այլ կերպ ասած` Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիութունից հրաժարվելու հիմքեր չկան նաեւ ոստիկանությունում: Հիշեցնենք` Սարգսյանը 2002-2011թթ. եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, սակայն իր ասելով` հետագայում հրաժարվել է: Բայց ԱԺ-ում իր ընտրության ժամանակ Արմեն Սարգսյանը, հակառակ պատգամավորների պահանջներին, այդպես էլ չի ներկայացրել որեւէ փաստարկ` ապացուցելու, որ իրապես երբ է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից:
 

ՄԻԼԻՈՆՆԵՐ` ՓՆԹԻ ԷՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեւանի քաղաքապետարանը արդեն սկսել է քաղաքի ծառերի գարնանային էտը: Այս օրերին երեւանյան մայթերին` հիմնականում շենքերի հարեւանությամբ եւ այգիների մոտ, նկատվում են ծառերի էտած, թափված ճյուղեր: Մի կողմից քաղաքապետարանը խրախուսում է տարածքը մաքուր պահել, աղբը չթափել, իսկ մյուս կողմից իրենք են աղտոտում ու չեն հավաքում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց նման իրավիճակ. Նոր Նորքի 3-րդ զանգվածում ծառեր էին էտվել, իսկ էտված ճյուղերը թափված մնացել էին` աղտոտելով տարածքը` այդպես անհարմարություն պատճառելով անցորդներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը ընթացիկ տարվա բյուջեով ծառերի ճյուղերի էտման համար նախատեսել է քաղաքային բյուջեից ծախսել 19 մլն 996 հազար 410 դրամ: Պատկերացնում եք` երկու տասնյակ միլիոն դրամ միայն էտման համար: Բայց միայն էտման, իսկ դրանց հավաքելու համար կամ էտելուց հետո տարածքը մաքրելու համար փող չկա:




Լրահոս