ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԾԱԽՍՎՈՒՄ ԵՆ ԱՆՆՊԱՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ մեր երկրում արտաբյուջետային միջոցները կոռուպցիայի իսկական բուն են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, թե նախորդ տարվա արտաբյուջետային միջոցներն ինչի վրա են ծախսվել. պատկերը բավական խոսուն է:

Եւ այսպես` հրապարակվել է 2017 թվականի ինն ամիսներին պետական բյուջեում ներառված արտաբյուջետային միջոցների ծախսերի ցանկը. տարեկան տվյալները դեռ չկան: Բայց եղածն էլ բավարար է` որոշակի պատկերացում կազմելու համար:
Եվ այսպես` ընդհանուր առմամբ նախորդ տարվա ինն ամիսներին արտաբյուջետային միջոցների ընթացիկ ծախսերը փաստացի կազմել են 22,2 մլրդ դրամ: Իսկ ծախսերը կազմել են 23 մլրդ դրամից ավելի:
Իսկ ինչպես են գերատեսչությունները ծախսել արտաբյուջետային միջոցները: Կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտները կազմել են 96 մլն դրամ, ծախսերը` գրեթե 2 մլրդ դրամ: Ստացվում է` կառավարության աշխատակազմը նախատեսածից բավական շատ է գումար ծախսել: Ընթացիկ ծախսերն այս դեպքում կազմել են 969 մլն դրամ: Միայն 41 մլն դրամից ավելի էլ ծախսվել է աշխատողների աշխատավարձի եւ հավելավճարների վրա: Մոտ 34 մլն դրամ էլ կառավարության աշխատակազմը ծախսել է համակարգչային ծառայությունների վրա, մոտ 3 ու կես մլն դրամ էլ հատկացրել են ներկայացուցչական ծախսերին: Այլ խոսքով` խմիչք ու «բոնբոներկա» են գնել, եւ այսպես շարունակ:
Արդարադատության նախարարությունն էլ ծախսերի հարցում չի զիջում: Գերատեսչության ընթացիկ եկամուտները կազմել են գրեթե 294 մլն դրամ, ծախսերը` 281 մլն դրամից ավելի: Նախարարությունը աշխատողների աշխատավարձերի եւ հավելավճարների հարցում գումար չի խնայել. ծախսվել է 28 մլն դրամ: Սակայն սա դեռ ամենը չէ: Արդարադատության նախարարությունը պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ է բաշխել, որոնք կազմել են ոչ ավել, ոչ պակաս 226 մլն դրամ: Արտասահմանյան գործուղումների համար էլ գերատեսչությունն արտաբյուջետային միջոցներից 563 մլն դրամ է ծախսել:
Ետ չի մնում նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը: Արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտների նախահաշիվը եղել է 303 մլն դրամ, ընթացիկ եկամուտները կազմել են գրեթե 376 մլն դրամ, ծախսվել է 180 մլն դրամից ավելի: Նախարարությունը գրեթե 145 մլն դրամ հատկացրել է պարգեւատրումներին, դրամական խրախուսումներին եւ հատուկ վճարներին: 21 մլն դրամից ավելի էլ ուղղվել է շարունակական ծախսերին: Գործուղումների եւ շրջագայությունների համար ծախսերը կազմել են 4 մլն 259 հազար դրամ: Ներկայացուցչական ծախսերին ուղղվել է 4 մլն 611 հազար դրամ: Արտգործնախարարության ընթացիկ եկամուտները 375 մլն դրամից ավելի են կազմել, ծախսերը` 426 մլն դրամից ավելի: Միայն 363 մլն դրամ գերատեսչությունն ուղղել է այլ ծախսերին: Տրանսպորտային սարքավորումների համար էլ նախարարությունը 23 մլն դրամ է ծախսել, վարչական սարքավորումների համար` 7 մլն 579 հազար դրամ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատկերը եւս բավական խոսուն է. ամենակոռումպացված գերատեսչություններից մեկը համարվող այս նախարարությունում արտաբյուջետային միջոցները վատնում են բավական մեթոդաբար: Ընթացիկ ծախսերը կազմել են 57 մլն դրամ, իսկ ծախսել է նախարարությունը ավելի քան 170 մլն դրամ: Թե ինչին են ուղղվել այս ծախսերը այն դեպքում, երբ քաղաքացիների ո՛չ կենսաթոշակի, ո՛չ էլ նպաստի բարձրացում չի եղել, կարող ենք միայն եզրակացնել: Սակայն դժվար չէ գուշակել, որ սոցապնախարար Արտեմ Ասատրյանն այս միջոցներն իր մտերիմների կազմակերպություններին տրամադրած կլինի: Նախարարության կապիտալ դրամաշնորհները պետական համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին կազմել են 113 մլն դրամ: Սոցապը նաեւ նվիրատվություններ է արել ոչ կառավարչական` հասարակական կազմակերպություններին` 57 մլն դրամի չափով: Բավական կլորիկ գումար է ծախսել կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Ընթացիկ եկամուտները կազմել են գրեթե 290 մլն դրամ, իսկ ծախսերը` գրեթե 194 մլն դրամ: Մոտ 43 մլն դրամ տրամադրվել է պարգեւատրումներին, դրամական խրախուսումներին եւ հատուկ վճարներին: Իսկ ոստիկանության կողմից ոչ թե կլորիկ, այլ չափազանց չաղլիկ գումարներ են ծախսվում արտաբյուջեից: Ոստիկանության ընթացիկ եկամուտները կազմել են, ուշադրությո՛ւն, 12 մլրդ 802.000 դրամից ավելի, ծախսվել է 12 մլրդ 918.000 դրամից ավելի: Աշխատողներին աշխատավարձի եւ հավելավճարի տեսքով տրվել է 6 մլրդ դրամից ավելի: Գրեթե 5 մլրդ դրամ էլ ոստիկանությունը ծախսել է ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման համար:
Այս տվյալները հերթական անգամ փաստում են, որ մեր երկրում իշխանություններն անխնա մսխում են արտաբյուջետային միջոցները: Որոշ նախարարությունների դեպքում այնպիսի տպավորություն է, որ դրանք գոյատեւում են միայն արտաբյուջետայինի հաշվին:
Մեկ փաստ էլ. Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորումից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նաեւ «վերացնել նախարարությունների, պետական այլեւայլ գերատեսչությունների, ինչպես եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները»: Գործադիրի անդամներն ամեն կերպ փորձում էին արդարանալ, թե արտաբյուջետային միջոցները չեն մսխում, դրանք հույժ անհրաժեշտ են եւ այլն: Իրականությունը, սակայն, միանգամայն հակառակի մասին է վկայում. գործ ունենք չարաշահումների եւ վատնումների հետ:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՄԵԿ ԱՄԻՍ ԱՆՑ
Արդեն մեկ ամիս է՝ ինչ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դեմ ներկայացված քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումը եւ դեռ որոշում չի կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին էթիկայի հանձնաժողովից հայտնեցին, թե դիմումի քննությունն ընթանում է, երբ կավարտի, դրա մոտավոր ժամկետների, հնարավոր արդյունքներիի մասին ոչինչ ասել չեն կարող: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՊՆ Վիգեն Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում դրամահավաքի կոչով էր հանդես եկել: Օգտատերերի կողմից նախարարի կոչը միանշանակ չէր ընկալվել, Պետրոս Սարգսյան անունով օգտատերը նախարարի գրառման տակ գրել էր. «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշայության ձեւ է»: «Բոշան դու ես»,- ի պատասխան` ասել էր Վիգեն Սարգսյանը: Դատելով Էթիկայի հանձնաժողովի դանդաղկոտությունից` դժվար չէ ենթադրել, որ իրականում այդպես նպատակ կա Վիգեն Սարգսյանի դեմ ներկայացված դիմումը մոռացության տալու, ապա աննկատ, անաղմուկ մերժելու:

 

 

ԸՆԴԴԵՄ ՍԱՍ-Ի
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերության եւ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի միջեւ դատական քաշքշուկը մոտեցավ իր հանգուցալուծմանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2017 թվականի մարտի 15-ին «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դիմել է դատարան` պահանջելով, որ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ին պարտադրվի վճարել ընկերության հասանելիք գումարը: Ընդ որում, խոսքն ահռելի գումարի մասին է. պարտքը կազմում է 15 միլիոն 757 հազար 258 դրամ: Դատավոր Հայարփի Զարգարյանը մեկ տարի քննելով այս գործը` մերժեց սնանկացած «Աշտարակ կաթ» ընկերության դիմումը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ խանութներն «Աշտարակ կաթ» ընկերության առաքիչներին վճարել են ստացված ապրանքի դիմաց գումարը, վերջիններս էլ այն մուտքագրել են ընկերության դրամարկղ, բայց հետո խանութների դեմ սկսվել է հայցերի տեղատարափ, թե իբր մատակարարված ապրանքի դիմաց չեն վճարել:

 

 

ԲԼՈՏՆ ԱՄԵՆՈՒՐ Է
Փետրվարի 19-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների ուղեկցությամբ բացահայտել էր, որ վարորդների աշխատասենյակում պարբերաբար թղթախաղով են զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, որ չցանկացավ անունը հրապարակել, պատմեց, թե նման սենյակ կա նաեւ կառավարությունում. այնտեղ առաջին հարկում հատկացված սենյակում եւս բլոտ են խաղում՝ ազատ ժամերին: Մեր աղբյուրների պնդմամբ` քաղաքապետարանի սկանդալից հետո հրահանգվել է կառավարությունում եւ մյուս պետական գերատեսչություններում հնարավորինս զերծ մնալ թղթախաղից` բավարարվելով բջջային հեռախոսներում եղած խաղերով:

 

 

ԴԵՌ ՆԱԽԱԳԱՀ
ՔՊ վարչության անդամ, լրագրող Վահագն Հովակիմյանը ուշագրավ փաստ է արձանագրել. «Գագիկ Հարությունյանը դեռեւս ՍԴ նախագահ է, նրա լիազորությունները ավարտվում են մարտի 23-ին: Իսկ բարձրագույն դատական խորհուրդի նախագահի լիազորությունները նա ստանձնելու է ապրիլի 9-ից: Սա ինչու եմ ասում, որովհետեւ փորձ է արվում ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի նշանակումը անօրինական ճանապարհով առաջ գցել, որպեսզի նա ոչ թե վեց տարի, այլ ցմահ՝ մինչեւ 70 տարեկան դառնալը պաշտոնավարի: Այս գործը գլուխ բերելու համար շահագրգռված պաշտոնատար անձինք փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Գագիկ Հարությունյանի լիազորությունները այլեւս դադարել են, քանի որ նա ընտրվել է ԲԴԽ անդամ, այնուհետեւ նախագահ: Դատական նոր օրենսգիրքը, որի հիման վրա գործելու է ԲԴԽ-ը, ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից: Հարությունյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարելու են մարտի 23-ին` նրա 70 տարեկան դառնալու օրը: Իսկ ՍԴ նախագահի պաշտոնն էլ թափուր է դառնալու մարտի 24-ից: Ավելին` ՍԴ անդամի եւ նախագահի պաշտոնի թափուր լինելը պաշտոնապես պետք է ազդարարվի ՀՀ ՍԴ աշխատակարգային որոշմամբ, որն ուղարկվում է թափուր տեղում նշանակում անելու իրավասություն ունեցող պետական մարմնին՝ այս դեպքում խորհրդարանին: Դրանից հետո նոր միայն ՀՀ ԱԺ նախագահը կարող է ՍԴ նոր նախագահի նշանակման գործընթաց կազմակերպել»:

 

 

ՀԱՋՈՐԴԱԲԱՐ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` ապրիլի 15-ին տեղի է ունենալու ՀՀԿ-ի խորհրդի նիստ, որի ընթացքում պաշտոնապես հնչելու է ՀՀԿ-ի վարչապետացուի անունը: Վարչապետի թեկնածուների առաջադրումը սկսվում է ապրիլի 9-ից, ավարտվում 16-ին: ՀՀԿ-ում խորհրդի նիստի օրը որոշելիս հենց սա են հաշվի առել: Ապրիլի 15-ին տեղի է ունենալու քննարկումը, ապրիլի 16-ին մինչեւ 18:00-ն ԱԺ-ում կառաջադրեն ՀՀԿ թեկնածուին, իսկ հաջորդ օրը` ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, կանցկացվի քվեարկությունը:

 

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում նախատեսված ընտրություններից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները կակտիվանան: «Երբ համանախագահները վերջին անգամ տարածաշրջանում էին, մենք համաձայնեցինք, որ ընտրություններից հետո կշարունակենք բանակցությունները առավել ինտենսիվ ձեւաչափով»,- ասել է Էլմար Մամեդյարովը` հավելելով, որ արտգործնախարարների եւ նախագահների վերջին հանդիպումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստեղծագործ առաջարկներ են ներկայացրել` կարգավորումը մեռյալ կետից շարժելու համար:




Լրահոս